Մեր մասին Էթիկա
Էկոլոգիա

Երկու կողմ՝ մեկ տարածքում

Ինչպես պաշտպանել և՛ մեղվապահի եկամուտը, և՛ արջի գոյությունը

Երևանից մոտ 136 կմ հեռու՝ Վայոց ձորի լեռնային Եղեգիսում, մարդն ու վայրի բնությունը կիսում են նույն տարածքը։ Այս հատվածը Կովկասի կենսաբազմազանության «թեժ կետի» մաս է՝ աշխարհի 36 տարածքներից մեկի, որտեղ բնությունը միաժամանակ բացառիկ հարուստ է և խոցելի։

Այստեղ ապրում են Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծը, գորշ արջն ու կովկասյան հովազը՝ հազվադեպ հանդիպող կենդանիներ, որոնց գոյությունը կարևոր է ամբողջ էկոհամակարգի պահպանման համար։

Սակայն բնության այս հարստությունն ունի նաև իր հակառակ կողմը․ այնտեղ, որտեղ մարդու բնակավայրն ու վայրի կենդանիների կենսատարածքը մոտենում են իրար, բախումներն անխուսափելի են դառնում։ Եղեգիսում դրա հետևանքներն առավել հաճախ զգում են գյուղացիները, հատկապես՝ մեղվապահները։ Արջի ընդամենը մեկ գիշերային այցը կարող է նրանց զրկել ամիսների աշխատանքի արդյունքից։

Գորշ արջերը մտնում են բնակավայրեր, վնասում այգիները, ավերում մեղվափեթակները, սպանում ընտանի կենդանիներին և վնասում մասնավոր գույքը։ Գյուղացիների համար այդ հանդիպումները ոչ միայն բնապահպանական, այլև անմիջական տնտեսական խնդիր են։

Վայոց ձորում մեղվապահները հաճախ չեն տեսնում, թե ինչպես է արջը մոտենում իրենց տնտեսությանը։ Նրա այցի մասին իմանում են առավոտյան՝ ավերված ու դատարկված փեթակներից։ Սակայն արջը մոտենում է ոչ բոլոր տներին ու մեղվանոցներին․ Եղեգիսի նույն տարածքում կան տնտեսություններ, որոնք տարիներ շարունակ շրջանցվում են։ Տարբերությունը հաճախ ոչ թե պատահականությունն է, այլ այն, թե ինչպես է մարդը փորձում պաշտպանել իր ունեցվածքը։

Վայոց ձորում մարդ-արջ կոնֆլիկտը լուրջ մարտահրավեր է դարձել։

Մարզային մասշտաբով պատկերն ավելի ցայտուն է։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից տեղեկացնում են, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ընդհանուր առմամբ գրանցվել է արջերի՝ բնակավայրեր մուտք գործելու 100–200 դեպք, իսկ դրանց պատճառած վնասը տարեկան գնահատվել է 12-20 միլիոն դրամ։

Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասաց, որ 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին մարզում գրանցվել է արջերի՝ բնակավայրեր մուտք գործելու 19 դեպք։ Դրանցից 8-ը եղել է Շատին գյուղում, որտեղ հատկապես տուժել են հավերն ու ճագարները։ Մյուս դեպքերում վնասվել են պտղատու ծառեր, խոշոր եղջերավոր կենդանիներ և մեղվափեթակներ։

Ստեղծված իրավիճակից մեծ կորուստ են կրում մեղվապահները։

Տիկին Գրետան 1985 թ․-ից Եղեգիս գյուղում մեղվաբուծությամբ է զբաղվում։ Տասնամյակներ առաջ նա որոշեց փեթակները պահելու ավանդական–պապական եղանակը զուգակցել գիտականին։  Այսօր ունի 30 փեթակ, զբաղվում է նաև մայրաբուծությամբ և իր մեղվաընտանիքները ամռանը տեղափոխում է տարբեր գոտիներ՝ Երասխավանից մինչև Հերմոն ու Գողթանիկ՝ կախված եղանակից։


Բայց վերջին տարիներին նրա առօրյային ավելացել է մի նոր, անհանգիստ սովորույթ՝ սպասել, թե երբ կգա իր «թաղի հերթը»։ Նա հավատացած է, որ յուրաքանչյուր գյուղամաս ունի իր «սեփական» արջը, որը գալիս է կոնկրետ արահետով, և բնակիչներն արդեն գիտեն՝ որտեղից սպասել վտանգը. «արջերը իրենց տարածքները պահում են շների նման, նրանց մոտ նույնպես սննդի կռիվ է»։

