Մեր մասին Էթիկա
Իրավունք Քաղաքական

Ընտրելու իրավունքը ՀՀ-ում․ ինչ փոխվեց 2026-ի ԱԺ ընտրություններից հետո, և ում կարող են վերաբերել սահմանափակումները

2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո Հայաստանում նոր բանավեճ սկսվեց ընտրելու իրավունքի շուրջ։

Ընտրություններից առաջ և դրանց ընթացքում ուշադրության կենտրոնում էր հատկապես արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան ժամանելու և քվեարկությանը մասնակցելու հարցը։ Այդ համատեքստում հուլիսի 3-ին Ազգային ժողովն ընդունեց Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների փաթեթ։

Նոր կարգավորմամբ ընտրելու իրավունքը կապվում է ոչ միայն քաղաքացիության և 18 տարին լրացած լինելու, այլև Հայաստանում փաստացի գտնվելու որոշակի ժամկետի հետ։

Ինչ է փոխվել

Ազգային ժողովի ընտրություններին ընտրելու իրավունք կունենա 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացին, որը քվեարկության օրվան նախորդող 48-րդ օրվա դրությամբ դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել է առնվազն 366 օր։

Արտահերթ ընտրությունների դեպքում հաշվարկի ելակետը քվեարկությունից 28 օր առաջ ընկած օրն է։

Այսինքն՝ խոսքը պարտադիր անընդմեջ մեկ տարի Հայաստանում ապրելու մասին չէ։ 

Հաշվարկվում են քաղաքացու՝ Հայաստանում գտնվելու բոլոր օրերը տվյալ 730-օրյա ժամանակահատվածում։ Եթե դրանք միասին կազմում են առնվազն 366 օր, պահանջը համարվում է բավարարված։

Օրենքը նաև բացառություններ է նախատեսում։ Հաշվարկից դուրս են մնում, օրինակ, այն ժամանակահատվածները, երբ քաղաքացին ծառայողական նպատակներով արտերկրում է գտնվել որպես հանրային ծառայող, արտերկրում բնակվել է դիվանագիտական ծառայություն իրականացնող ընտանիքի անդամի հետ կամ սովորել է արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունում։

Քաղաքացու փաստացի գտնվելու ժամկետը որոշվելու է պետական տվյալների հիման վրա։ Ընտրողների ցուցակները ձևավորելիս ընտրողների ռեգիստրի տվյալները համադրվելու են սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի մուտքի և ելքի տվյալների հետ։

Ինչու որոշվեց սահմանափակել ընտրելու իրավունքը

Օրենսդրական փոփոխությունների հիմնավորման մեջ որպես խնդիրներից մեկը նշվել է արտերկրից ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացիների զանգվածային ժամանումների պրակտիկան բացառելու անհրաժեշտությունը։

Այստեղ, սակայն, կարևոր է առանձնացնել երկու հարց՝ նման դեպքեր եղե՞լ են, և եթե այո՝ որքան մեծ է եղել դրանց ծավալը։

2026 թվականի ընտրական գործընթացում արտերկրում գտնվող քաղաքացիների Հայաստան տեղափոխման կամ նրանց ընտրական վարքագծի վրա ազդելու վերաբերյալ դեպքեր հայտնվել են նաև քրեական վարույթների և դիտորդական զեկույցների ուշադրության կենտրոնում։

«Ականատես» դիտորդական առաքելության նախնական տեղեկանքում նշվել է, որ Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում անանուն հարցումների մասնակիցներ հայտնել են իրենց համայնքներում կամ անմիջական շրջապատում Ռուսաստանում գտնվող անձանց՝ ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստան գալու կազմակերպված դեպքերի մասին։

Զեկույցում արձանագրվել է 57 դեպք, երբ հարցվողները հատուկ նշել են Ռուսաստանում գտնվող անձանց ժամանման կազմակերպման կամ համակարգման մասին։ Վկայությունների մի մասում խոսվել է նաև ճանապարհածախսի կամ ավիատոմսերի վճարման մասին։

«Անկախ դիտորդ» դաշինքն իր նախնական գնահատականում ևս անդրադարձել է Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների նկատմամբ հնարավոր անօրինական ազդեցությանը՝ նշելով ահազանգեր հայ գործարարների, համայնքային և կրոնական կառույցների ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների վերաբերյալ։

