Մեր մասին Էթիկա
Քաղաքական

Արծվաշենն ու Տիգրանաշենը․ ինչպես է անկլավների հարցը ներկայացվում ադրբեջանական մեդիայում

Aliyev and Pashinyan, Tirana, 16.05.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների հարցի գործնական լուծման շուրջ այս պահին պայմանավորվածություն չկա։ Մինչ բանակցությունները շարունակվում են, նույն տարածքները երկու երկրների տեղեկատվական դաշտերում հաճախ ներկայացվում են տարբեր բառամթերքով՝ մի դեպքում որպես վերադարձի ենթակա տարածքներ, մյուս դեպքում՝ որպես հայկական կողմի «պահանջ» կամ «դիրքորոշում»։

Վերջերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավների և էքսկլավների հարցին՝ հայտարարելով, որ դրանց գործնական լուծման վերաբերյալ այս պահին որևէ պայմանավորվածություն չկա։

Միաժամանակ նա կրկնեց Հայաստանի կառավարության դիրքորոշումը, ըստ որի՝ Հայաստանի 29,743 քառակուսի կիլոմետր տարածքի հաշվարկում Արծվաշենը ներառված է, իսկ խորհրդային շրջանում Ադրբեջանական ԽՍՀ-ին պատկանած էքսկլավները՝ ոչ։ Փաշինյանը նաև առանձնացրեց փաստի արձանագրումն ու տեղում լուծում գտնելը՝ նշելով, որ դրանք տարբեր հարցեր են։

Անկլավների հարցը վերջին ամիսներին պարբերաբար հայտնվում է Հայաստանի քաղաքական և հասարակական քննարկումների կենտրոնում։ Մայիսին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի կարող հրաժարվել այս թեմայից, քանի որ ունի նաև իր չլուծված հարցը՝ Արծվաշենը։

Բայց այս թեմային անդրադառնալիս նույնիսկ օգտագործվող բառամթերքն է կարևոր, ինչի մասին էլ կխոսենք այստեղ։

Անկլա՞վ, թե՞ էքսկլավ

Անկլավը տարածք է, որն ամբողջությամբ շրջապատված է մեկ այլ պետության տարածքով։ Էքսկլավը պետության հիմնական տարածքից առանձնացած հատվածն է, որը ցամաքային կապ չունի պետության հիմնական տարածքի հետ։

Այսինքն՝ նույն տարածքը կարող է իր պետության տեսանկյունից լինել էքսկլավ, իսկ այն շրջապատող պետության տարածքում՝ անկլավ։

Այս նյութում բնակավայրերն առաջին անգամ հիշատակելիս օգտագործում ենք Հայաստանում կիրառվող անվանումը, իսկ փակագծերում նշում՝ ինչպես են դրանք անվանվում ադրբեջանական աղբյուրներում․

Տիգրանաշեն (ադրբեջանական աղբյուրներում՝ Քյարքի/Kərki)
Արծվաշեն (ադրբեջանական աղբյուրներում՝ Բաշքենդ/Başkənd)

Հետագայում օգտագործում ենք հայկական անվանումները, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացնում ենք ադրբեջանական աղբյուրների բառամթերքը։

Ո՞ր տարածքների մասին է խոսքը

Ադրբեջանական մեդիայում սովորաբար հիշատակվում են չորս էքսկլավային բնակավայրեր՝ Քյարքին՝ Տիգրանաշենը, Յուխարի Ասկիպարան՝ Վերին Ոսկեպարը, Սոֆուլուն և Բարխուդարլուն։ Modern.az-ը, օրինակ, մայիսի հրապարակման մեջ դրանք ներկայացնում է որպես «մեր չորս անկլավներ», որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ։

Հայաստանի կառավարության դիրքորոշումը հիմնվում է այն մոտեցման վրա, որ սահմանազատման հիմքը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է և Հայկական ու Ադրբեջանական ԽՍՀ-ների համապատասխան իրավական սահմանները։ Փաշինյանը սեպտեմբերին կրկին հայտարարել է, որ այդ տրամաբանությամբ Հայաստանի 29,743 քկմ տարածքի մեջ Արծվաշենը ներառվում է, իսկ խորհրդային ժամանակաշրջանի ադրբեջանական էքսկլավները՝ ոչ։

Այստեղ կարևոր է տարբերակել երկու բան․ տարածքի իրավական պատկանելիության վերաբերյալ կողմի դիրքորոշումը և դրա փաստացի վերահսկողությունը նույնը չեն։ Իսկ գետնի վրա սահմանների վերջնական վերարտադրումը պետք է իրականացվի սահմանազատման գործընթացում։

