Քաղաքական

Փետրվարի 9- 15. Հաստատվեց 5-ամյա ծրագիրը, ռեժիսորը շարունակում է հացադուլը, ևս մեկ մեղադրանք Քոչարյանին

Կառավարության 5-ամյա ծրագիրն ընդունվեց

ՀՀ Ազգային ժողովը եռօրյա քննարկումներից հետո 88 կողմ, 40 դեմ ձայնով ընդունեց Կառավարության ծրագիրը։ Դեմ քվեարկեց խորհրդարանական ընդդիմությունը՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: 69 էջից բաղկացած ծրագրի 8 գլուխներում ամփոփված են Կառավարության հինգ տարվա հիմնական անելիքները։ ԱԺ-ում ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության կարևորագույն խնդիրը համարեց համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կառուցվածքի այնպիսի փոփոխությունը, որը թույլ կտա հինգ տարի հետո ունենալ տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն։

Արտաքին ու ներքին անվտանգության ապահովումը, կոռուպցիայի դեմ պայքարը, մրցունակ ու ներառական տնտեսությունը, Կառավարության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, թվայնացումն ու բարձր տեխնոլոգիաները, ռազմարդյունաբերության զարգացումն ու պետական միջոցների արդյունավետ կառավարումը ծրագրային հիմնական դրույթներն են։

Նոր մեղադրանք Ռոբերտ Քոչարյանին

Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել`  առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ:

Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարել է, որ նոր մեղադրանքը կարող է  առնչվել գործարար Սիլվա Համբարձումյանի կողմից ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը։ Համբարձումյանը իրավապահներին թեև խոստովանել է, որ ժամանակին շուրջ 2 մլն ամերիկյան դոլար է փոխանցել Քոչարյանի մտերիմ շրջապատից գործարար Սամվել Մայրապետյանին, սակայն նշել է նաև, որ անձամբ երբևէ չի հանդիպել Ռոբերտ Քոչարյանին։

Բանակից ազատման նոր կարգ

Կառավարության կողմից սահմանվել է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր կարգ: Այս փաստաթղթով, զինվորական ծառայությունից կազատվեն այն քաղաքացիները, որոնք նշանակալի ներդրումը  ունեցած կլինեն կրթության, գիտության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում: Նման որոշում ընդունվում է միմիայն կառավարության կողմից` պետական լիազոր մարմնի ներկայացմամբ:

Գումար սահմանամերձ համայնքներին

2019թ. բյուջեից մոտ 929մլն դրամ կհատկացվի սահմանամերձ 16 համայնքի: Տրամադրված գումարով մասնակիորեն կփոխհատուցվեն այդ համայնքների բնակիչների գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագները, ինչպես նաև գույքահարկը և հողի հարկը:

Ալավերդու բնակիչները փակել են երկաթգիծը

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները կրկին փակել էին  Երևան-Թբիլիսի երկաթգիծը։ Հավաքվածները Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներն են, որոնք կանգնած են գործազրկության եզրին: Նրանք պահանջում են հանդիպում վարչապետի կամ փոխվարչապետի հետ` հասկանալու թե ինչպես է հանգուցալուծվելու Ալավերդու պղնձաձուլական գործարանի հետ կապված խնդիրները: Ցուցարարների հետ հանդիպման եկած Լոռու մարզպետի հորդորները որևէ կերպ չմեղմացրին հավաքվածների վրդովմունքը:

Գործարանի աշխատանքները կասեցվել են 2018թ. հոկտեմբերի կեսերին այն բանից հետո, երբ ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից Ընկերությանը ներկայացվել է 380 մլն դրամի տուգանքի ակտ` արտանետումների համար: Տեսչական մարմինը բացի սահմանված տուգանքից գործարանի սեփականատիրոջից պահանջել էր մինչև 2018թ. վերջը 90%-ով նվազեցնել արտանետումների քանակը, ինչն ըստ սեփականատիրոջ` անհնար էր իրագործել: Արդյունքում դադարեցվեց գործարանի աշխատանքը:

Ռեժիսորը շարունակում է հացադուլը

Ռեժիսոր, «Պարալլելս ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը փետրվարի 4-ից հացադուլ է անում: Նման ծայրահեղ քայլի ռեժիսորը դիմել է Ազգային կինոկենտրոնի հետ ծագած հակասության պատճառով:  Գալստյանի պնդմամբ՝ Ազգային կինոկենտրոնը ամբողջությամբ չի վճարել «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարը: 2018-ին Ազգային կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնադրություն՝ չեղարկելով նախկինում ստանձնած պարտավորությունները՝ կապված բուլղարա-գերմանա-հայկական ֆիլմի ֆինանսավորման հետ։ Ռեժիսորը չի սահմանափակվել հացադուլով. նա նաև հայց է ներկայացրել Ազգային կինոկենտրոնի դեմ:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 15/02/2019