Տիկին Գրետայի բացատրության մեջ էլ թաքնված է այս պատմության հիմնական հարցը՝ ինչո՞ւ է արջը հայտնվել այնտեղ, որտեղ նախկինում չէր հայտնվում։ Մեղավորը մարդն է, ասում է տիկին Գրետան։

«Անասնաբուծությամբ էլ չի զբաղվում ժողովուրդը, անասուններ չկան, կեր չկա անտառներում… մի անասուն էլ արջն է, նա էլ պիտի ապրի, կենդանի է, բնական պահանջ է, ինքը պետք է ուտի-ապրի։ Այն ժամանակներում ապրում էին դաշտերում, հիմա սովխոզ-կոլխոզները վերացել են»։

Նա հիշում է, որ մի ժամանակ գյուղի ամեն տուն նվազագույնը հինգ կով ու մի քանի տասնյակ ոչխար էր պահում, իսկ այսօր ամբողջ գյուղում մնացել է ընդամենը 30 կով և երկու ընտանիքի պատկանող մոտ 100 գլուխ ոչխար։ Խոտհարքերն էլ անգործության են մատնված։ Գրետան նշում է, որ իրենց 10 հեկտար խոտհարքը գրեթե ոչ ոք չի հնձում, թեև առաջարկում են անվճար վերցնել։

Գրետա Այվազյան, Եղեգիս գյուղի բնակիչ, մեղվապահ

Հակադրություն գյուղի ներսում. ով է պաշտպանված, ով՝ ոչ

Եղեգիսի և հարակից Հորս գյուղի մեղվապահների հետ զրույցներից ի հայտ է գալիս մի կարևոր օրինաչափություն. կանխարգելումը հասանելի է, բայց ոչ հավասարաչափ։

Նրանք, ովքեր օգտվում են էլեկտրական հովիվներից, գոհ են։

Նարինե Բաբայանը 20 տարեկանից զբաղվում է մեղվաբուծությամբ։ Պատմում է, թե ինչպես հարևանի բոլոր հավերը արջը տարել-կերել է, մինչդեռ իր փեթակները՝ հավի բնին մոտ, փրկվել են հենց էլեկտրական հովվի շնորհիվ։

Գրետան նույնպես կանոնավոր օգտագործում է շարժական, արևային մարտկոցով աշխատող էլեկտրական հովիվ, որը տեղափոխում է իր փեթակների հետ մեկտեղ։

Հորս գյուղի դպրոցի տնօրեն Մխիթար Վարդանյանը 50 փեթակ ունի։ Ասում է, որ իր փեթակները փրկված են, քանի որ գտնվում են հենց տան դիմաց, բայց հարևանների՝ գյուղից քիչ հեռու գտնվող  փեթակները չեն փրկվել․ արջը երեք-չորս փեթակը ավերել է։ Մխիթարը պատմում է, որ գյուղում ոչ բոլորն են տեղադրում էլեկտրական հովիվներ։ Որոշ մեղվապահներ էլ  ապավինում են «բախտին»։ Գյուղի մեկ այլ բնակիչ Դավիթ Սաֆարյանը խոստովանում է, որ ինքը ոչինչ չի ձեռնարկել իր փեթակները պաշտպանելու համար. «ոչ մի բան էլ չենք անում, ինքն էլ  վայրի կենդանի է, պիտի օգտվի»։

Ինչու՞ են արջերը գալիս գյուղ․ գիտնականներն այլ պատասխան ունեն

Արջերը  բնակավայրեր են մտնում  արդեն 10-15 տարի։ Նրանց այցերը գնալով ավելի հաճախակի են դառնում։ Կենդանաբանական թանգարանի վարիչ, գիտնական Անդրանիկ Գյոնջյանը նշում է, որ պատճառները բազմազան են և մարդածին։

«Գլխավոր պատճառներից են աղբի խնդիրը, մարդու կողմից վայրի կենսամիջավայրերի յուրացումը, կլիմայական փոփոխությունները և գետային ռեժիմի փոփոխությունները։ Ամբողջ աշխարհում այս կոնֆլիկտը լուծելու նախադեպ չկա, բայց հնարավոր է այն մեղմել ճիշտ մեխանիզմներով»:

Գյոնջյանի խոսքով՝ մարդ-արջ կոնֆլիկտը մեղմելու ամենաէֆեկտիվ մեխանիզմը էլեկտրական հովիվների  կիրառումն է, հատկապես փոքր տնտեսությունների և մեղվաբուծարանների համար։ Մեծ այգիների պարագայում դա բավականին թանկարժեք և բարդ խնդիր է։

