2025-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) անունով պետական բյուջե փոխանցված հարկերն ու այլ վճարումները կազմել են 701.6 մլն դրամ։ Դրանց մեծ մասը՝ 568 մլն դրամը, եկամտային հարկն է։ Սակայն այդ գումարը չի կարելի ամբողջությամբ համարել Եկեղեցու սեփական եկամուտներից վճարված հարկ․ ՀԱԵ-ն նաև հարկային գործակալ է և բյուջե է փոխանցում ֆիզիկական անձանց եկամուտներից հաշվարկված ու պահված գումարները։
Նախորդ նյութում «Ամփոփ Մեդիան» ներկայացրել էր, թե ինչ հարկային արտոնություններ են գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և մյուս կրոնական կազմակերպությունների համար, և պարզել, որ ՀԱԵ-ն ամբողջությամբ հարկերից ազատված կազմակերպություն չէ։
Այս անգամ Պետական եկամուտների կոմիտեից ստացված լրացուցիչ տվյալները հնարավորություն են տալիս հասկանալու՝ ինչից են կազմվում Եկեղեցու անունով բյուջե փոխանցվող գումարները և ինչպես են դրանք փոխվել վերջին տարիներին։
Ինչի՞ մասին է 138 մլն դրամ եկամտային հարկը
2026 թ․-ի առաջին եռամսյակում ՀԱԵ-ի անունով պետական բյուջե է փոխանցվել 138 մլն դրամ եկամտային հարկ։
Սակայն այդ թիվն ինքնին ցույց չի տալիս, թե որքան հարկ է առաջացել հենց Եկեղեցու սեփական տնտեսական գործունեությունից։
«Ամփոփ Մեդիայի» հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ը պարզաբանել է, որ ՀԱԵ-ի անունով վճարվող եկամտային հարկի զգալի մասը կապված է նրա՝ հարկային գործակալի կարգավիճակի հետ։
Ինչպես մյուս գործատուները, ՀԱԵ-ն ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից՝ օրինակ աշխատավարձերից կամ քաղաքացիաիրավական պայմանագրերով վարձատրությունից, հաշվարկում ու պահում է եկամտային հարկը, սոցիալական և դրոշմանիշային վճարները և փոխանցում պետական բյուջե։
Այսինքն՝ 138 մլն դրամ եկամտային հարկը ամբողջությամբ Եկեղեցու սեփական միջոցներից վճարված հարկ չէ։ Դրա մի մասը Եկեղեցին փոխանցել է որպես աշխատակիցների և այլ ֆիզիկական անձանց եկամուտներից պահված հարկ։
ՊԵԿ-ի տրամադրած տվյալները, սակայն, ցույց չեն տալիս այդ գումարի ճշգրիտ բաժանումը։
Քանի՞ մարդ է եկամուտ ստանում ՀԱԵ-ից
ՊԵԿ-ի տվյալներով՝ 2026 թ․-ի առաջին եռամսյակում ՀԱԵ-ի պայմանագրային աշխատողների միջին թվաքանակը կազմել է 2133, իսկ եկամուտ ստացած անձանց թիվը՝ 1930։
Այստեղ կարևոր է նշել, որ դրանք տարբեր վիճակագրական ցուցանիշներ են․ առաջինը միջին թվաքանակ է, երկրորդը՝ եկամուտ ստացած անձանց վերաբերյալ տվյալ։ Հետևաբար դրանք մեկը մյուսի ուղիղ մաս չեն և չպետք է համադրել որպես «1930-ը՝ 2133-ից»։
Այդուհանդերձ, տվյալները ցույց են տալիս եկամտային հարկի ձևավորման կարևոր աղբյուրը՝ ՀԱԵ-ի հետ աշխատանքային կամ այլ պայմանագրային հարաբերություններ ունեցող ֆիզիկական անձանց եկամուտները։
ՀԱԵ-ի անունով հարկային վճարումները
