Քաղաքական

Փաստարկում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի արժեքը

Լուսանկարները՝ http://odkb-csto.org-ի

Հայաստանի և Բելառուսի միջև տարաձայնություններ սկսվեցին այն բանից հետո, երբ մամուլում տեղեկություններ հայտնվեցին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հանդիպման մասին, ովքեր հանդիպմանը խոսել են նաև նոյեմբերի 8-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դռնփակ նիստի ընթացքում քննարկված հարցերից: Այդ օրվա նիստի թեմաներից մեկը եղել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնում նոր նշանակման շուրջ առաջացած ՀԱՊԿ անդամ երկրների միջև տարաձայնությունները:

Ադրբեջանի և Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների միջև այս թեմայի քննարկման շուրջ իր տարակուսանքն է հայտնել պաշտոնական Երևանը, քանի որ Ադրբեջանը ՀԱՊԿ դաշնակից 6 երկրների կազմում ներառված չէ:   

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին՝ լրագրողների հետ զրույցում նշեց, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի նախագահից ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը Ադրբեջանի դեսպանի հետ քննարկելու համար.  

«Պատկերացրեք՝ ես ՀԱՊԿ անդամ չհանդիսացող որևէ օտարերկրյա դեսպանի հրավիրեմ և պատմեմ դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին: Եթե նիստը փակ է՝ դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև»,- ասել է Փաշինյանը և ավելացրել,- «Ես զարմացած եմ, որ 30 տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ, և ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից»:

Նախագահ Լուկաշենկոյի և Ադրբեջանի դեսպան Գանդիլովի հանդիպումից հետո Ադրբեջանում հանդիպեցին նաև նախագահ Իլհամ Ալիևը և Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչը։ Ինչպես նշում է ադրբեջանական աղբյուրը՝ նրանք ևս քննարկել են ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը։

Իսկ բելառուսական կողմը անպատասխան չթողեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Փաշինյանի արձագանքը: Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Անատոլի Գլազը բելառուսական tut.by լրատվական կայքին ասել է. «Ըստ երևույթին, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություն ունի: Միգուցե, դա հնարավոր էր ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի քաղաքացի Յուրի Խաչատուրովի հանդեպ: Բայց միջպետական հարաբերություններում կան արարողակարգի և էթիկայի բավական հստակ նորմեր»:

Մինչև նոյեմբերի 2-ը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն էր, ում աշխատանքային լիազորությունները դադարեցվեցին, քանի որ վերջինս Հայաստանում ներգրավված է որպես մարտի 1-ի գործով մեղադրյալ: Խաչատուրովը գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինել է Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկոլայ Բորդյուժային, որը կազմակերպության առաջին գլխավոր քարտուղարն է: Հայաստանի ներկայացուցիչը, ռոտացիոն կարգով, պետք է ստանձներ գլխավոր քարտուղարի պաշտոնը դեռևս 2015թ-ին, սակայն նրա ընտրությունը չհիմնավորված պատճառներով ձգձգվեց մինչ 2017թ. ապրիլի 2-ը:

Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նաև անդրադարձել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը: Վերջինս  ՀԱՊԿ գագաթաժողովի ավարտից հետո հայտարարել էր, որ Հայաստանն ամեն կերպ ջանում է կրկին ղեկավարել ՀԱՊԿ-ը, մինչդեռ Հայաստանի լիազորությունների ավարտին մնացել է 1,5 տարի, և Հայաստանի թեկնածուն այս ընթացքում չի հասցնի անգամ լինել անդամ պետություններում։ Նազարբաևը նաև համոզմունք էր հայտնել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պետք է ընտրվի Բելառուսի ներկայացուցիչը։

«Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորշումը հստակ արտահայտել ենք, քանի դեռ մենք գործընկերության միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի», – ասել է Փաշինյանը:

Ինչպե՞ս ընտրվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

ՀԱՊԿ  կանոնադրության համաձայն՝ գլխավոր քարտուղարն ընտրվում է 3 տարի ժամկետով: Այսինքն՝ Հայաստանը պետք է ղեկավարեր ՀԱՊԿ-ը մինչև 2020թ. հունվարի 1-ը։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքով՝ գլխավոր քարտուղար նշանակվում է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից՝ արտգործնախարարության ներկայացմամբ, այբբենական կարգով: Սակայն կանոնադրությունը չի կարգավորում գլխավոր քարտուղարի ընտրության հարցը նախորդի աշխատանքների վաղաժամկետ դադարեցման դեպքում։  

Այնուամենայնիվ, կազմակերպության պայմանագրի 9-րդ հոդվածում նշվում է. «Մասնակից պետությունների միջև սույն պայմանագրի ցանկացած դրույթի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ ծագող ցանկացած հարց կլուծվի բարեկամության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման ոգով»:

Նոյեմբերի 8-ին Աստանայում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովում անդամ-երկրների ղեկավարները նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցում ընդհանուր հայտարարի չեն եկել։

Մինչ այդ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին։ Ռուսական «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում Մնացականյանը նշել է. «Յուրի Խաչատուրովի աշխատանքային լիազորությունները վաղաժամ դադարեցրել է Հայաստանը, քանի որ իրավական խնդիրներ կային նրա անձի հետ կապված, իսկ Հայաստանն ունի ներուժ ղեկավարելու ՀԱՊԿ-ը և ավարտին հասցնելու նախատեսված ժամկետները»։

Գլխավոր քարտուղարի երրորդ հավանական թեկնածուն կարող է լինել Ռուսաստանի ներկայացուցիչ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։

Վերջինս, Риа Новости-ի փոխանցմամբ, ոչ արդյունավետ է համարում Հայաստանի թեկնածուի ընտրությունը։ Նա նշել է, որ այդպես են կարծում նաև այլ երկրների ներկայացուցիչներ: Սեմերիկովը միաժամանակ նշել է, որ, այնուամենայնիվ, ընտրությունը պետք է կայանա կոնսենսուսով՝  հաշվի առնելով անդամ պետությունների շահերը։

ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից երեք օր առաջ։

Ամփոփ Մեդիա

Փորձագետի կարծիք



Հավելյալ աղբյուրներ

  • Հայաստանը պետք է շատ կոշտ պատասխանի Լուկաշենկոյին
  • Բելառուսն իր պահվածքով ցանկանում է ասել, որ կարող են ՀԱՊԿ-ում ՀՀ-ին փոխել այլ երկրով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 19/11/2018