Քանի որ դիտորդների արձանագրած տեղեկություններում նշված նպատակով ժամանողների քանակական տվյալներ չկան, դեպքերի ծավալը հասկանալու համար «Ամփոփ Մեդիան» հարցում էր ուղարկել Քննչական կոմիտե՝ պարզելու, թե քանի վարույթում է այդ հանգամանքը եղել քննության առարկա և ինչ հանցակազմերի հետ է այն կապվել։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ նման վիճակագրություն չեն վարում։

Այսինքն՝ հրապարակային տվյալներից հնարավոր չէ պարզել նաև, թե Ռուսաստանից Հայաստան ընտրություններին մասնակցելու նպատակով կազմակերպված կամ ուղղորդված ժամանած անձանց վերաբերյալ քանի վարույթ է քննվել և դրանցից քանիսն են առնչվել ընտրակաշառքին կամ ընտրության արդյունքի վրա ապօրինի ազդեցության այլ դրսևորումների։

Սահմանային տվյալներն այս հարցին նույնպես ուղիղ պատասխան չեն տալիս։

«Ամփոփ Մեդիայի»՝ ՀՀ ԱԱԾ-ից ստացած տվյալների համաձայն՝ 2026 թ- մայիս–հունիսին Ռուսաստանից Հայաստան գրանցվել է 53,680 մուտք՝ 3,028-ով ավելի, քան 2025 թ-ի նույն ամիսներին, երբ գրանցվել էր 50,652 մուտք։

Սակայն այս թվերը վերաբերում են սահմանային անցումներին, ոչ թե եզակի մարդկանց։ Նույն անձը կարող էր այդ ընթացքում մի քանի անգամ մեկնել և վերադառնալ։

Հետևաբար այդ տվյալներով հնարավոր չէ որոշել՝ քանի առանձին քաղաքացի է Ռուսաստանից Հայաստան վերադարձել կամ հատուկ ընտրություններին մասնակցելու նպատակով ժամանել։

Խնդիրը խորքային չուսումնասիրելով մտցվեցին սահմանափակումներ

«Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Վարդինե Գրիգորյանի խոսքով՝ դիտորդական աշխատանքի ընթացքում իրենք ևս տեղեկություններ են ստացել Ռուսաստանից քաղաքացիների՝ ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստան գալու կազմակերպվածության վերաբերյալ։

Սակայն, նրա խոսքով, ամբողջական տվյալներ չեն ունեցել՝ հասկանալու համար, թե ժամանածներից քանիսն են եղել ՀՀ քաղաքացիներ և նրանցից քանիսն են փաստացի մասնակցել ընտրությանը։

Գրիգորյանի գնահատմամբ՝ խնդրի շուրջ հանրային մեծ աղմուկ կար, բայց բացակայում էր այնպիսի ամբողջական վիճակագրություն, որը թույլ կտար հստակ չափել երևույթի ծավալը։

«Մենք վերցրել ենք ինչ-որ մի խնդիր, որի լրջությունը մինչև վերջ չենք ուսումնասիրել, հրատապ կարգով դրա կարգավորումը փոխեցինք», -ասում է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ կարևոր է նաև տարբերակել պարզապես Հայաստան գալն ու քվեարկելը այն դեպքերից, երբ ապացուցվում է, որ ընտրողը, օրինակ, կաշառք է ստացել կամ այլ կերպ ուղղորդվել է։

Այս տարբերակումը կարևոր է, քանի որ քաղաքացիների կազմակերպված տեղափոխումը ինքնին դեռ չի ապացուցում ընտրական հանցագործություն։

Գրիգորյանի գնահատմամբ՝ նոր կարգավորման դեպքում առաջանում է նաև մեկ այլ հարց՝ արդյոք այն հաջորդ ընտրություններին կանխելու է փաստացի արձանագրված ապօրինի ազդեցությունը, թե կարող է առաջին հերթին սահմանափակել ընտրողների ավելի լայն խմբի իրավունքը։

ՏԻՄ ընտրություններում սահմանափակումը դառնում է ավելի բազմաշերտ

Նույն Հայաստանում փաստացի գտնվելու պահանջը կիրառվելու է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում։

Այստեղ, սակայն, արդեն գործում էր մեկ այլ պահանջ՝ տվյալ համայնքում հաշվառում ունենալու պայմանը։

ՀՀ քաղաքացին, որպես կանոն, ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար պետք է քվեարկության օրը տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում առնվազն վեց ամիս հաշվառում ունենա։

Նոր փոփոխությունն այս պայմանին ավելացնում է ևս մեկը՝ վերջին 730 օրվա ընթացքում Հայաստանում առնվազն 366 օր փաստացի գտնվելու պահանջը։

