Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 2-ին Բաքվում՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության 8-րդ համագումարում ունեցած ելույթում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, խաղաղության գործընթացին, նախորդ պատերազմներին և տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։
Հայաստանի և խաղաղության պայմանագրի մասին
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ներկայում պատերազմ չկա, սահմաններին իրավիճակը հանգիստ է, իսկ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև արդեն շփումներ են տեղի ունենում, այդ թվում՝ առևտրային հարաբերություններ։
Միաժամանակ Ադրբեջանի նախագահը նշել է, որ նույնիսկ խաղաղության հաստատումից հետո Ադրբեջանը պետք է շարունակի ուժեղացնել ռազմական կարողությունները։
«Մենք պետք է ամեն օր պատրաստ լինենք պատասխանելու ցանկացած ռազմական սադրանքի։ Մենք պետք է այնպիսի ուժ ունենանք, և մենք դրան հասնում ենք, որ ոչ ոք նույնիսկ չմտածի Ադրբեջանի դեմ որևէ սադրանք իրականացնելու մասին»։
Նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանի հաջորդ տարվա պետական բյուջեում ռազմական և անվտանգության նպատակների համար նախատեսվում է մոտ 9 միլիարդ մանաթ (1 տրիլիոն 918 միլիարդ դրամ):
2020 և 2023 թվականների պատերազմների մասին
Ելույթի մեկ այլ հատվածում Ալիևը խոսել է 2020 թվականի պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների մասին։ Նա նշել է, որ Ադրբեջանը երկու դեպքում էլ ճիշտ ժամանակին է դադարեցրել ռազմական գործողությունները։
«Մենք կարող ենք մեր օրինակով տեսնել, որ հնարավոր է միայնակ հաղթել թշնամուն, թելադրել նրան սեփական պայմանները, ստիպել նրան ստորագրել կապիտուլյացիայի ակտ՝ 30 տարվա դժվարություններից հետո, և հետո ճիշտ ժամանակին կանգ առնել, որպեսզի այլևս արյուն չթափվի»։
Ալիևը ռազմական գործողությունների հնարավոր ծավալի մասին խոսելիս անդրադարձել է նաև Երևանին։
«Եթե մենք տրվեինք զգացմունքներին, այսօր Երևանի կենտրոնում, հավանաբար, երրորդ Հաղթանակի կամարն էր կանգնած լինելու»։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում ունեցել է նաև այլ հնարավորություններ, սակայն որոշել է կանգ առնել։
Ելույթի տնտեսական և զարգացման հատվածում Ալիևը խոսել է Ղարաբաղի և «Արևելյան Զանգեզուրի» (նկատի ունենալով Քելբաջարի, Լաչինի, Գուբադլիի, Զանգիլանի և Ջաբրայիլի շրջանները) վերականգնման մասին` երկրի հիմնական խնդիրներից մեկը համարելով Ղարաբաղի և «Արևելյան Զանգեզուրի» վերականգնումը։
Նա հայտնել է, որ իր ստացած վերջին տվյալների համաձայն՝ Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» ներկայում ապրում, աշխատում և սովորում է 96 հազար մարդ, իսկ այդ տարածքների զարգացման համար Ադրբեջանը մինչ այժմ հատկացրել է 28 միլիարդ մանաթ։
Նա նաև ասել է, որ նախկին ներքին տեղահանվածներն արդեն բնակություն են հաստատել 48 բնակավայրերում, և «Մեծ վերադարձի» գործընթացը առաջիկա տարիներին կշարունակվի։
Ամփոփեց Սեդա Մարտոյանը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 04/10/2026









