2025թ․-ին և 2026 թ․-ի առաջին ամիսներին Հայաստանից դեպի Ռուսաստան աշխատանքային միգրացիային վերաբերող մի շարք ցուցանիշներ նվազել են։ Սակայն վերջին հինգ տարիների ամբողջական պատկերը դեռ ցույց չի տալիս կայուն անկում։
Նշված ժամանակահատվածում թվերը տատանվել են, սակայն Ռուսաստանը ԵԱՏՄ տարածքում շարունակում է մնալ Հայաստանի քաղաքացիների աշխատանքային միգրացիայի հիմնական ուղղությունը։
Ռուսաստանը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանից աշխատանքային միգրացիայի հիմնական ուղղությունը։ Սակայն վերջին շրջանում ավելի հաճախ է քննարկվում՝ արդյոք այդ ուղղությունը կորցնում է իր գրավչությունը (1 2 3), հատկապես Ռուսաստանում միգրացիոն կանոնների խստացման և այլ երկրների աշխատանքի շուկաների նկատմամբ աճող հետաքրքրության պայմաններում։
Վիճակագրական հասանելի տվյալները առայժմ միանշանակ պատասխան չեն տալիս։ Ըստ այդ տվյալների, վերջին ցուցանիշներն իսկապես նվազում են գրանցել, սակայն մեկ կամ երկու տարվա անկումը դեռ բավարար չէ երկարաժամկետ միտում արձանագրելու համար։
«Ամփոփ Մեդիան» ուսումնասիրել է ԵԱՏՄ և Ռուսաստանի հասանելի տվյալները՝ հասկանալու՝ կարելի՞ է արդյոք խոսել Հայաստանից Ռուսաստան աշխատանքային միգրացիայի կայուն նվազման մասին, և ինչ է հնարավո՛ր և ինչ հնարավոր չէ՛ եզրահանգել հրապարակվող թվերից։
2021–2025թթ․ անկում, աճ և կրկին նվազում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական տվյալներով՝ Ռուսաստանի ուղղությամբ Հայաստանի քաղաքացիների աշխատանքային միգրացիային վերաբերող տարեկան ցուցանիշը 2021-ին կազմել է 135,435, իսկ 2022-ին կտրուկ նվազել՝ հասնելով 105,013-ի։
Հաջորդ երկու տարիներին պատկերը փոխվել է։ 2023-ին ցուցանիշն աճել է մինչև 117,212, իսկ 2024-ին՝ մինչև 133,311։ 2025-ին այն կրկին նվազել է և կազմել 124,554։
Այսինքն՝ հինգ տարվա ընթացքում չկա շարունակական նվազում։ Ամենամեծ անկումը գրանցվել է 2022-ին՝ մոտ 22.5%, որից հետո երկու տարի շարունակ աճ է գրանցվել։ 2025-ի անկումը 2024-ի նկատմամբ անհամեմատ փոքր է՝ շուրջ 6.6%։
Ուստի 2025-ի նվազումը դեռ վաղ է մեկնաբանել որպես Ռուսաստանի ուղղությամբ աշխատանքային միգրացիայի կայուն անկման մեկնարկային տարի։ Առայժմ տվյալներն ավելի շատ ցույց են տալիս տատանվող դինամիկա։
Ռուսաստանը շարունակում է գերիշխող ուղղություն մնալ
ԵԱՏՄ անդամ երկրների շարքում Հայաստանի քաղաքացիների աշխատանքային միգրացիան հիմնականում կենտրոնացած է Ռուսաստանի ուղղությամբ։
ԵԱՏՄ մյուս երկրներում Հայաստանի քաղաքացիների աշխատանքային միգրացիային վերաբերող ցուցանիշները անհամեմատ փոքր են։
2025-ին Ղազախստանի դեպքում այն կազմել է 2,073, Բելառուսի դեպքում՝ 222, իսկ Ղրղզստանի դեպքում՝ 22։
Այս երեք երկրների ցուցանիշները միասին ավելի քան 60 անգամ փոքր են Ռուսաստանի 124,554 ցուցանիշից։
Հետևաբար նույնիսկ 2025-ին արձանագրված նվազման պայմաններում ԵԱՏՄ տարածքում չկա որևէ այլ երկիր, որը թվերով մոտենա Ռուսաստանին որպես Հայաստանի քաղաքացիների աշխատանքային միգրացիայի ուղղություն։
2026-ի առաջին ամիսներին նվազումը շարունակվել է