Իսկ ի՞նչ է հայտնի Արծվաշենի մասին

Արծվաշենը 1990-ականների սկզբից գտնվում է Ադրբեջանի փաստացի վերահսկողության տակ։ Հայաստանի կառավարության դիրքորոշմամբ՝ այն նախկին Հայկական ԽՍՀ տարածքի մաս է, և դրա սահմանները պետք է վերարտադրվեն իրավական հիմքեր ունեցող փաստաթղթերի հիման վրա։ Փաշինյանը դեռ 2024-ին ընդգծել էր, որ Արծվաշենի տարածքը որոշելու համար անհրաժեշտ է դրա սահմանը վերարտադրել իրավական փաստաթղթերով, ապա բանակցություններով գտնել գործնական լուծում։

Արծվաշենի վարչատարածքային պատմության մասին կան նաև խորհրդային շրջանի քարտեզագրական նյութեր։ 1927 թվականին Հայաստանում հրատարակված քարտեզում, օրինակ, Արծվաշենը դեռ ներկայացված է Հայկական ԽՍՀ հիմնական տարածքի հետ ցամաքային կապով։

Սակայն նման պատմական քարտեզները կարևոր են որպես քարտեզագրական և պատմական համատեքստ, ոչ թե որպես ներկայիս պետական սահմանի իրավական կարգավիճակն ինքնուրույն որոշող ապացույց։ Ներկայիս սահմանազատման պաշտոնական գործընթացը կողմերը կապում են 1991 թվականի սահմանների իրավական հիմքերի հետ։

Փոխանակումը առայժմ քննարկված տարբերակ է, ոչ համաձայնեցված լուծում

Հայաստանում անկլավների թեման հաճախ քննարկվում է նաև Արծվաշենի և ադրբեջանական էքսկլավների հնարավոր փոխանակման համատեքստում։

Դա նոր գաղափար չէ։ 2021-ին Փաշինյանը խոսում էր «անկլավը՝ անկլավի դիմաց» տրամաբանության մասին՝ որպես հնարավոր մոտեցում։

2026 թվականի հուլիսի 9-ին լրագորղների հետ զրույցում, նա ներկայացրեց երկու հնարավոր տարբերակ։ Առաջինի դեպքում տարածքները պահպանվում են այն պետությունների կազմում, որոնց դրանք իրավականորեն պատկանում են։ Երկրորդ դեպքում կողմերը կարող են պայմանավորվել համարժեք տարածքների փոխանակման կամ սահմանագծի համապատասխան փոփոխության շուրջ՝ Հայաստանի օրենսդրությամբ և Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգերով։ Կարող եք դիտել յութուբում։

Այնուամենայնիվ, սեպտեմբերի 11-ին Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ գործնական լուծման շուրջ համաձայնություն չկա։

Հենց այստեղից առաջանում է մեկ այլ հարց․ եթե Արծվաշենն ու ադրբեջանական էքսկլավները նույն բանակցային խնդրի տարբեր կողմերն են, արդյո՞ք նույն կերպ են դրանք ներկայացվում Ադրբեջանի տեղեկատվական դաշտում։

Ինչպես ուսումնասիրեցինք ադրբեջանական մեդիան

«Ամփոփ Մեդիան» դիտարկել է Modern.az, Azernews.az, Caliber.Az, AIA.az, Publika.az, Meydan TV, Today.az, Xalq qəzeti և Savashmedia.az հարթակների հրապարակումները՝ հիմնականում 2026 թվականի մայիս–սեպտեմբեր ժամանակահատվածում։

Ուսումնասիրությունը քանակական բովանդակային վերլուծություն չէ և չի հավակնում ներկայացնել Ադրբեջանի ամբողջ մեդիադաշտը։ Նպատակն է այս նյութի շրջանակում հասկանալ, թե ինչ բառապաշարով և ինչ շրջանակներում է ներկայացվում նույն տարածքային հարցը ուսումնասիրված հրապարակումներում։

Համեմատությունից երևում է, որ ադրբեջանական էքսկլավների և Արծվաշենի դեպքում օգտագործվող լեզուն հաճախ տարբեր է։

Սակայն Ադրբեջանի լրատվամիջոցների հրապարակումները դիտարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն տեղեկատվական միջավայրը, որում դրանք ստեղծվում և տարածվում են։

