Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի նիստն անցել է լարված մթնոլորտում։ Իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։
Լարվածությունը սրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ, երբ նա քննադատել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքի անդամներին, մասնավորապես հիշեցնելով Կարապետյանի որդու Սարգիս Կարապետյանի սեքսիստական համարվող հայտարարությունը։
Չախոյանի հայտարարությունները հարուցել են ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը։ Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար, Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը տեղից սկսել է արձագանքել իշխանական պատգամավորի ելույթին։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատգամավորներին հորդորել է պահպանել նիստի կարգը և տեղից չարձագանքել ելույթներին։ Սակայն բանավեճը շարունակվել է, ինչից հետո իշխանական և ընդդիմադիր պատգամավորները մոտեցել են միմյանց, և նիստերի դահլիճի կենտրոնում սկսվել է քաշքշուկ, որը վերածվել է ծեծկռտուքի։
Տեսախցիկները ֆիքսեցին, թե ինչպես էին պատգամավորները սեղաններին դրված ջրի շշերը նետում իրար ուղղությամբ, ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը պատգամավորական աթոռն է նետում ընդդիմադիրների ուղղությամբ, հնչում էին հայհոյանքներ։ Ի վերջո Ռուբինյանը հայտարարեց ընդմիջումը, որը տևեց շուրջ մեկ ժամ։ Բայց բախումը շարունակվեց միջանցքներում։ Կրքերը հանդարտվեցին միայն կողմերի միջև անվտանգության աշխատակիցների կենդանի պատնեշ կազմելուց հետո։
Փոխադարձ մեղադրանքներ ծեծկռտուքից հետո
Նիստը վերսկսվելուց հետո Ռուբեն Ռուբինյանը մեղադրեց Նարեկ Կարապետյանին՝ պնդելով, թե Չախոյանը «ոչ մի վիրավորական բառ» չի ասել, առաջինը հարվածել է Գառնիկ Դավթյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում դատապարտեց բռնությունը, սակայն ըստ էության աջակցեց իր խմբակցության գործողություններին ու պատասխանատվությունն ամբողջությամբ դրեց ընդդիմության վրա։ Աթոռ նետելու մասին նա ասաց, որ դա «համաչափ է և ճիշտ»։
Նարեկ Կարապետյանը դեպքը ԱԺ ամբիոնից որակեց պառլամենտարիզմի սովորական երևույթ ու տղայական հայկական նորմալ կռիվ։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտեց դեպքը և պահանջեց օրենքով սահմանված կարգով հետաքննություն։
Բայց հիշեցնենք, որ սա առաջին նման միջադեպը չէ ընդամենը մի քանի ամիս առաջ ձևավորված 9-րդ գումարման ԱԺ-ում. հոկտեմբերի 6-ին պատգամավորների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Էդգար Ղազարյանը խոսնակին մեղադրել էր պետական միջոցների յուրացման մեջ։
Նույն միջադեպը՝ տարբեր շեշտադրումներով․ ինչ առանձնացրեց հարևան երկրների մամուլը
Ադրբեջան. Բաքվի լրատվամիջոցները հիմնականում սահմանափակվել են կարճ, փաստացի հաղորդագրություններով՝ հղում անելով հայկական աղբյուրներին։ APA-ն հաղորդել է զանգվածային ծեծկռտուքի մասին՝ այն կապելով Չախոյանի ելույթի հետ (սակայն նյութին կցել է մի քանի տարի առաջ ԱԺ-ում նմանատիպ մեկ այլ միջադեպի նկար), իսկ հետո մանրամասն հրապարակել է Փաշինյանի հայտարարությունը։ News.az-ը՝ Sputnik Armenia-ին հղումով, գրել է, որ պատգամավորները հարվածներ են հասցրել և շշեր նետել։ Վերլուծական կամ խմբագրական գնահատականներ չեն տրվել։