«Մարդիկ պետք է հասկանան, որ մենք գործ ունենք լուրջ գիշատիչ կենդանու հետ, և 20-30 տարի առաջվա ապահով վիճակն այլևս չկա։ Գյուղատնտեսական տարածքները հաճախ սահմանազատված չեն վայրի բնությունից, և կենդանիները դրանք ընկալում են որպես իրենց սեփական կենսամիջավայր։ Սննդի պակասը հիմնական գործոնը չէ, քանի որ վայրի բնությունում սնունդը վատ վիճակում չէ։ Պարզապես արջերը գալիս են հեշտ և որակյալ սննդի հետևից և նույնիսկ սկսել են չհեռանալ գյուղերից՝ հանգստանալով մոտակա ձորակներում»։

Այս կոնֆլիկտի լուծումը ենթադրում է այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան, որ մարդը և վայրի բնությունը համատեղ գոյատևեն։ Կենսաբանը հաստատում է, որ վերջին տարիներին չկա դեպք, որ արջը բնակավայրում նպատակաուղղված հարձակվի բնակիչների վրա։

«Արջերը շատ արագ են ադապտացվում. նրանք աղբանոցներից սնվելով ավելի քիչ էներգիա են ծախսում և ավելի հարուստ սնունդ են ստանում։ Ավելին, մենք ֆոտոթակարդներով տեսնում ենք, թե ինչպես են մայր արջերը իրենց ձագերին սովորեցնում սննդի հայթայթման այս ճանապարհները, ինչը բերում է վարքագծի փոփոխության մի քանի սերունդ հետո»։

Խնդրի լուծման համար Վայոց ձորի մարզպետարանը համագործակցել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ՝ մշակելով եռաստիճան ծրագիր։

Կարճաժամկետ ծրագրերից են էլեկտրական հովիվների տեղադրումը, փողոցային լուսավորության բարելավումը, «խելացի» աղբարկղերի տեղադրումը, որոնք բացելը արջի համար դժվար է (երկքայլանի մեխանիզմով)՝ ի տարբերություն սովորական աղբարկղերի։

Միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերից է բնակավայրերից հեռու վայրի պտղատեսակների (խնձոր, սալոր, տանձ, նուշ, ալոճենի) տնկումը՝ մոտ 20-25 հեկտարի վրա, որպեսզի մի քանի տարի հետո արջերն այնտեղ գտնեն սնունդ և չմոտենան գյուղերին։ Զուգահեռ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը (FPWC) մայիս-հունիս և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կազմակերպում է արջերի կերակրում թարմ մրգերով։ Այս նպատակով միրգը գնվում է հենց  գյուղացիներից։

Լուսանկարները՝ FPWC-ի պաշտոնական կայքից

Անտառապահ Բորիսը հսկում է արջերի շարժը։ Պատմում է, որ կենդանու վարքագիծը հասկանալու համար մշտական հսկողություն է իրականացվում թե՛ իրենց միջոցով, թե՛ տեսախցիկների։ Ամեն ահազանգ գրանցվում ու փաստագրվում է մարզպետարանում։

Հուլիսի 25-ին առաջին անգամ Եղեգիս համայնքի Հորս գյուղում իրականացվեց մեղրի փառատոն, որի նպատակներից էր նաև մարդ-արջ կոնֆլիկտի մեղմումը։ Փառատոնին մարզի տարբեր գյուղերից մեղր արտադրողները ներկայացնում էին իրենց  մեղրը։

Մեղրի փառատոնի տաղավարներից

Միջոցառմանը ցուցադրված էին նաև հատուկ նախագծված խելացի աղբամանները, որոնք արջեր չեն կարող վնասել, ինչպես նաև էլեկտրական հովիվները, որոնք արդեն մի քանի տարի՝ օգտագործվում են արջերին բնակավայրերից հեռու պահելու համար։

Էլեկտրական հովիվները չեն վնասում արջին, ընդամենը թեթև ցնցում են, ինչից կենդանին տհաճություն է զգում ու փախչում”։

Կոնֆլիկտի երկու կողմերն էլ, ըստ էության, պայքարում են նույն բանի՝ գոյատևման համար. մարդը մեղրից եկամուտ է ստանում, արջը՝ անմիջական սնունդ, որը այլևս  չի կարողանում գտնել անտառում։ Այն, ինչ մեկ գյուղում աշխատում է (էլեկտրական հովիվ, զգոն վերաբերմունք), մեկ ուրիշ բակում բացակայում է. գյուղացին չի ցանկանում հավելյալ աշխատանք անել և տեղադրել սարքը։ Տիկին Գրետան այս խնդրի լուծումը չունի. ըստ նրա՝ վերջնական լուծումը արդեն բնապահպանների ուսերին է։

Հեղինակ՝ Սեդա Մարտոյան
Լուսանկարները՝ հեղինակի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 06/08/2026