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության 2026 թվականի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի մեդիա ոլորտը գրեթե ամբողջությամբ գտնվում է իշխանության վերահսկողության ներքո: Անկախ լրատվամիջոցների մեծ մասը ստիպված է գործել արտերկրից։ Ադրբեջանում անկախ լրագրողների դեմ ճնշումների և քրեական հետապնդումների մասին փաստագրել են նաև միջազգային այլ կազմակերպություններ։

Հետևաբար այս թեմային անդրադառնալիս հարկավոր է դիտարկել ոչ միայն առանձին լրատվամիջոցների օգտագործած բառապաշարը, այլև այն, թե ինչպես են դրանց հրապարակումներում վերարտադրվում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումները։

Ադրբեջանական բնակավայրերի դեպքում՝ «վերադարձ», Արծվաշենի դեպքում՝ «պահանջ»

Տիգրանաշենի՝ Քյարքիի, Բարխուդարլուի, Սոֆուլուի և Վերին Ոսկեպարի՝ Յուխարի Ասկիպարայի վերաբերյալ ադրբեջանական հրապարակումներում հաճախ կիրառվում են ձևակերպումներ, որոնք դրանց ադրբեջանական պատկանելիությունն ընդունում են որպես ելակետ՝ «ադրբեջանական գյուղեր», «օկուպացված գյուղեր», «վերադարձի ենթակա տարածքներ»։

Modern.az-ը, օրինակ, մայիսին հրապարակված նյութում գրում է «մեր չորս անկլավների» մասին, իսկ հունիսի 10-ի հրապարակման վերնագրում հարցնում՝ երբ են «անկլավային գյուղերը վերադարձվելու»։

Արծվաշենի դեպքում նույն լրատվամիջոցի լեզուն այլ է։ Modern.az-ի հունիսի 10-ի նյութի վերնագրում խոսվում է «Բաշքենդի նկատմամբ հայերի պահանջի» մասին, իսկ տեքստում Փաշինյանի՝ Արծվաշենը Հայաստանի տարածք ներկայացնելը նկարագրվում է որպես հայկական ղեկավարության պահանջ։

Modern.az կայքում հրապարակված նյութից հատված

Այսինքն՝ նույն նյութում ադրբեջանական բնակավայրերի պատկանելիությունը ներկայացվում է հաստատական լեզվով, իսկ Արծվաշենի հայկական պատկանելիությունը՝ որպես մյուս կողմի «պահանջ»։

Սակայն բոլոր ադրբեջանական հրապարակումները նույն բառապաշարը չեն օգտագործում

Պատկերը միատարր չէ։

AIA.az-ը, օրինակ, օգոստոսի հրապարակման մեջ փոխանցում է Փաշինյանի դիրքորոշումը, ըստ որի՝ Արծվաշենը ներառվում է Հայաստանի 29,743 քկմ տարածքի մեջ, իսկ անկլավների գործնական լուծման շուրջ Երևանն ու Բաքուն դեռ համաձայնություն չունեն։ Այստեղ լրատվամիջոցը հիմնականում վերարտադրում է Հայաստանի վարչապետի հայտարարությունը՝ առանց Արծվաշենի կարգավիճակի վերաբերյալ սեփական առանձին եզրակացության։

Aia.az կայքում հրապարակված նյութից հատված

Publika.az-ի հուլիսի 9-ի հրապարակման մեջ ևս Արծվաշենը ներկայացվում է Փաշինյանի խոսքի շրջանակում՝ որպես Հայաստանի էքսկլավ, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Նույն նյութում փոխանցվում են նաև Փաշինյանի ներկայացրած երկու հնարավոր լուծումները։

Publika.az կայքում հրապարակված նյութից հատված

Meydan TV-ն նույնպես Արծվաշենի հարցը ներկայացնելիս նշում է, որ Փաշինյանն այն համարում է Հայաստանի էքսկլավ, որն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Այս օրինակները ցույց են տալիս, որ ադրբեջանական մեդիադաշտին մեկ միասնական ձևակերպում վերագրել հնարավոր չէ։

Երբ տարածքային հարցը ներկայացվում է քաղաքական քարոզչության լեզվով

Ադրբեջանական լրատվամիջոցների որոշ հրապարակումներում անկլավների հարցը ներկայացվում է ոչ միայն որպես տարածքային վեճ, այլև Հայաստանի հասարակության ու քաղաքական դերակատարների վերաբերյալ բացասական պատկեր ձևավորող պատմույթի մաս։