Թուրքիա. Լուսաբանումը լայն է, տոները՝ տարբեր։ Son Dakika-ն հաղորդել է շտապօգնության ժամանման և նիստի ընդհատման մասին։ Yeniçağ-ը հիշեցրել է հոկտեմբերի սկզբի նմանատիպ միջադեպի մասին։ Yeni Akit-ն իր վերնագրում ծեծկռտուքը ծաղրաբար համեմատել է բռնցքամարտի հետ։ Թուրքերեն հրապարակող Ermenihaber.am-ը մանրամասնել է, թե ինչպես է նախագահողը հրաժարվել ընդմիջում հայտարարել։
Ռուսաստան. Meduza-ն ընդգծել է, որ փոխխոսնակը աթոռ է նետել, իսկ Ռուբինյանը հրաժարվել է դադարեցնել հեռարձակումը։ Izvestia-ն նշել է, որ ուղիղ եթերը ընթանում էր խորհրդարանի յութուբյան ալիքով, իսկ անվտանգության աշխատակիցները միջանցքում շարվել են երկու շարքով։ Kavkaz Online-ը վկայակոչել է Ռուբինյանի տեղեկությունը, թե «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների օգնականները միջանցքում հարձակվել են պատգամավորների վրա։
Իրան. Իրանական լրատվամիջոցները, ըստ երևույթին Fars-ի հաղորդագրությունը վերարտադրելով, խորհրդարանը անվանել են «բռնցքամարտի ռինգ»։ Eghtesad Online-ն ընդգծել է, որ դա տեղի է ունեցել «Թրամփի ուղու» համաձայնագրի վավերացումից մեկ օր անց։ «Դանեշջու» (SNN)-ն գրել է, որ վեճը սկսվել է, երբ իշխանական պատգամավորը ծաղրել է Նարեկ Կարապետյանի ընտանիքը։ Վերնագրում Fars-ն այն անվանել է «ընտանեկան վեճ» (Bartarinha/Fars)։

Վրաստան. Ամենամանրամասն նյութը Վրաստանում հիմնված OC Media-ինն է, որի համաձայն սա նոր խորհրդարանի ամենաբռնի միջադեպն է հունիսյան ընտրություններից հետո։ Վրացերեն լրատվամիջոցներում այսօրվա դեպքի մասին գրել է Interpressnews-ը՝ հղում տալով Արմենպրեսին։ Այն դեպքը կապում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության քննարկման հետ, և գրում է, որ Չախոյանը Նարեկ Կարապետյանին դիմելիս նշել է, թե վերջինի զարմիկը դեռ ներողություն չի խնդրել ընտրություններից առաջ կանանց կարիքների համար առանձին նախարարություն ստեղծելու մասին արտահայտության համար։ Նույն օրվա մամուլի տեսության մեջ հիշատակված է «Թրամփի ուղու» համաձայնագրին Հայաստանի խորհրդարանի աջակցությունը։
Տարածաշրջանից դուրս․ ուղիղ եթերի կադրերից մինչև քաղաքական համատեքստ
Ուկրաինական UNN-ը շեշտ է դրել ընթացող ուղիղ եթերի և նիստը վարող Ռուբեն Ռուբինյանի վրա, որը հրաժարվել էր դադարեցնել նիստը։ Մեկ այլ ուկրաինական լրատվամիջոց՝ 24TV-ն, ուշադրություն է հրավիրել Չախոյանի քննադատությանը՝ «Ուժեղ Հայաստանի» նախընտրական քարոզարշավի հանդեպ, RBC-Ukraine-ը՝ նիստի 40 րոպեանոց ընդհատման, իսկ sud.ua-ն՝ News.am-ին հղումով, աթոռների կիրառման։ Կենտրոնական Ասիայում միջադեպի լուսաբանումը բավարարվել է կարճ վերահրապարակումներով. Ղրղզական 24.kg-ն հիմնվել է News.am-ի, ղազախական Nur.kz-ն՝ «Իզվեստիայի» վրա։
Ամենալայն համատեքստային նյութը միջազգային IntelliNews-ինն է։ Լրատվամիջոցը ծեծկռտուքը լուսաբանել է կոռուպցիայի բանավեճի շուրջ, և նշել, որ Նարեկ Կարապետյանը կալանավորված բիզնեսմեն Սամվել Կարապետյանի զարմիկն է։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 10-ին ձայների մեծամասնությամբ ընդունվեց էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, որի կարևորության մասին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը ասել էր հետևյալը․ «Ինքնին այն փաստը, որ պատգամավորները գիտեն՝ կա էթիկայի հանձնաժողով, և եթե իրենք խախտեն էթիկայի կանոնները, համապատասխան դիմում կլինի, արդեն կարող է հանրային ճնշման գործոն դառնալ։ Լրագրողների ակնկալվող ուշադրությունը և հանրային գնահատականը կարող են օգնել մեզ բարեկրթության օրակարգի հարցում»։
Ամփոփեց Դերենիկ Խաչատրյանը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 30/10/2026