ՊԵԿ-ի տրամադրած տվյալներով՝ 2021 թվականին ՀԱԵ-ի անունով պետական բյուջե փոխանցված հարկերն ու այլ վճարումները կազմել են 399 մլն դրամ, իսկ 2025-ին՝ 701.6 մլն դրամ։
Եկամտային հարկը հինգ տարում աճել է 68%-ով
ՀԱԵ-ի անունով փոխանցված եկամտային հարկը 2021 թվականին կազմել է 338.8 մլն դրամ, իսկ 2025-ին՝ 568 մլն դրամ։
Հինգ տարվա ընթացքում աճը կազմել է մոտ 68%։
Աճը շարունակական չի եղել։ 2023-ին եկամտային հարկը կազմել է 350.4 մլն դրամ՝ նախորդ տարվա 366.4 մլն դրամի դիմաց, իսկ դրանից հետո կրկին աճել է։
Սակայն այս դինամիկան նույնպես չի կարելի ուղղակիորեն մեկնաբանել որպես Եկեղեցու սեփական եկամուտների աճ։ ՊԵԿ-ի պարզաբանումից հետևում է, որ եկամտային հարկի զգալի մասը ձևավորվում է ՀԱԵ-ի՝ որպես հարկային գործակալի գործունեության արդյունքում։
Հետևաբար դրա փոփոխության վրա կարող են ազդել նաև աշխատակիցների թիվը, նրանց վճարվող աշխատավարձերի և այլ հարկվող եկամուտների չափերը։
ՊԵԿ-ի տվյալներով՝ 2021–2025 թթ․-ին ՀԱԵ-ի անունով շահութահարկի վճարում չի արձանագրվել։
Սակայն սա չի նշանակում, որ Եկեղեցին օրենքով ազատված է շահութահարկից։ Ինչպես ներկայացրել էինք նախորդ նյութում, Հարկային օրենսգիրքը ՀԱԵ-ի համար շահութահարկից ընդհանուր ազատում չի սահմանում։
Միայն այս ամփոփ տվյալներից հնարավոր չէ որոշել, թե ինչու է տվյալ տարիներին շահութահարկի վճարումը զրո եղել։ Դրա համար անհրաժեշտ կլինեին ՀԱԵ-ի հարկվող եկամուտների, ծախսերի և շահութահարկի հաշվարկների ավելի մանրամասն տվյալներ։
Նույն ժամանակահատվածում ԱԱՀ-ի վճարումներ նույնպես չեն արձանագրվել։ Օրենսդրությամբ կրոնական կազմակերպությունների որոշ գործարքներ իսկապես ազատված են ԱԱՀ-ից, սակայն միայն ընդհանուր թվերից հնարավոր չէ եզրակացնել, որ զրոյական վճարման պատճառը բացառապես այդ արտոնություններն են։
«Այլ» վճարումները ևս աճել են
ՀԱԵ-ի անունով հաշվառված մյուս հարկերն ու վճարումները 2021 թվականի 59.9 մլն դրամից 2025-ին հասել են 133.5 մլն դրամի՝ աճելով ավելի քան երկու անգամ։
Այսպիսով, 2025-ի 701.6 մլն դրամ ընդհանուր գումարից 568 մլն դրամը եկամտային հարկ է, իսկ շուրջ 133.5 մլն դրամը՝ այլ հարկեր և վճարումներ։
Ի՞նչ է ստացվում
Եկամտային հարկի մեծությունը չի կարելի նույնացնել Եկեղեցու սեփական տնտեսական գործունեությունից առաջացած հարկային պարտավորության հետ։ ՀԱԵ-ն միաժամանակ հանդես է գալիս որպես գործատու և հարկային գործակալ՝ իր աշխատակիցների և այլ ֆիզիկական անձանց եկամուտներից հաշվարկված ու պահված հարկերը բյուջե փոխանցելով։
Միաժամանակ 2021–2025 թվականների տվյալները ցույց են տալիս, որ ՀԱԵ-ի անունով կատարվող ընդհանուր հարկային վճարումները զգալիորեն աճել են՝ 399 միլիոնից հասնելով 701,6 միլիոն դրամի։
Հեղիանակ՝ Սեդա Մարտոյան
Գլխավոր պատկերը՝ արհեստական բանականության գործիքով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 18/09/2026









