Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող 46-րդ շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի երկու հավաքականները մրցաշարը սկսել են երկու անընդմջ հաղթանակով։
Բաց մրցաշարի առաջին տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին 4։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Բարբադոսի, իսկ կանանց հավաքականը 3.5։0.5 հաշվով առավելության է հասել Հոնկոնգի նկատմամբ։
Մրցաշարի բացման արարողությունը կայացել է սեպտեմբերի 15-ին, իսկ առաջին տուրի հանդիպումները տեղի են ունեցել սեպտեմբերի 16-ին։
Երկրորդ տուրում ևս հայկական թիմերը շարունակել են հաղթական ընթացքը։ Տղամարդկանց հավաքականը 3․5-0․5 հաշվով առավելության է հասել Շոտլանդիայի նկատմամբ, կանանց հավաքականը 3։1 հաշվով հաղթել է Սինգապուրին։
3-րդ տուրում՝ սեպտեմբերի 18-ին, տղամարդիկ կմրցեն Շվեդիայի, կանայք՝ Խորվաթիայի թիմերի դեմ։
Օլիմպիադան անցկացվում է շվեյցարական համակարգով՝ 11 տուրով, և կշարունակվի մինչև սեպտեմբերի 27-ը՝ մեկ հանգստյան օրվա (սեպտեմբերի 22-ին) հնարավորությամբ։
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված է 4 հիմնական և 1 պահեստային խաղացող։
Հայաստանի տղամարդկանց ընտրանին մեկնարկային դասակարգմամբ 10-րդն է, կանանց թիմը՝ 16-րդը։
Տղամարդկանց հավաքականի կազմում են Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը, թիմի ավագը Արման Փաշիկյանն է։ Կանանց հավաքականում ընդգրկված են Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը։
Մրցաշարն ունի ռեկորդային թվով մասնակիցներ
Առաջին անգամ Սամարղանդում անցկացվող օլիմպիադան մասնակից թիմերի թվով գերազանցել է 2024-ին Բուդապեշտում անցկացված օլիմպիադային։
Վերջնական տվյալներով՝ բաց մրցաշարում հանդես է գալիս 207, իսկ կանանց մրցաշարում՝ 191 թիմ։ FIDE-ն դեռ մրցաշարի մեկնարկից առաջ հայտարարել էր շուրջ 400 թիմի մասնակցության մասին, ինչը օլիմպիադաների պատմության նոր ռեկորդ է։
Բաց մրցաշարի առանձնահատկությունն այն է, որ թիմերում կարող են հանդես գալ և՛ տղամարդ, և՛ կին շախմատիստներ։ Կա նաև միայն կանանց մրցաշար։ Երկու մրցաշարերն էլ անցկացվում են 11 տուրով։
Ովքեր են գլխավոր մրցակիցները
Բաց մրցաշարում մեկնարկային առաջին համարը ԱՄՆ-ի հավաքականն է։ Թիմի առաջատար շախմատիստներն են Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Հանս Նիմանը և Լևոն Արոնյանը։ Հայաստանը նախկինում ներկայացրած և Հայաստանի հավաքականի կազմում երեք անգամ օլիմպիական չեմպիոն դարձած Արոնյանը 2024 թ․-ի օլիմպիադայում արդեն ԱՄՆ-ի կազմում նվաճել էր արծաթե մեդալ։
Գործող չեմպիոն Հնդկաստանը երկրորդ համարն է, իսկ տանտեր Ուզբեկստանը՝ երրորդը։ 2022 թվականի օլիմպիադայում հենց Ուզբեկստանն էր դարձել չեմպիոն՝ Հայաստանի հետ հավաքելով հավասար՝ 19-ական միավոր, սակայն առաջ անցնելով լրացուցիչ ցուցանիշներով։
Մրցաշարին չեն մասնակցում աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կարլսենը և ամերիկացի Հիկարու Նակամուրան։