Այսինքն՝ ՏԻՄ ընտրություններում ՀՀ քաղաքացու համար ձևավորվում է երկու առանձին չափանիշ՝

  • առնվազն վեց ամիս հաշվառում տվյալ համայնքում, 
  • առնվազն 366 օր փաստացի գտնվել Հայաստանում վերջին 730 օրվա ընթացքում։ 

Սա կարող է վերաբերել ոչ միայն տարիներով արտերկրում բնակվող քաղաքացիներին, այլև, օրինակ, այն մարդկանց, որոնք պարբերաբար Հայաստանից մեկնում են սեզոնային աշխատանքի։

Պահպանվում են նաև հատուկ բացառություններ։ Օրինակ՝ եթե քաղաքացին տվյալ համայնքում վեց ամսվա հաշվառում չունի, բայց այնտեղ հաշվառվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազրկումից ազատվելու պատճառով, նա որոշ պայմաններով կարող է ընտրելու իրավունք ունենալ՝ եթե միաժամանակ բավարարում է փաստացի գտնվելու պահանջը։

ՏԻՄ ընտրություններում քաղաքացիությունը միակ պայմանը չէ

ՏԻՄ ընտրությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ օրենքը որոշակի պայմաններով ընտրելու իրավունք է տալիս նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց։

Նրանց համար նախատեսվում է տվյալ համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում և վերջին 730 օրվա ընթացքում Հայաստանում օրինական հիմքով փաստացի գտնվելու պահանջի բավարարում։

Ընտրական օրենսգրքով ՏԻՄ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող անձը կարող է նաև առաջադրվել ավագանու անդամի թեկնածու՝ մյուս պայմանները բավարարելու դեպքում։

Սակայն համայնքի ղեկավարի դեպքում պահանջը տարբեր է համայնքի ղեկավար կարող է դառնալ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին։

Այսինքն՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձը որոշ պայմաններով կարող է ունենալ ՏԻՄ ընտրելու և ավագանու անդամ ընտրվելու իրավունք, բայց չի կարող դառնալ համայնքի ղեկավար։

Վարդինե Գրիգորյանը ուշադրություն է հրավիրում այստեղ առաջացող հնարավոր հակասական իրավիճակի վրա։

Տեսականորեն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը, որը Հայաստանում բավարար օրեր չի գտնվել, կարող է ՏԻՄ ընտրելու իրավունք չունենալ, մինչդեռ նույն համայնքում պահանջվող ժամկետով հաշվառված և Հայաստանում օրինական հիմքով բավարար ժամանակ գտնված՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձը կարող է այդ իրավունքն ունենալ։

Այսինքն՝ համապետական ընտրություններում քաղաքացիությունը ընտրելու իրավունքի հիմնական պայմաններից է, մինչդեռ ՏԻՄ ընտրություններում այն ինքնին բավարար չէ, իսկ քաղաքացիություն չունենալը՝ ինքնին արգելք չէ։

Ի՞նչ է ստացվում

Նոր կարգավորումը ընտրելու իրավունքի համար Հայաստանում փաստացի գտնվելու նոր չափանիշ է սահմանում՝ վերջին 730 օրվա ընթացքում առնվազն 366 օր։

Փոփոխության հիմնավորումներից մեկը արտերկրից ընտրություններին մասնակցելու նպատակով կազմակերպված ժամանումները կանխելն է։ Դիտորդական զեկույցներում նման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ կան, սակայն առկա հրապարակային տվյալները չեն հնարավորություն տալիս չափել դրանց ամբողջական ծավալը կամ որոշել՝ ժամանածներից քանիսն են ներգրավված եղել ապօրինի ազդեցության կամ ընտրական հանցագործությունների մեջ։

Միաժամանակ նոր պահանջը կարող է տարածվել քաղաքացիների ավելի լայն խմբի վրա՝ ներառյալ երկար ժամանակ արտերկրում բնակվող կամ պարբերաբար սեզոնային աշխատանքի մեկնող մարդկանց։

Հետևաբար նոր կարգավորման ազդեցության գնահատման հիմնական հարցը միայն այն չէ, թե ինչ խնդրի դեմ է այն ուղղված, այլ նաև՝ որքան համաչափ է ընտրելու իրավունքի սահմանափակումը այն խնդրի իրական և ապացուցված ծավալին։

Պատրաստեց Սեդա Մարտոյանը
Ինֆոգրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի

Լուսանկարը՝ 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

 

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 05/09/2026