Մոլդովայում սեպտեմբերի 26-ից 60 օրով արտակարգ դրություն է սահմանվել էներգետիկայի և ջրային ռեսուրսների ոլորտներում։ Որոշումը խորհրդարանն ընդունել է սեպտեմբերի 22-ին՝ կառավարության առաջարկով։
Թեև իշխանությունները հայտարարում են, որ երկիրն այս պահին ապահովված է էլեկտրաէներգիայով, վառելիքով և ջրով, միաժամանակ զգուշացնում են մատակարարումների հնարավոր խափանումների մասին։ Դրանց հավանականությունը, ըստ պաշտոնական հայտարարությունների, մեծացել է տարածաշրջանային զարգացումների, միջազգային էներգետիկ շուկաների անկայունության և Դնեստր ու Պրուտ գետերի ջրի մակարդակի նվազման հետևանքով։
Նոր ռեժիմը հնարավորություն է տալիս իշխանություններին անհրաժեշտության դեպքում սահմանափակել էլեկտրաէներգիայի արտահանումը, արագացնել վառելիքի ներմուծումը, ապահովել կարևորագույն ենթակառուցվածքների առաջնահերթ սպասարկումը և սահմանափակել ջրի որոշ օգտագործումները։
Ինչու է Մոլդովան արտակարգ դրություն սահմանել
Մոլդովայի կառավարությունը նշում է միաժամանակ առաջացած մի քանի ռիսկ՝ էներգակիրների միջազգային գների աճ, էլեկտրաէներգիայի ներմուծումից մեծ կախվածություն, վառելիքի մատակարարման հնարավոր դժվարություններ և ջրային ռեսուրսների պակաս։

Երկիրը պատրաստվում է ձմռանը, երբ էլեկտրաէներգիայի և գազի պահանջարկը սովորաբար մեծանում է։ Այս պայմաններում մատակարարման մեկ շղթայում առաջացած խափանումը կարող է ազդեցություն ունենալ նաև մյուսների վրա։
Էներգետիկայի և ջրամատակարարման խնդիրները փոխկապակցված են. ջրառի, պոմպակայանների և ջրի մաքրման համակարգերի աշխատանքն էլեկտրաէներգիա է պահանջում, մինչդեռ երաշտը և գետերում ջրի մակարդակի նվազումը կարող են սահմանափակել հիդրոէներգիայի արտադրությունը։
Կառավարության բացատրությամբ՝ արտակարգ դրության նպատակն այդ ռիսկերին արձագանքելու իրավական և գործնական մեխանիզմներ ունենալն է՝ նախքան դրանք բնակչության համար իրական խափանումների վերածվելը։
Ձմռանը էլեկտրաէներգիայի շուրջ 59%-ը պետք է ներմուծվի
Մոլդովայի էներգետիկ համակարգի հիմնական խոցելիություններից մեկն էլեկտրաէներգիայի ներմուծումից կախվածությունն է։
Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ առաջիկա ձմռանը երկիրը պետք է ներմուծման միջոցով ապահովի էլեկտրաէներգիայի պահանջարկի շուրջ 59%-ը։ Առավելագույն սպառման ժամերին անհրաժեշտ ներմուծման հզորությունը կարող է հասնել 400–450 ՄՎտ-ի, մինչդեռ երաշխավորված հզորությունը շուրջ 360 ՄՎտ է։
Մնացած պահանջարկը նախատեսվում է ապահովել տարածաշրջանում հասանելի լրացուցիչ հզորություններով, որոնց վրա, սակայն, Մոլդովան չի կարող մշտապես հույս դնել։
Արտակարգ դրության ընթացքում՝ ժամը 18։00-ից 22։00-ն, հասանելի էլեկտրաէներգիան առաջնահերթ կուղղվի երկրի ներքին սպառմանը։ Անհրաժեշտության դեպքում կսահմանափակվի արտահանումը։
Եթե առաջանա պակասուրդ, որը հնարավոր չլինի լրացնել սովորական առևտրային գնումներով, Մոլդովայի էլեկտրահաղորդման համակարգի օպերատորը կարող է շտապ օգնություն խնդրել հարևան երկրների էներգահամակարգերից։
Առաջնահերթ էլեկտրամատակարարում կապահովվի հիվանդանոցներին, շտապ օգնության ծառայություններին, ջրառի և ջրամղման կայաններին, ինչպես նաև կենսական նշանակության այլ ենթակառուցվածքներին։ Անհրաժեշտության դեպքում ջերմաէլեկտրակայանները կարող են տեխնիկական հնարավորությունների սահմաններում ավելացնել արտադրությունը։
