Մեր մասին Էթիկա











Տնտեսություն • Քաղաքական

Լատվիա հասած թեյը կանաչ էր, բայց հայկական չէր․ Լատվիան ուղղեց սխալը, իսկ հայկական աղբյուրները՝ ոչ

Լատվիայի պաշտոնական հաղորդագրությունում սխալմամբ Հայաստանը նշվել էր որպես կանաչ թեյի խմբաքանակի ծագման երկիր։ Իրականում թեյը չինական ծագում ուներ և Լատվիա էր ներմուծվել Ուզբեկստանից։ Մինչ սխալը կուղղվեր, այն տարածվել էր հայկական լրատվամիջոցներում և Telegram ալիքներում՝ դարձնելով Հայաստանի սննդամթերքի անվտանգության համակարգի և ԵՄ շուկայի մասին ավելի լայն պնդումների համար հիմք։

Հոկտեմբերի 18-ից հայկական լրատվամիջոցներում (1, 2, 3) և Telegram ալիքներում տեղեկություններ տարածվեցին, թե Լատվիան արգելել է հայկական ծագման կանաչ թեյի ներմուծումը՝ խմբաքանակում Եվրամիությունում արգելված և թույլատրելի սահմանաչափերը գերազանցող թունաքիմիկատներ հայտնաբերելու պատճառով։

Որոշ հրապարակումներ այդ տեղեկությունից ավելի լայն եզրակացություններ էին անում՝ կասկածի տակ դնելով Հայաստանի սննդամթերքի անվտանգության վերահսկողությունը կամ պնդելով, թե Եվրամիությունը, Ռուսաստանի նման, խոչընդոտներ է ստեղծում հայկական արտադրանքի համար։

Սակայն սկզբնական տեղեկության առանցքային մասը սխալ էր։

Ի՞նչ էր հաղորդել Լատվիան

Հոկտեմբերի 14-ին Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայությունը հայտնել էր, որ լաբորատոր փորձաքննությամբ կանաչ թեյի խմբաքանակում հայտնաբերվել են ԵՄ պահանջներին չհամապատասխանող թունաքիմիկատների մնացորդներ։

Հաղորդագրության համաձայն՝ հայտնաբերվել էր ԵՄ-ում արգելված տոլֆենպիրադ, իսկ լյամբդա-ցիհալոտրինի և թիամեթոքսամի պարունակությունը գերազանցել էր թույլատրելի մակարդակները։

Սկզբնական հաղորդագրությունում թեյի ծագման երկիր նշվել էր Հայաստանը։

Հենց այս տեղեկությունն էլ հետագայում տարածվել էր հայկական լրատվամիջոցներում ու սոցիալական հարթակներում։

Ի՞նչ ցույց տվեց ստուգումը

Եվրահանձնաժողովի Սննդամթերքի և կերի արագ ահազանգման համակարգում՝ RASFF-ում, նույն դեպքի վերաբերյալ 2026.9014 համարով ծանուցման մեջ թեյի ծագման երկիր նշված էր Չինաստանը, ոչ թե Հայաստանը։

RASFF-ում նշված էին նույն երեք թունաքիմիկատները, որոնց մասին հաղորդել էր նաև Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայությունը։ Այսինքն՝ անհամապատասխանությունը վերաբերում էր ոչ թե լաբորատոր արդյունքներին, այլ արտադրանքի ծագման երկրին։

CivilNetCheck-ը կապվել էր Լատվիայի պատասխանատու գերատեսչության հետ և ստացել պարզաբանում, որ սկզբնական հաղորդագրությունում սխալ է թույլ տրվել։ Իրականում թեյը չինական ծագում ուներ և Լատվիա էր ներմուծվել Ուզբեկստանից։

Լատվիայի ծառայությունն ավելի ուշ ուղղել է իր հրապարակումը։

Ինչպե՞ս պաշտոնական սխալը դարձավ ավելի լայն պատմության հիմք

Մինչ ուղղումը կհրապարակվեր, սկզբնական տեղեկությունն արդեն շրջանառվում էր Telegram ալիքներում։

Մի դեպքում այն ներկայացվում էր որպես հայկական արտադրանքի՝ ԵՄ շուկա մուտք գործելու «առաջին խոչընդոտ»։

Մյուս հրապարակումներում դեպքը համեմատվում էր Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ նախկինում կիրառված սահմանափակումների հետ և ներկայացվում որպես ապացույց, թե Եվրամիությունն էլ բուսասանիտարական պահանջներն օգտագործում է հայկական արտահանումը սահմանափակելու համար։

Մեկ այլ հրապարակում արդեն հարցականի տակ էր դնում Հայաստանի սննդամթերքի անվտանգության և որակի վերահսկողության համակարգը՝ պնդելով, որ եվրոպական կարգավորող մարմինները ևս խնդիրներ են հայտնաբերում հայկական արտադրանքի դեպքում։

Բայց այս բոլոր եզրակացությունների սկզբնական հիմքը նույն սխալ տեղեկությունն էր՝ տվյալ խմբաքանակը հայկական ծագման չէր։

Հետևաբար այս դեպքը չէր կարող ինքնին ապացույց լինել ոչ Հայաստանի արտադրանքի որակի, ոչ տեղական վերահսկողության համակարգի, ոչ էլ ԵՄ-ի՝ հայկական արտահանման նկատմամբ քաղաքական վերաբերմունքի վերաբերյալ։

Ի՞նչ էր հայտնել ՍԱՏՄ-ն

Հոկտեմբերի 19-ին Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր, որ վերահսկողության շրջանակում նմուշառում է կատարել ոչ հայկական ծագման կանաչ թեյի խմբաքանակից և այն ուղարկել լաբորատոր փորձաքննության։

Ավելի ուշ ՍԱՏՄ-ն, հղում անելով Լատվիայի պաշտոնական կայքում կատարված ուղղմանը, վերահաստատել էր, որ խմբաքանակի՝ Հայաստանից ծագելու մասին սկզբնական տեղեկությունը սխալ էր։

Իսկ Հայաստանում կանաչ թեյ արտադրվո՞ւմ է

Այս պատմության համատեքստում կարևոր է տարբերակել կանաչ թեյը Հայաստանում արտադրվող բուսական թեյերից։

Ավանդական կանաչ թեյը պատրաստվում է Camellia sinensis բույսի տերևներից։ Հայաստանում «թեյ» անվանվող արտադրանքի զգալի մասը բուսական թեյ է՝ պատրաստված ուրցից, դաղձից, երիցուկից, մասուրից և այլ տեղական բույսերից։

«Eastern Partnership: Ready to Trade» ծրագրի 2019 թվականի զեկույցում նշվում էր, որ Հայաստանում ավանդական սև և կանաչ թեյ չեն արտադրում՝ կլիմայական պայմանների պատճառով։ Միևնույն ժամանակ Հայաստանում գործող ընկերությունները կարող են ներմուծված թեյ փաթեթավորել կամ վերարտահանել։

Բացի այդ Վիճակագրական կոմիտեի 2025-ի  գյուղատնտեսական տեղեկագրերում թեյի տնկարկներ գրանցված չեն։

Հետևաբար արտադրության, փաթեթավորման, արտահանման և ծագման երկրները նույն հասկացությունները չեն։

Տվյալ դեպքում, սակայն, այդ հարցն անգամ որոշիչ չէ․ Լատվիայի պաշտոնական մարմինն արդեն ուղղել է իր հաղորդագրությունը և թեյի ծագման երկիր նշել Չինաստանը։

Ամփոփեց Գոհար Սարգսյանը

#փաստացի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 22/10/2026