Մեր մասին Էթիկա
Էկոլոգիա

COP17-ը` Երևանում․ ինչ հնարավորություն է ստանում Հայաստանը

և ինչ հարցերի պատասխան պետք է ունենա

Վարչապետը ծանոթանում է COP17–ի նախապատրաստական աշխատանքներին, 01.08.2026 / Primeminister.am/

2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանը կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Համաժողովը կանցկացվի՝ միավորելով Կարթագենյան և Նագոյայի արձանագրությունների կողմերի հանդիպումները և Երևան կբերի 196 երկրների շուրջ 15,000 պատվիրակների, գիտնականների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։

Առաջին հայացքից սա կարող է հերթական մեծ միջազգային միջոցառում թվալ։ Բայց Հայաստանի համար COP17-ի նշանակությունը միայն այն չէ, որ երկիրը հյուրընկալելու է բարձր մակարդակի համաժողով։ Հայաստանը նաև ստանձնելու է նախագահող երկրի դերը, ինչը նշանակում է՝

առաջիկա տարիներին Հայաստանը պետք է աջակցի կենսաբազմազանության շուրջ միջազգային բանակցությունների կազմակերպմանը և կոնսենսուսի ձևավորմանը։

Միևնույն ժամանակ, նախագահությունը չի նշանակում, որ Հայաստանը կարող է միանձնյա որոշումներ ընդունել։ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում որոշումները կայացվում են երկրների համաձայնությամբ։ Հայաստանի դերն ավելի շատ գործընթացի կառավարման, միջնորդության և օրակարգի առաջմղման մեջ է։ Փոքր երկրի համար սա դիվանագիտական տեսանելիություն ստանալու հնարավորություն է, բայց նաև պատասխանատվություն՝ ցույց տալու, որ սեփական բնապահպանական քաղաքականությունը համահունչ է այն օրակարգին, որը երկիրը պատրաստվում է ներկայացնել աշխարհին։

Ինչու է COP17-ը կարևոր գլոբալ մակարդակում

COP17-ն անցկացվելու է Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի ընդունումից հետո՝ այն փուլում, երբ երկրները պետք է սկսեն ցույց տալ՝ ինչպես են իրենց ստանձնած պարտավորությունները վերածում իրական քաղաքականության և արդյունքների։ Երևանում կներկայացվի նաև կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի իրականացման գլոբալ առաջընթացի զեկույցը։

2022 թ-ին պետությունները համաձայնեցին մինչև 2030 թ-ն իրականացնել 23 համաշխարհային նպատակ։ Դրանցից ամենահայտնին «30×30» նպատակն է՝ մինչև 2030 թ-ն արդյունավետ պահպանության տակ առնել կենսաբազմազանության համար կարևոր տարածքների առնվազն 30%-ը։

Երևանում քննարկվելու են ոչ միայն նոր նպատակները, այլև արդեն ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։ Օրակարգում ներառված են նաև ֆինանսավորման, մոնիթորինգի, թվային գենետիկական տեղեկատվության և սինթետիկ կենսաբանության հետ կապված հարցեր։

Այլ կերպ ասած՝ COP17-ը կլինի այն հարթակներից մեկը, որտեղ կգնահատվի, թե երկրներն ինչ առաջընթաց են գրանցել բնության կորուստը նվազեցնելու, պահպանվող տարածքների կառավարման և կենսաբազմազանության ֆինանսավորման ուղղություններով։

Ինչ է ստանում Հայաստանը

Հայաստանի համար COP17-ը մի քանի նշանակություն ունի։

Առաջինը՝ դիվանագիտական։ Համաժողովի հյուրընկալումն ու նախագահությունը Հայաստանին հնարավորություն են տալիս միջազգային հարթակում հանդես գալ որպես երկիր, որը կարող է կազմակերպել բարդ բազմակողմ գործընթաց և համագործակցել տարբեր պետությունների ու միջազգային կառույցների հետ։

Երկրորդը՝ կառավարչական է։ Նման մասշտաբի միջոցառումը նաև պետական համակարգի կարողությունների փորձություն է՝ անվտանգության, լոգիստիկայի, հաղորդակցության, թարգմանության, քաղաքային ենթակառուցվածքների, հյուրերի ընդունման և հանրային տեղեկատվության կազմակերպման տեսանկյունից։

Երրորդը՝ բնապահպանական։ Կենսաբազմազանությանը նվիրված համաշխարհային համաժողովը նախագահող երկրի նկատմամբ ուշադրությունն ուղղվում է նաև նրա ներքին բնապահպանական քաղաքականությանը։ Այս իմաստով COP17-ը Հայաստանի համար ոչ միայն միջազգային ներկայությունը ուժեղացնելու հնարավորություն է, այլև առիթ՝ ցույց տալու, թե որքանով են բնության պահպանության մասին ստանձնած պարտավորություններն արտացոլվում երկրի իրական քաղաքականության ու գործելակերպի մեջ։

Հայաստանի գլխավոր մարտահրավերը նպատակների և արդյունքների միջև տարբերությունն է

Հայաստանը կենսաբազմազանության պահպանության ոլորտում ունի ռազմավարական նպատակներ, բայց խնդիրը դրանց իրականացումն է գործնականում։

Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը՝ NBSAP-ը, ներառում է 30 թիրախ և 110 գործողություն, սակայն փաստաթուղթը դեռ նախագծի փուլում է։

Միջազգային գործընթացներում ռազմավարության առկայությունն ինքնին այլևս բավարար չէ։ Կարևոր է նաև՝ ապահովվա՞ծ է արդյոք ֆինանսավորումը, գործում է՞ մոնիթորինգի համակարգ, կան՞ չափելի արդյունքներ, և պետական մարմիններն ու տեղական համայնքները կարողանո՞ւմ են այդ նպատակները վերածել գործնական քաղաքականության։

Այս տեսանկյունից կարևոր է պահպանվող տարածքների ցուցանիշը։ Այսօր Հայաստանում պետական հատուկ պահպանվող տարածքները կազմում են շուրջ 386,355 հեկտար կամ երկրի տարածքի մոտ 13%-ը։ Այլ արդյունավետ պահպանության միջոցառումների ներքո գտնվող աշխարհագրորեն սահմանված տարածքների՝ OECM-ների ներառմամբ ցուցանիշը հասնում է 17.1%-ի։ Սա դեռ ցածր է թե՛ Կունմին-Մոնրեալի 30%-ի գլոբալ թիրախից, թե՛ Հայաստանի՝ մինչև 2030 թվականը սահմանած առնվազն 20%-ի ցուցանիշից։

Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանի խնդիրը միայն պահպանվող տարածքների մակերեսի ընդլայնումը չէ։ Կարևոր է նաև դրանց կառավարման որակը՝ արդյոք այդ տարածքները արդյունավետ են պահպանվում, որքանով են փոխկապակցված, և ինչ ճնշումներ կան դրանց վրա։

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներ

Անտառներ, հողեր և հանքեր․ ինչ խնդիրներ կան Հայաստանում

COP17-ի համատեքստում Հայաստանի բնապահպանական խնդիրներից մեկը անտառների վիճակն է։ Անտառները զբաղեցնում են Հայաստանի տարածքի 11-12%-ը, մինչդեռ 1990-ականների սկզբին էներգետիկ ճգնաժամի և զանգվածային հատումների հետևանքով անտառածածկ տարածքը 8%-ից էլ պակաս էր։

Խնդիրը միայն անտառածածկ տարածքի չափը չէ։ Կարևոր է նաև անտառների որակը, վերականգնման աշխարհագրությունը և կլիմայական փոփոխությունների նկատմամբ դրանց դիմադրողականությունը։ Եթե վերականգնումը կենտրոնացած է մի քանի մարզերում, ապա երկրի մասշտաբով անտառային քաղաքականության ազդեցությունը կարող է անհավասար լինել։

Ինֆոպատկերը ստեղծվել է Ամփոփ Մեդիայի կողմից 2019թ․-ին

Մեկ այլ լուրջ խնդիր հողերի դեգրադացիան է։ Հայաստանի տարածքի շուրջ 70%-ը տարբեր աստիճանի անապատացման է ենթարկվում, իսկ մոտ 30%-ը համարվում է խիստ դեգրադացված։

Այս ցուցանիշները կարևոր են, որովհետև կենսաբազմազանությունը միայն կենդանիների, բույսերի կամ հատուկ պահպանվող տարածքների հարց չէ։ Այն կապված է հողօգտագործման, ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, կլիմայական հարմարվողականության և տնտեսական քաղաքականության հետ։

Այս կապը հատկապես տեսանելի է հանքարդյունաբերության դեպքում։ Հանքարդյունաբերությունը շարունակում է կարևոր դեր խաղալ Հայաստանի տնտեսության մեջ, բայց այն նաև բնապահպանական լուրջ ռիսկեր է ստեղծում։ 2023 թ-ին հաստատված հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության իրավական վերլուծությունը մտահոգություններ է առաջացնում տարածքային սահմանափակումների, այդ թվում՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում հանքարդյունաբերական գործունեության հնարավորության շուրջ։

Ինֆոպատկերը ստեղծվել է Ամփոփ Մեդիայի կողմից 2019թ․-ին

COP17-ի նախագահության պայմաններում այսպիսի հարցերը կարող են ավելի մեծ ուշադրության արժանանալ։ Սա ոչ միայն բնապահպանական, այլև միջազգային վստահելիության հարց է․ դժվար է համաշխարհային հարթակում առաջնորդել բնության պահպանության օրակարգը, եթե երկրի ներսում նույն ոլորտի խնդիրները շարունակում են մնալ չլուծված կամ պատշաճ չներկայացված։

Ամուլսարից մինչև Ողջի․ ինչպես կարող են ներքին խնդիրները հայտնվել միջազգային օրակարգում

Հայաստանի համար կենսաբազմազանության և տնտեսական զարգացման միջև հակասության ամենահայտնի օրինակներից մեկը Ամուլսարի ոսկու հանքի շուրջ ձևավորված իրավիճակն է։ Հանքի շահագործման հետ կապված որոշումները, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների տեղափոխման թույլտվությունը, տարիներ շարունակ դարձել են իրավական վեճերի, հանրային քննարկումների և բնապահպանական մտահոգությունների առարկա։

