Ռուս սահմանապահների՝ Հայաստանից հնարավոր ամբողջական դուրսբերման հարցը հերթական անգամ դարձել է հայ-ռուսական հարաբերությունների սրացման առիթ։ Նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե առաջիկա տարիներին Հայաստանը պետք է ամբողջությամբ ստանձնի սեփական սահմանների պահպանության պատասխանատվությունը, կոշտ արձագանքել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ռուսաստանցի պատգամավորը քննադատել է Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական ուղղությունը՝ այն համեմատելով «շվեդական սեղանի» հետ։ Զատուլինի խոսքով՝ Երևանը մի կողմից սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ-ին և հրաժարվում ռուս սահմանապահների ծառայությունից (իսկ ապագայում, նրա համոզմամբ, կհրաժարվի նաև Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայից), մյուս կողմից՝ ցանկանում է պահպանել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տնտեսական արտոնությունները՝ մինչև Եվրամիությանն անդամակցելու հնարավորության առաջացումը։
«Պետությունների միջև ցանկացած ինտեգրացիա շվեդական սեղան չէ։ Պարոն Փաշինյանը, որպես ԵՄ կողմնակից, ինչպես ես եմ հասկանում, նախընտրում է շվեդական սեղանը ավանդական հայկական խոհանոցից։ Կարծում եմ՝ այդ համարը չի անցնի», – հայտարարել է Զատուլինը՝ փոխաբերական իմաստով ակնարկելով, որ Հայաստանը չի կարող ընտրողաբար օգտվել միայն տնտեսական շահերից՝ հրաժարվելով ռազմաքաղաքական դաշնակցային պարտավորություններից։
Անվտանգային ռիսկերն ու կողմերի փաստարկները
Անդրադառնալով Հայաստանի՝ սեփական սահմանները ինքնուրույն պաշտպանելու կարողությանը՝ Զատուլինը հիշատակել է 2020 թվականի պատերազմն ու 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրա պնդմամբ՝ այդ իրադարձությունները ցույց են տվել Հայաստանի անվտանգության համակարգի խոցելիությունը, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սպառնալիքները չեն վերացել՝ հաշվի առնելով նաև Իլհամ Ալիևի տարածքային հավակնություններ պարունակող հայտարարությունները։
«Նույնիսկ ռուս սահմանապահների հեռանալուց հետո Հայաստանը չի հայտնվի Ֆրանսիայի և Գերմանիայի միջև։ Այն կմնա Կովկասում՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև», – նշել է ռուսաստանցի պատգամավորը՝ ՀՀ իշխանությունների քայլերը որակելով որպես «սեփական ժողովրդի շահերի դավաճանություն»։
Հարկ է նշել, սակայն, որ պաշտոնական Երևանը հենց 2022 թվականի իրադարձություններն ու ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարումն է մատնանշում որպես անվտանգային համակարգը դիվերսիֆիկացնելու և սեփական ուժերին ապավինելու քաղաքականության գլխավոր պատճառ։
ՀՀ ո՞ր հատվածներում են շարունակում մնալ ռուս սահմանապահները
Հայաստանում ռուս սահմանապահների տեղակայումը կարգավորվում է 1992 թվականի հայ-ռուսական պայմանագրով։ Նրանք ավանդաբար մասնակցել են Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանների պահպանությանը։
2024 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ռուս սահմանապահները փուլ առ փուլ դուրս բերվեցին մի շարք առանցքային կետերից․
2024 թ․ օգոստոսի 1-ից՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, 2025 թ․ հունվարի 1-ից՝ հայ-իրանական սահմանի «Ագարակ» անցակետից, 2025 թ․ մարտի 1-ից՝ հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետից (որը փակ սահմանի պայմաններում գործում է միայն հատուկ դեպքերում, իսկ պահպանությունն ամբողջությամբ անցել է ՀՀ սահմանապահ զորքերին)։
Ներկայումս Հայաստանի բոլոր սահմանային անցակետերում անձանց մուտքի և ելքի վերահսկողությունն իրականացնում են բացառապես ՀՀ սահմանապահ զորքերը։ Այդուհանդերձ, ռուս սահմանապահները դեռևս շարունակում են ծառայությունը հայ-թուրքական և հայ-իրանական սահմանների երկայնքով։
Նոյեմբերի 26-ի ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով ռուս սահմանապահներին երկարամյա ծառայության համար, հայտարարել էր, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանն ամբողջությամբ ստանձնի իր սահմանների պահպանությունը։ Վարչապետը, սակայն, դեռևս չի հստակեցրել գործընթացի ժամկետներն ու այն սահմանահատվածները, որոնցից ռուսական ուժերը դուրս կբերվեն առաջիկայում։
Ամփոփեց Գոհար Սարգսյանը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 27/11/2026









