Փաշինյանի՝ ԵԱՏՄ-ն «դե ֆակտո կաթվածահար» բնութագրելու հայտարարությունը պետք է դիտարկել վերջին տարիների հայ-ռուսական հարաբերությունների զարգացումների համատեքստում։ Հայաստանի կողմից ԵԱՏՄ-ի ներսում խնդիրների բարձրաձայնումը հատկապես սրվել է 2018-ից հետո, իսկ հայ-ռուսական հարաբերությունների քաղաքական ճգնաժամը խորացավ հատկապես 2022-ից։
Այդ մասին իր 2026թ․ հուլիսի 30-ին իր ճեպազրույցում անդրադարձել էր վարչապետ Փաշինյանը՝ նշելով, որ 2022-ին «ՀԱՊԿ-ն իր գործառույթները չկատարեց»։ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում ունեցած խնդիրների հավաքական ամբողջությունը կարելի է համարել ՌԴ նախագահ Պուտինի առաջարկը՝ ՀՀ-ում հանրաքվե անցկացնել՝ ԵԱՏՄ-ում մնալ-չմնալու կապակցությամբ։
Այստեղ առաջանում է որոշակի պարադոքս։ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական և վարչական սահմանափակումները, այդ թվում՝ հայկական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները, Հայաստանի համար ունեն ոչ միայն տնտեսական նշանակություն։ Դրանք ստիպում են Երևանին ավելի բացահայտ խոսել այնպիսի խնդիրների մասին, որոնք նախկինում շատ ավելի զգուշորեն էին բարձրաձայնվում՝ ԵԱՏՄ-ի ներսում կանոնների կիրառման, ընդհանուր շուկայի իրական հասանելիության և անդամ պետությունների նկատմամբ հավասար վերաբերմունքի մասին։
Այս իմաստով օրինակ Լարսի անցակետի շուրջ պարբերաբար առաջացող սահմանափակումները կարևոր են, բայց դրանք պետք չէ դիտարկել որպես հիմնական խնդիր։ Լարսը պարզապես տնտեսական կախվածության առավել տեսանելի օրինակներից մեկն է։ Լարսի անցակետում առաջացող խնդիրները ցույց են տալիս, տնտեսական փոխկապակցվածությունը կարող է վերածվել նաև քաղաքական խոցելիության։ Տեխնիկապես պարտադիր չէ, որ Լարսում առաջացող յուրաքանչյուր սահմանափակում քաղաքական հրահանգ լինի։ Սակայն քաղաքական ազդեցության համար բավական է ունենալ այնպիսի տնտեսական կամ ենթակառուցվածքային լծակներ, որոնցից մյուս կողմը չափազանց մեծ կախվածություն ունի։
Սա հանդիսանում է ԵԱՏՄ-ի խնդրի խորքային կողմերից մեկը։ Տնտեսական ինտեգրման իմաստը ոչ միայն առևտուրն է, այլև կանխատեսելիությունը։ Եթե միության ներսում ապրանքների ազատ տեղաշարժի իրավունքը կարող է գործնականում սահմանափակվել, ապա անդամակցությունը շարունակում է գոյություն ունենալ իրավական մակարդակում, բայց դրա տնտեսական բովանդակությունը դառնում է ավելի անկայուն։
Այդ պատճառով Հայաստանի դժգոհությունը ոչ միայն «հայ-ռուսական քաղաքական վեճն է», այլև ԵԱՏՄ-ում գոյություն ունեցող ինստիտուցիոնալ սահմանափակումները, որոնք ի հայտ են գալիս որպես քաղաքական անհամաձայնությունների հետևանքներ։

Կա ևս մեկ էական հանգամանք։ Եթե ԵԱՏՄ-ի շրջանակում անդամակցությունը սկսի ընկալվել որպես պարտադիր աշխարհաքաղաքական կողմնորոշման ենթադրող համակարգ, խնդիրը կարող է դուրս գալ Հայաստանի սահմաններից։ ԵԱՏՄ մյուս անդամները ևս տարբեր չափերով փորձում են խորացնել հարաբերությունները Եվրամիության անդամ պետությունների, ԱՄՆ-ի և այլ կենտրոնների հետ։ Հետևաբար Հայաստանի նկատմամբ «կամ ԵԱՏՄ, կամ Արևմուտք» տրամաբանության կիրառումը կարող է վաղ թե ուշ նույն հարցն առաջացնել նաև այլ անդամ երկրների մոտ։ Սա Ռուսաստանի համար սահմանափակում է ստեղծում։ Մոսկվան կարող է դժգոհ լինել Հայաստանի եվրոպական մերձեցումից, բայց եթե ԵԱՏՄ-ն սկսի անդամ պետություններից պահանջել վերջնական աշխարհաքաղաքական կողմնորոշում, ապա վտանգի տակ կհայտնվի ոչ միայն Հայաստանի անդամակցությունը, այլև միության՝ որպես բազմակողմ տնտեսական կառույցի տրամաբանությունը։
ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն, իհարկե, տնտեսական և մաքսային կառույցներ են, սակայն Հայաստանի դեպքում դրանք դժվար է տարանջատել քաղաքականությունից․ տնտեսական կախվածություններն ու այլընտրանքները ի վերջո վերածվում են նաև քաղաքական հնարավորությունների և սահմանափակումների։
Ինչու հնարավոր չէ միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում
Այս հարցում հանրային բանավեճում հաճախ խառնվում են երկու տարբեր հասկացություններ։ Հայաստանը կարող է միաժամանակ առևտուր անել Ռուսաստանի և Եվրոպայի հետ, ունենալ տնտեսական համաձայնագրեր թե՛ ԵՄ-ի, թե՛ ԵԱՏՄ երկրների հետ և զարգացնել հարաբերությունները երկու ուղղություններով։ Խնդիրը լիարժեք անդամակցությունն է։
ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն մաքսային միություններ են, որի անդամները գործում են ընդհանուր մաքսային տարածքի և միասնական արտաքին մաքսային քաղաքականության շրջանակում։ Հետևաբար երկու համակարգերում լիարժեք անդամակցությունը տեխնիկական և իրավական լուրջ անհամատեղելիություն է ստեղծում։ Եթե Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, արտաքին աշխարհի նկատմամբ մաքսային քաղաքականության մի շարք առանցքային հարցերում այն չի կարող գործել որպես առանձին ազատ առևտրային տարածք։ Իսկ ԵՄ-ին լիարժեք անդամակցությունը ենթադրում է ներգրավվել ԵՄ միասնական մաքսային և առևտրային համակարգում։
Հետևաբար ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը և ԵՄ-ին անդամակցելը նույն բանը չեն։ Առաջինը կարող է համատեղվել ԵԱՏՄ անդամակցության հետ։ Երկրորդը՝ արդեն այլ իրավիճակ է ստեղծում։
Սա է նաև Փաշինյանի՝ հանրաքվեի վերաբերյալ դիրքորոշման իրավաքաղաքական տրամաբանությունը։ Նա փաստացի ասում է, որ Հայաստանը չի պատրաստվում քաղաքացիներին կանգնեցնել երկու ամբողջությամբ պատրաստ տարբերակների առաջ, երբ դրանցից մեկը դեռ գոյություն ունի միայն հեռանկարային մակարդակում։
Այս մոտեցումը նաև ժամանակ է տալիս Հայաստանին։ Քանի դեռ ԵՄ անդամակցության գործընթացը վերջնական և առարկայական փուլում չէ, Երևանը կարող է պահպանել ԵԱՏՄ-ի տնտեսական հնարավորությունները՝ միաժամանակ զարգացնելով եվրոպական ուղղությունը։ Սակայն այստեղ կա մեկ կարևոր փոխադարձ ուղերձ, որին վարչապետ Փաշինյանն անդրադարձել էր վերը նշված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։ Դա Միության ներսում Հայաստանի տնտեսական շահերի պաշտպանության պահանջն է։
Երևանը փաստացի ասում է, որ եթե ցանկանում եք, որ Հայաստանը շարունակի մնալ ԵԱՏՄ-ում, ապա այդ անդամակցությունը ոչ միայն պետք է լինի Հայաստանի ցանկությունը, այլև ունենա իրական տնտեսական արժեք։
Վարչապետի հայտարարությունը բացի Մոսկվայից, կարելի է համարել նաև ուղերձ Բրյուսելին․ Հայաստանը չի կարող իր գործող տնտեսական համակարգը թողնել հանուն մի հեռանկարի, որի վերջնական արդյունքը դեռևս երաշխավորված չէ։
Անվտանգությունը, տնտեսությունը և ընտրության միջավայրի ստեղծումը
Հայաստանի արտաքին քաղաքականության վերջին տարիների ամենակարևոր փոփոխությունը գործընկերների շրջանակի ընդլայնումն է։ Սակայն այդ գործընթացը պետք չէ ընկալել պարզապես զուտ Ռուսաստանին այլ դաշնակիցներով փոխարինելու միտում։
Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, Ֆրանսիայի հետ պաշտպանական կապերի խորացումը, Իրանի հետ էներգետիկ և հաղորդակցային համագործակցությունը, իսկ Եվրամիության հետ՝ տնտեսական, լոգիստիկ և մաքսային կապերի զարգացումը տարբեր ուղղություններով, փորձ է արվում լուծել Հայաստանի, թերևս մինչև օրս ունեցած մեծագույն խնդիրը՝ այլընտրանքի բացակայությունը։ Այս ուղղությունների կարևորությունը հենց այն է, որ դրանցից յուրաքանչյուրը նվազեցնում է Հայաստանի որոշակի կախվածությունը։ Սակայն այստեղ էլ պետք է խուսափել չափազանց պարզեցված պատկերից։ Այս գործընկերներից որևէ մեկը կարճաժամկետ հեռանկարում չի կարող ամբողջությամբ փոխարինել Ռուսաստանին Հայաստանի տնտեսության կամ անվտանգության համակարգում։ Ուստի դիվերսիֆիկացման իմաստը ոչ թե Ռուսաստանի հետ կապերը զրոյացնելն է, այլ մեկ կենտրոնից կախվածությունը նվազեցումը։