Կանանց մրցաշարում առաջին համարն ու գործող չեմպիոնը Հնդկաստանն է։ Բարձր վարկանիշ ունեցող թիմերի թվում են նաև Վրաստանի, Չինաստանի, Ղազախստանի և ԱՄՆ-ի հավաքականները։
Ինչու է այս օլիմպիադան կարևոր Հայաստանի համար
Հայաստանի հավաքականը շախմատային օլիմպիադաների պատմության ամենահաջողակ թիմերից մեկն է։
Տղամարդկանց ազգային թիմը երեք անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն՝ 2006-ին Թուրինում, 2008-ին Դրեզդենում և 2012-ին Ստամբուլում։
2022-ին Հայաստանը նվաճեց արծաթը՝ Ուզբեկստանի հետ հավաքելով նույն՝ 19 միավորը և զիջելով միայն լրացուցիչ ցուցանիշներով։
2024 թվականին Բուդապեշտում Հայաստանի հավաքականը նույնպես շատ մոտ էր մեդալ նվաճելուն։ 11 տուրից հետո թիմը վաստակեց 17 միավոր՝ այնքան, որքան արծաթը նվաճած ԱՄՆ-ն, Ուզբեկստանը, Չինաստանն ու Սերբիան, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 6-րդ տեղը։
Հաջող հանդես եկավ նաև Հայաստանի կանանց հավաքականը՝ կրկին վաստակելով 17 միավոր և զբաղեցնելով 5-րդ տեղը։ Էլինա Դանիելյանն անհատական բրոնզե մեդալ նվաճեց երրորդ խաղատախտակի, իսկ Աննա Սարգսյանը՝ չորրորդ խաղատախտակի վրա։
Հայաստանը՝ FIDE-ի «100 տարվա լավագույն տղամարդկանց թիմ»
Հայաստանի շախմատային պատմության միջազգային ճանաչումը միայն օլիմպիական մեդալներով չի սահմանափակվում։
2024-ին Բուդապեշտում՝ FIDE-ի 100-ամյակին նվիրված մրցանակաբաշխության ժամանակ, Հայաստանի տղամարդկանց հավաքականը ճանաչվեց FIDE-ի 100 տարվա լավագույն տղամարդկանց թիմ։
FIDE-ն իր հիմնավորման մեջ նշել էր, որ մեդալների քանակով Խորհրդային Միության հավաքականը կմնար անգերազանցելի, սակայն ժյուրին որոշել էր ընտրել ներկայում գոյություն ունեցող պետություն ներկայացնող թիմ։ Այդ համատեքստում Հայաստանը առանձնացվել էր օլիմպիական երեք ոսկե մեդալներով։
Սա Սամարղանդի օլիմպիադայում Հայաստանի մասնակցությանը լրացուցիչ կշիռ է հաղորդում։ Ներկայիս հավաքականը ներկայացնում է մի երկիր, որը վերջին երկու տասնամյակներում բազմիցս եղել է համաշխարհային թիմային շախմատի առաջատարների շարքում։
Մեկնարկը հաջող է, հիմնական պայքարը՝ դեռ առջևում
FIDE-ի առաջին օրվա ամփոփման համաձայն՝ առաջատար թիմերի մեծ մասը մրցաշարը սկսել է հաղթանակով։ Միաժամանակ արդեն առաջին տուրում արձանագրվել են անակնկալ արդյունքներ․ Հնդկաստանի հավաքականի երկրորդ համար Արջուն Էրիգայսին պարտվել է Թաիլանդը ներկայացնող Պրին Լաոհավիրապապին, իսկ ԱՄՆ-ի կազմում հանդես եկող Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Իրաքի ներկայացուցիչ Ալի Էհսան Արյանի հետ։
Հայաստանի համար ավելի լուրջ փորձությունները կսկսվեն հաջորդ տուրերից, երբ շվեյցարական համակարգի տրամաբանությամբ միմյանց հետ կմրցեն նույն կամ մոտ արդյունքներ ունեցող թիմերը։
Հեղինակ՝ Դերենիկ Խաչատրյան
Վիզուալ նյութերը՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և FIDE-ի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 18/09/2026