Պետական հիմնարկներն ու բիզնեսը պետք է կրճատեն սպառումը
Սեպտեմբերի 26-ից Մոլդովայում գործում են էլեկտրաէներգիայի սպառման կրճատման միջոցառումներ, հատկապես առավոտյան ժամը 06։00–09։00-ն և երեկոյան՝ 18։00–22։00-ն։
Պետական շենքերում և առևտրային հաստատություններում, որտեղ հնարավոր է, ներքին լուսավորությունը պետք է կրճատվի առնվազն 30%-ով։ Դեկորատիվ, ճարտարապետական և գովազդային լուսավորությունը կանջատվի։
Մեծ ծավալի էլեկտրաէներգիա սպառող ձեռնարկություններին առաջարկվում է էներգատար աշխատանքները տեղափոխել ոչ պիկ ժամեր։ Այս միջոցառումների նպատակը ցանցի ծանրաբեռնվածությունը նվազեցնելն ու ներմուծվող էլեկտրաէներգիայի հնարավոր պակասուրդը կանխելն է։
Միաժամանակ կարագացվեն արևային և հողմային կայանների, ինչպես նաև էներգիայի կուտակման համակարգերի միացման ու շահագործման ընթացակարգերը։
Գազի ավելի քան 90%-ն արդեն պայմանավորված է. խնդիրն արժեքն է
Բնական գազի մասով Մոլդովայի իշխանություններն այս պահին անմիջական պակասուրդ չեն կանխատեսում։ Էներգետիկայի նախարարության տեղեկացմամբ՝ ցուրտ եղանակի համար անհրաժեշտ գազի ավելի քան 90%-ի մատակարարումն արդեն ապահովված է պայմանագրերով։
Սակայն դա չի նշանակում, որ երկիրը պաշտպանված է գնային ռիսկերից։
Միջազգային շուկաներում գազի գների աճի պայմաններում գազի գնումներն ու պարտադիր պաշարների համալրումը կարող են կարճ ժամանակում մեծ ֆինանսական միջոցներ պահանջել։
Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանը ռիսկերի թվում նշել է նաև Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը, գազի փոխադրման որոշ ենթակառուցվածքների վնասումը և հեղուկացված բնական գազի արտահանման հնարավորությունների նվազումը։

Ռուսական գազից հրաժարվելը կապ ունի՞ ներկայիս ճգնաժամի հետ
Մոլդովան վերջին տարիներին էապես փոխել է իր էներգամատակարարման համակարգը։
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ 2022 թվականին Մոլդովան դադարեցրել է ռուսական գազից իր պատմական կախվածությունը՝ անցնելով մատակարարման այլընտրանքային աղբյուրների։ Սակայն էլեկտրաէներգիայի ոլորտում դեռ պահպանվում էր անուղղակի կախվածությունը Ռուսաստանից. երկրի էլեկտրաէներգիայի զգալի մասը ստացվում էր Մերձդնեստրում գտնվող էլեկտրակայանից, որն աշխատում էր ռուսական գազով։
2025 թվականի հունվարի 1-ին «Գազպրոմը» դադարեցրեց գազի մատակարարումը Մերձդնեստրին։ Դա խափանեց նաև այդ էլեկտրակայանից Մոլդովայի՝ կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներ էլեկտրաէներգիայի մատակարարման նախկին համակարգը։
Եվրամիության աջակցությամբ Մոլդովան անցավ էլեկտրաէներգիայի այլ աղբյուրների՝ ավելացնելով եվրոպական շուկայից ներմուծումն ու վերականգնվող էներգիայի տեղական արտադրությունը։
Վառելիքի արտահանումը կսահմանափակվի, ներմուծումը կարագացվի
Արտակարգ դրության ընթացքում նախատեսված են միջոցառումներ նաև բենզինի և դիզելային վառելիքի բավարար պաշարներ պահպանելու համար։