Ավելի թարմ պատկեր են տալիս Ռուսաստանի մուտքերի վերաբերյալ տվյալները։
Ռուսական պետական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ 2026-ի հունվար-մարտ ամիսներին Ռուսաստանի Դաշնություն աշխատանքի նպատակով մուտք է գործել 42,366 ՀՀ քաղաքացի։ 2025-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել էր 45,526 մարդ։
Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում առաջին եռամսյակի ցուցանիշը նվազել է 3,160-ով կամ մոտ 7%-ով։
ՏԱՍՍ-ի տվյալներով՝ 2026 թվականին Ռուսաստան ժամանած ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 112,741, մինչդեռ 2025 թվականին՝ 125,143։
Սակայն այս դեպքում ժամանողների նպատակները տարբեր են եղել. 2026-ի տվյալներով՝ մոտ 50,699-ը Ռուսաստան է մեկնել մասնավոր այցով, 3,200-ը՝ ուսման, 1,568-ը՝ զբոսաշրջության, 1,308-ը՝ գործնական նպատակով, 12,289-ը՝ որպես սպասարկող անձնակազմ, իսկ 1,311-ը՝ տարանցիկ։
Հետևաբար դրանք ուղղակիորեն համադրելի չեն ԵԱՏՄ մեկնող աշխատանքային միգրանտների վերաբերյալ տարեկան ցուցանիշների հետ։
Այնուամենայնիվ 2026-ի առաջին եռամսյակի թվերը համահունչ են 2025-ին արձանագրված նվազմանը և կարող են հիմք հանդիսանալ Ռուսաստանի ուղղությամբ աշխատանքային հոսքի որոշ թուլացման մասին եզրահանգման համար։
Ի՞նչ գործոններ կարող են ազդել Ռուսաստանի ուղղությամբ աշխատանքային հոսքի վրա
Ռուսաստանում վերջին տարիներին խստացվել են օտարերկրյա քաղաքացիների մուտքի և օրինական գտնվելու կանոնները։ 2025-ից գործարկվել է նաև «վերահսկվող անձանց ռեգիստրը», իսկ միգրացիոն վերահսկողության մեխանիզմները դարձել են ավելի խիստ։
Հայաստանի քաղաքացիները, որպես ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացիներ, շարունակում են օգտվել աշխատանքի որոշ արտոնյալ պայմաններից, սակայն ընդհանուր միգրացիոն միջավայրի խստացումը կարող է ազդել նաև նրանց վրա։
Միաժամանակ, առկա տվյալները դեռ չեն ապացուցում, որ 2025–2026 թվականների նվազումը հենց այս փոփոխությունների հետևանքն է։ Դրանք կարելի է դիտարկել որպես հնարավոր գործոններից մեկը, ոչ որպես հաստատված պատճառ։
Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության փոփոխությունների ազդեցությունը հայ աշխատանքային միգրանտների վրա «Ամփոփ Մեդիան» ավելի մանրամասն ուսումնասիրել է առանձին նյութում։
Ռուսաստանից ոչ առևտրային զուտ ներհոսքը 2022-ի պիկից ցածր է
Ռուսաստանը շարունակում է մեծ դեր ունենալ դեպի Հայաստան դրամական փոխանցումների հարցում։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ Ռուսաստանից Հայաստան ոչ առևտրային զուտ ներհոսքը 2021 թվականին կազմել է 740.3 մլն դոլար, 2022-ին՝ 1.397 մլրդ, 2023-ին՝ 737.6 մլն, 2024-ին՝ 418.3 մլն, իսկ 2025-ին՝ 568.7 մլն դոլար։
Այս շարքում առանձնանում է 2022 թվականը՝ շատ բարձր ցուցանիշով։ Դրանից հետո զուտ ներհոսքը զգալիորեն նվազել է, սակայն 2025-ին 2024-ի համեմատ կրկին աճել է շուրջ 36%-ով։
