Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց բարձրաստիճան հոգևորականների դեմ քրեական գործով առաջին դատական նիստն օգոստոսի 7-ին ավարտվել է՝ դեռևս չհասնելով մեղադրանքի բովանդակային քննությանը։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել, և գործը պետք է վերամակագրվի մեկ այլ դատավորի։
Նիստի սկզբում դատավորը որոշել էր սահմանափակել լսումների հրապարակայնությունը՝ պատճառաբանելով, որ դրանց ընթացքում կարող են հրապարակվել մասնավոր կյանքին վերաբերող տեղեկություններ։ Լրագրողները դուրս էին հրավիրվել դահլիճից։ «Ազատության» հաղորդմամբ՝ Գարեգին Բ-ն դատարան էր ներկայացել յոթ փաստաբանից կազմված պաշտպանական թիմով, իսկ նիստին ներկա էր նաև գործով տուժող ճանաչված Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանը՝ նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Շուտով, սակայն, նիստը դադարեցվել է։ Կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողներին հայտնել է, որ դատավոր Մանուկյանը նախկինում փաստաբան է եղել, և նրա փաստաբանական արտոնագիրը ժամանակին հանձնել է հենց Զոհրաբյանը՝ որպես Փաստաբանների պալատի նախագահ։
Դատավորը համարել է, որ այդ հանգամանքը կարող է կասկածներ առաջացնել իր անաչառության վերաբերյալ և ինքնաբացարկ է հայտնել։ Զոհրաբյանի գնահատմամբ՝ այդ հանգամանքը ինքնաբացարկի պարտադիր հիմք չէր։
Գործն այժմ պետք է պատահական բաշխմամբ մակագրվի մեկ այլ դատավորի, որից հետո կնշանակվի նոր նախնական դատալսում։ Օգոստոսի 7-ի դրությամբ հաջորդ նիստի ամսաթիվ հայտնի չէր։
Ինչի համար են մեղադրվում կաթողիկոսն ու եպիսկոպոսները
Քրեական գործը ծագել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի շուրջ եկեղեցական և դատական վեճից։
2026 թվականի հունվարի 10-ին Գարեգին Բ-ի տնօրինությամբ Սարոյանն ազատվել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Նա որոշումը վիճարկել էր դատարանում։ Հունվարի 17-ին դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, որոշել էր մինչև գործով վերջնական դատական ակտը պահպանել Սարոյանի՝ թեմը ղեկավարելու հնարավորությունը և չխոչընդոտել նրա լիազորությունների իրականացմանը։ Հետագայում Մայր Աթոռը Սարոյանին կարգալույծ է հռչակել։
Մեղադրանքի կողմի դիրքորոշմամբ՝ Գարեգին Բ-ն և Գերագույն հոգևոր խորհրդի անդամները դրանով խոչընդոտել են դատարանի որոշման կատարմանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։
Բացի Գարեգին Բ-ից, գործով մեղադրյալներ են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։
Մայր Աթոռի դիրքորոշումը հետևյալն է․ եկեղեցական կողմը պնդում է, որ հոգևորականի պաշտոնից ազատման և կարգալուծության հարցերը եկեղեցու ներքին ինքնավարության տիրույթում են, և աշխարհիկ դատարանի միջամտությունը խախտում է եկեղեցու ինքնուրույնությունը։ Reuters-ին իրավապաշտպան Աննա Մելիքյանը ևս ասել է, որ գործը լուրջ հարցեր է առաջացնում եկեղեցու սահմանադրական անկախության և դատական համակարգի անաչառության վերաբերյալ։
Դատարանից՝ Մայր Աթոռ
Դատարանի բակում հավաքվել էին կաթողիկոսի աջակիցներ, հոգևորականներ և ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Մի շարք ընդդիմադիր գործիչներ, լրագրողների հետ զրույցներում, դատավարությունը որակել են որպես միջամտություն եկեղեցու ներքին գործերին։
Նիստից հետո Գարեգին Բ-ն հոգևորականների և հավաքված քաղաքացիների ուղեկցությամբ ոտքով վերադարձել է Մայր Աթոռ՝ երեկոյան ժամերգության։ Մայր Տաճարում ունեցած խոսքում կաթողիկոսը կրկին պնդել է, որ եկեղեցին և հոգևորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդման, իսկ իր և մյուս հոգևորականների դեմ գործը համարել է անհիմն։
Գործը տեղի է ունենում իշխանություն–եկեղեցի երկարատև հակադրության ֆոնին։ Reuters-ը այն բնութագրում է որպես Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության դեմ մինչ այժմ եղած ամենանշանակալի իրավական գործընթացը։
Ամփոփ Մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 08/08/2026