Եվ այստեղ, թերևս, Հայաստանի ներկայիս ռազմավարության ամենակարևոր գաղափարն է։ Հայաստանը փորձում է ոչ թե անմիջապես կատարել աշխարհաքաղաքական վերջնական ընտրություն, այլ նախ ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում այդ ընտրությունը իրական կլինի։ Այս մոտեցմամբ Հայաստանի քաղաքականության մեջ ԵՄ-ն, Հնդկաստանը, Ֆրանսիան և Իրանը պարզապես տարբեր գործընկերներ չեն։ Նրանք Հայաստանի համար ընտրության միջավայր ստեղծող գործոններ են։
Եթե Հայաստանը կարողանա ունենալ մի քանի անվտանգային գործընկեր, մի քանի էներգետիկ և հաղորդակցային ուղղություն, մի քանի շուկա և ավելի բազմազան արտաքին տնտեսական կապեր, ապա ապագայում նրա հարաբերությունները Ռուսաստանի կամ ԵՄ-ի հետ այլևս չեն կառուցվի միայն «մեկ կենտրոնից կախվածության» հարցի շուրջ։
Եվ հենց այստեղ է Փաշինյանի ԵԱՏՄ ելույթի ամենահետաքրքիր ենթատեքստերից մեկը։ Նա նշում է, որ Հայաստանի համար այլընտրանքների գոյությունը կարող է օգտակար լինել նաև հենց ԵԱՏՄ-ին։ Առաջին հայացքից սա հակասական է. Ինչպե՞ս կարող է ԵԱՏՄ-ին ձեռնտու լինի իր անդամի՝ այլ ուղղություններով ինտեգրվելը։
Պատասխաններից մեկը մրցակցությունն է։ Եթե Հայաստանը այլընտրանք չունի, ԵԱՏՄ-ն կարող է պահպանել Հայաստանը հիմնականում կախվածության ուժով։ Եթե Հայաստանը այլընտրանքներ ունի, ԵԱՏՄ-ն ստիպված է դառնալ ավելի արդյունավետ և ավելի գրավիչ՝ Հայաստանը պահելու համար։ Այս իմաստով Փաշինյանի ուղերձը կարելի է կարդալ հետևյալ կերպ․ Հայաստանը չի ասում, որ պատրաստվում է վաղը լքել ԵԱՏՄ-ն։ Բայց նաև չի ընդունում այն տրամաբանությունը, ըստ որի ԵԱՏՄ անդամ լինելը նշանակում է փակել այլ տնտեսական և անվտանգային ուղղությունները։
Իսկ սա արդեն ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ ԵԱՏՄ-ի համար սկզբունքային հարց է։ Եթե միությունը կարող է գոյություն ունենալ որպես տնտեսական ինտեգրման համակարգ, որի անդամները միաժամանակ հարաբերություններ են զարգացնում ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Իրանի և այլ կենտրոնների հետ, ապա այն կարող է պահպանվել որպես բազմակողմ կառույց։ Եթե դրա գոյության նախապայմանը անդամների աշխարհաքաղաքական մեկուսացումն է, ապա ներքին հակասությունները ժամանակի ընթացքում միայն խորանալու են։
Հայաստանի ներկայիս քաղաքականության հիմնական հարցը, հետևաբար, ԵԱՏՄ-ից դուրս գալը կամ մնալը չէ։ Ավելի խորքային հարցն այն է՝ կարո՞ղ է Հայաստանը ձևավորել այնպիսի իրականություն, երբ իր արտաքին քաղաքական ընտրությունները կախված չեն լինի մեկ կենտրոնի տնտեսական կամ անվտանգային հնարավորություններից։ Եթե այդ իրավիճակը ստեղծվի, ապա ԵԱՏՄ-ում մնալը կարող է լինել ավելի ինքնուրույն որոշում։ Եթե ԵՄ-ին անդամակցելու հարցը դառնա իրապես շոշափելի, ապա Հայաստանը կարող է այն քննարկել ոչ թե գոյություն ունեցող կախվածությունը մեկ այլ կախվածությամբ փոխարինելու տրամաբանությամբ, այլ արդեն ձևավորված ընտրության պայմաններում։
Իսկ եթե այդ փորձը հաջողվի, այն կարող է ցույց տալ նաև մյուս անդամներին, որ ԵԱՏՄ-ի և արտաքին աշխարհի միջև ընտրությունը պարտադիր չէ ընկալել որպես զրոյական գումարով խաղ։ Հայաստանի խնդիրը ներկայումս ոչ այնքան «ԵԱՏՄ, թե՞ ԵՄ» հարցին պատասխանելն է, այլ իրական այլընտրանքներ ձևավորելը։
Հեղինակ՝ Արայիկ Մկրտումյան
Կարդացեք նաև
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 13/08/2026