Այս տվյալները, սակայն, չի կարելի նույնացնել Ռուսաստանում աշխատող հայ միգրանտների կողմից Հայաստան ուղարկված գումարների հետ։ ԿԲ-ի «ոչ առևտրային փոխանցումների» ցուցանիշը ներառում է նաև ֆինանսական օգնություն, նվիրատվություններ, նպաստներ, թոշակներ և այլ ոչ առևտրային փոխանցումներ։
Հետևաբար փոխանցումների դինամիկան կարող է լրացուցիչ համատեքստ տալ, բայց այն ինքնուրույն չի հաստատում աշխատանքային միգրացիայի աճ կամ նվազում։
Եթե Ռուսաստանից հոսքը նվազում է, ո՞ւր են գնում մարդիկ
Ռուսաստանի ուղղության փոփոխության դեպքում ամենակարևոր հարցերից մեկն այն է, թե արդյոք այդ աշխատողները տեղափոխվում են այլ երկրներ։ Եվրոպական միության տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիները աշխատանքի նպատակով շարունակում են առաջին կացության թույլտվություններ ստանալ ԵՄ երկրներում։
2021-2023 թվականներին այդ թույլտվությունների ընդհանուր թիվը տարեկան կազմել է մոտ 3,400-3,700, իսկ 2024 թվականին նվազել է մինչև 2,783։ Աշխատանքի նպատակով առաջին կացության թույլտվությունների շարքում 2021-2023 թվականներին առաջատար ուղղությունը եղել է Լեհաստանը։ Իսպանիան նույն ժամանակահատվածում երկրորդ կարևոր ուղղությունն է եղել, իսկ Գերմանիան, Չեխիան և Ֆրանսիան ունեցել են ավելի փոքր ծավալներ։
ԵՄ-ն և Ռուսաստանը տարբեր բաներ են հաշվառում, դրանք ուղղակիորեն համեմատել հնարավոր չէ։ ԵՄ-ում տրվում են անհատական և երկարաժամկետ կացության թույլտվություններ տարեկան մի քանի հազար մարդու, մինչդեռ Ռուսաստանում հաշվառվում են սահմանային մուտքերը, որտեղ նույն անձը տարին մի քանի անգամ կարող է գնալ-գալ և ամեն անգամ գրանցվել:
Ամփոփում
2025 թվականի տարեկան և 2026-ի առաջին եռամսյակի տվյալները ցույց են տալիս Ռուսաստանի ուղղությամբ աշխատանքային միգրացիային վերաբերող որոշ ցուցանիշների նվազում։ Սակայն ավելի երկար՝ 2021–2025 թվականների վիճակագրությունը ցույց է տալիս տատանվող դինամիկա՝ կտրուկ անկմամբ 2022-ին, հաջորդած աճով և նոր՝ ավելի փոքր նվազմամբ 2025-ին։
Ուստի առկա տվյալներով դեռ վաղ է խոսել Ռուսաստանի ուղղությամբ աշխատանքային միգրացիայի կայուն անկման մասին։
Միաժամանակ տվյալները չեն հաստատում նաև այն վարկածը, որ Ռուսաստանի փոխարեն ձևավորվել է որևէ հստակ նոր հիմնական ուղղություն։ ԵԱՏՄ տարածքում Ռուսաստանը շարունակում է անհամեմատ գերակշռել, իսկ աշխատանքի նպատակով ԵՄ առաջին կացության թույլտվությունների թվերը վերջին տարվա հասանելի վիճակագրության համաձայն նույնիսկ նվազել են։
Վիճակագրությունը նաև չի պատասխանում գլխավոր հարցին՝ ուր են գնում նրանք, ով նախկինում մեկնում էր Ռուսաստան։ Մեկնում են այլ երկրներ, մնում են Հայաստանում, քանի որ աշխատանք են գտնել, թե՞ կան այլ տարբերակներ։
Այս բացը լրացնելու համար «Ամփոփ Մեդիան» հարցում է ուղարկել պետական գերատեսչություններ։ Պատասխանը ստանալուց հետո տվյալները կհամալրվեն, իսկ անհրաժեշտության դեպքում նյութի եզրակացությունները կթարմացվեն։
Հեղինակ՝ Գոհար Սարգսյան
Գրաֆիկը՝ հեղինակի
Հիմնական պատկերը ստեղծված է ԱԲ գործիքով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում։
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 25/08/2026