Այսպիսի դեպքերը ցույց են տալիս, որ COP17-ի ընթացքում Հայաստանի նկատմամբ ուշադրությունը կարող է կենտրոնանալ ոչ միայն համաժողովի կազմակերպման, այլև այն հարցի վրա, թե ինչպես է երկիրը համադրում տնտեսական զարգացման նպատակներն ու բնապահպանական պարտավորությունները։

Այս համատեքստում առանձին ուշադրության է արժանի նաև արտաքին քննադատությունը։ 2026 թվականի հունիսի 19-ին Environmental Protection First անվամբ ներկայացող ադրբեջանական բնապահպանական կոալիցիան բաց նամակով դիմել է COP17-ի նախագահությանը և Leaders for Nature նախահամաժողովային հանդիպման մասնակիցներին։

Նամակում կոալիցիան բարձրացրել է Ողջի գետի ավազանի միջսահմանային աղտոտման հարցը՝ այն կապելով Հայաստանում հանքարդյունաբերության հետ, և կոչ արել ապահովել ավելի թափանցիկ մոնիթորինգ, պատասխանատու հանքարդյունաբերություն և տվյալների հանրային հասանելիություն։

Հայաստանի հանքարդյունաբերության բնապահպանական ազդեցության մասին կան փաստական հիմքեր։ 2018 թ-ին Journal of Chemistry-ում հրապարակված ուսումնասիրությունը, 2014-2016 թվականների նմուշառումների հիման վրա, Ողջի գետավազանի մի քանի կետերում արձանագրել է մկնդեղի, պղնձի, մոլիբդենի, կոբալտի, նիկելի և ցինկի բարձր պարունակություն՝ կապված Կապանի հանքի և լքված Կավարտի հանքավայրի ազդեցության հետ։ Մեկ այլ հետազոտության համաձայն՝ գետի ջրի որակը հանքային գոտուց ներքև վատանում է՝ II դասից հասնելով III-IV դասի։

Այնուամենայնիվ, այս փաստերից ինքնաբերաբար չի հետևում, որ Հայաստանը չունի COP17-ը հյուրընկալելու կամ նախագահելու լեգիտիմություն։ Աղտոտման խնդիրներն իրական են և պահանջում են լուծումներ՝ անկախ արտաքին քննադատություններից։

Մինչդեռ COP17-ի նախաշեմին այդ խնդիրների շուրջ ձևավորվող տեղեկատվական արշավը ցույց է տալիս, թե ինչպես կարող է իրական խնդիրը միաժամանակ դառնալ դիվանագիտական ազդեցության գործիք։

Ինչ կարող է փոխել COP17-ը Հայաստանի համար

COP17-ը ինքնին չի լուծելու Հայաստանի բնապահպանական խնդիրները։ Այն չի կարող մեկ համաժողովով ընդլայնել անտառածածկը, վերականգնել դեգրադացված հողերը կամ փոխել հանքարդյունաբերության կառավարման համակարգը։

Բայց այն կարող է՝

  • Առաջինը՝ բարձրացնել Հայաստանի բնապահպանական քաղաքականության տեսանելիությունը։ Երբ երկիրը նախագահում է նման միջազգային գործընթաց, նրա ներքին որոշումներն ավելի մեծ ուշադրության են արժանանում։
  • Երկրորդը՝ արագացնել ներքին բարեփոխումները։ Եթե COP17-ը դիտարկվի ոչ միայն որպես միջոցառում, այլ որպես քաղաքական հնարավորություն, այն կարող է նպաստել պահպանվող տարածքների, կենսաբազմազանության ռազմավարության, մոնիթորինգի և տվյալների թափանցիկության շուրջ ավելի արագ որոշումների ընդունմանը։
  • Երրորդը՝ ստեղծել ավելի լայն հանրային քննարկում։ Կենսաբազմազանությունը հաճախ ընկալվում է որպես նեղ մասնագիտական կամ բնապահպանական թեմա, մինչդեռ իրականում այն կապված է գյուղատնտեսության, ջրի, հողերի, հանքերի, զբոսաշրջության, առողջության և տեղական համայնքների կյանքի հետ։

Եթե COP17-ը մնա միայն արարողակարգային իրադարձություն, դրա երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի համար սահմանափակ կլինի։ Բայց եթե այն օգտագործվի որպես առիթ՝ բնապահպանական քաղաքականությունը ավելի չափելի, թափանցիկ և հաշվետու դարձնելու համար, համաժողովը կարող է դառնալ ոչ միայն դիվանագիտական ձեռքբերում, այլև ներքին փոփոխությունների խթան։

Հայաստանի համար հիմնական հարցն այն է, թե COP17-ին երկիրը ներկայանալու է միայն որպես հյուրընկալող, թե նաև որպես պետություն, որը պատրաստ է սեփական բնապահպանական խնդիրների մասին խոսել բաց, փաստարկված և լուծումների հստակ օրակարգով։

Հեղինակ՝ Հռիփսիմե Հովհաննիսյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 15/08/2026