Այդպիսի օրինակ է Today.az-ի սեպտեմբերի 7-ի հրապարակումը։ Հոդվածը հայ հասարակության վերաբերյալ օգտագործում է ընդհանրացնող և վիրավորական բնորոշումներ՝ այն ներկայացնելով որպես մոլորությունների ազդեցության տակ գտնվող զանգված, որին Հայաստանի վարչապետը փորձում է վերափոխել։

Today.az կայքում հրապարակված նյութից հատված

Նույն հրապարակման մեջ Տիգրանաշենի ադրբեջանական պատկանելիությունը ներկայացվում է որպես անվիճելի փաստ։ Մինչդեռ Արծվաշենը նկարագրվում է որպես 1930-ականներին անհասկանալի պատճառներով Հայաստանին փոխանցված ադրբեջանական տարածք, որը հետագայում վերածվել է հայկական ծայրահեղականության և զինված գործունեության կենտրոնի։ Հոդվածը 1992 թվականին Ադրբեջանի կողմից բնակավայրի նկատմամբ վերահսկողության հաստատումը ներկայացնում է որպես դրա ազատագրում։

Այս ձևակերպումները կարևոր են հատկապես Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման հետ համեմատության համար։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հրապարակումներում ևս Տիգրանաշենը, Բարխուդարլուն, Սոֆուլուն և Վերին Ոսկեպարը ներկայացվում են որպես Հայաստանի վերահսկողության տակ անցած ադրբեջանական տարածքներ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի տարածքային պահանջների մասին նույնատիպ ձևակերպումներ է օգտագործում նաև պաշտոնական հայտարարություններում։

Այսպիսով, Today.az-ի հրապարակումը ոչ միայն փոխանցում է ադրբեջանական տարածքային դիրքորոշումը, այլև այն ամրապնդում է հայ հասարակության վերաբերյալ բացասական ընդհանրացումներով և Արծվաշենի պատմության վերաբերյալ սեփական պնդումներով։ Վերջիններիս հիմնավորման համար հրապարակման մեջ բավարար փաստաթղթային ապացույցներ ներկայացված չեն։

Ի՞նչ բացահայտվեց ուսումնասիրմամբ

«Ամփոփ Մեդիայի» ուսումնասիրած հրապարակումներում նկատվում է տարածքների ներկայացման հստակ տարբերություն։

Խորհրդային շրջանի ադրբեջանական էքսկլավների մասին մի շարք հրապարակումներում դրանց պատկանելիությունը ներկայացվում է որպես հաստատված փաստ, իսկ Հայաստանի վերահսկողության ներքո գտնվելը՝ որպես իրավիճակ, որը պետք է փոխվի տարածքների «վերադարձով»։

Արծվաշենի դեպքում կիրառվում է այլ մոտեցում։ Դրա հայկական պատկանելիությունը հաճախ ներկայացվում է որպես Հայաստանի «պահանջ» կամ Փաշինյանի «դիրքորոշում», իսկ որոշ հրապարակումներում ընդհանրապես մերժվում է։ Միաժամանակ հանդիպում են նաև նյութեր, որոնք Արծվաշենն անվանում են Հայաստանի էքսկլավ կամ առանց լրացուցիչ գնահատականների փոխանցում հայկական կողմի հայտարարությունները։

Սակայն ուսումնասիրության արդյունքները միայն բառապաշարի տարբերությամբ չեն սահմանափակվում։

Ադրբեջանի տեղեկատվական միջավայրի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ կարևոր է նաև, որ ուսումնասիրված հրապարակումներից մի քանիսում ադրբեջանական էքսկլավների վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումները վերարտադրվում են հաստատական ձևակերպումներով, մինչդեռ Արծվաշենի հայկական պատկանելիությունը ներկայացվում է որպես վիճարկվող պահանջ։

Այս հանգամանքը հատկապես նշանակություն ունի այնպիսի տեղեկատվական միջավայրում, որտեղ, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, մեդիա ոլորտը գրեթե ամբողջությամբ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ անկախ լրատվամիջոցների մեծ մասը ստիպված է գործել արտերկրից։

Ուսումնասիրությունը թույլ է տալիս արձանագրել ադրբեջանական պաշտոնական դիրքորոշումների և որոշ լրատվամիջոցների հրապարակումների միջև բովանդակային համընկնումները։ Սակայն միայն այդ համընկնումները բավարար չեն պնդելու, որ յուրաքանչյուր հրապարակում պատրաստվել է իշխանությունների անմիջական հանձնարարությամբ։

Հեղինակ՝ Սեդա Մարտոյան

Լուսանկարը՝ Primeminister.am կայքից

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 23/09/2026