Մոլդովայի Ջուրջուլեշտի միակ նավահանգստից, որն ապահովում է երկրի ելքը դեպի Սև ծով, բենզինի և դիզելային վառելիքի արտահանումն ու վերաարտահանումը կթույլատրվեն միայն այն ծավալների հաշվին, որոնք գերազանցում են սահմանված նվազագույն պաշարները՝ 2500 տոննա բենզին և 7500 տոննա դիզելային վառելիք։ Որոշմամբ նախատեսված են նաև բացառություններ, այդ թվում՝ Ուկրաինա որոշ մատակարարումների համար։
Վառելիք տեղափոխող բեռնատարների համար սահմանային անցակետերում կհատկացվեն առանձին երթևեկելի գոտիներ։ Երկաթուղով տեղափոխվող նավթամթերքի բեռները նույնպես առաջնահերթություն կստանան։
Ավելորդ գնումների և արհեստական պակասուրդի առաջացումը կանխելու նպատակով կսահմանափակվի տարաներով վաճառվող դիզելային վառելիքի ծավալը։ Բենզալցակայաններում, ավտոմեքենայի բաքը լիցքավորելուց բացի, սովորական տարաներով թույլատրվում է գնել առավելագույնը 40 լիտր դիզելային վառելիք։ Գյուղատնտեսական տեխնիկայի համար նախատեսված հատուկ շարժական տարաների դեպքում սահմանաչափը 100 լիտր է։
Քանի դեռ բենզալցակայանում առկա է սովորական դիզելային վառելիք, այն պետք է վաճառվի կարգավորվող գնով։ Ավելի թանկ այլընտրանքային տեսակները չեն կարող օգտագործվել սովորական վառելիքի վաճառքը փոխարինելու համար։
Դնեստրի և Պրուտի ջրի պակասը՝ առանձին ճգնաժամ
Մոլդովայի իշխանությունները լուրջ խնդիրներ են արձանագրում նաև ջրային ռեսուրսների ոլորտում։
Դնեստր և Պրուտ գետերի ջրի մակարդակի նվազումը կարող է վտանգել ջրառի կայանների աշխատանքը և, հետևաբար, բնակչության խմելու ջրի մատակարարումը։
Դնեստրի ավազանում իրավիճակը հատկապես մտահոգիչ է։ Մոլդովայի իշխանությունների ներկայացրած տվյալներով՝ Ուկրաինայում գտնվող Նովոդնեստրովսկի ջրամբար վերջին շաբաթներին միջինում մուտք է գործել վայրկյանում շուրջ 23 խորանարդ մետր ջուր, մինչդեռ անհրաժեշտ նվազագույն մակարդակը շուրջ 60 խորանարդ մետր է։
Հանրային համակարգերի խմելու ջուրը և մակերևութային աղբյուրներից ստացվող ջուրը չի թույլատրվի օգտագործել ոչ առաջնահերթ նպատակներով՝ սիզամարգերի ու դեկորատիվ կանաչ տարածքների ոռոգման, փողոցների, բակերի և շենքերի արտաքին մակերեսների լվացման, լողավազանների լցման և նմանատիպ աշխատանքների համար։
Ջրամատակարարման առաջնահերթություն կունենան բնակչությունը, հիվանդանոցները, սոցիալական հաստատությունները, դպրոցները, արտակարգ ծառայությունները և կենսական նշանակության ենթակառուցվածքները։
Ջրամատակարարման օպերատորներն ու տեղական իշխանությունները պետք է պատրաստ լինեն ջրի հասանելիության նվազման տարբեր սցենարների, այդ թվում՝ 10%, 20% և 30% կրճատումների։ Եթե որևէ բնակավայրում կենտրոնացված ջրամատակարարումը խափանվի, նախատեսվում է կազմակերպել ջրի տեղափոխում։
Որպես պահուստային աղբյուրներ կարող են օգտագործվել ստուգված արտեզյան հորերը և ստորգետնյա այլ ջրաղբյուրներ։ Նախատեսված է պատրաստ պահել նաև բարձր հզորության պոմպեր։
Միջոցառումները նախատեսված են 60-օրյա արտակարգ դրության շրջանակում։ Դրանց անհրաժեշտությունն ու կիրառման ծավալները կախված կլինեն մատակարարման և ջրային ռեսուրսների փաստացի վիճակից։
Նյութը պատրաստվել է մոլդովական ԶԼՄ-ների հոդվածների և պետական գերատեսչությունների բաց տվյալների հիման վրա։
Սուրեն Դեհերյան
Ամփոփ Մեդիայի գլխավոր խմբագիր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 27/09/2026










