Մեր մասին Էթիկա
Լրահոս Քաղաքական

Ծառուկյանին պատկանող կոնյակի կոմբինատի բաժնետոմսերի կառավարումը հանձնվել է պետությանը

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 30-ին բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ։ Կառավարումն իրականացվելու է Էկոնոմիկայի նախարարության միջոցով։

Դատախազությունը համապատասխան միջնորդությունը դատարան էր ներկայացրել մեկ օր առաջ՝ հուլիսի 29-ին։ Սա հայցի ապահովման միջոց է և դեռ չի նշանակում, որ ընկերության բաժնետոմսերը վերջնականապես բռնագանձվել կամ պետականացվել են։ Վերջնական որոշումը պետք է կայացվի Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի քննության արդյունքում։

Գլխավոր դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը Հակակոռուպցիոն դատարան ներկայացրել է դեռևս 2023 թվականի հոկտեմբերի 9-ին։ Հայցով պահանջվում է բռնագանձել 75 անշարժ գույք, ևս 10 գույքի շուկայական արժեքը, 42 տրանսպորտային միջոց, մասնակցություններ 38 իրավաբանական անձանցում, ինչպես նաև 105 մլրդ 865 մլն 865 հազար դրամ։

Նույն գործի շրջանակում հուլիսի 13-ին դատախազությունը միջնորդել էր պետությանը հանձնել նաև «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը։ Հակակոռուպցիոն դատարանն այդ միջնորդությունը բավարարել էր հուլիսի 15-ին, իսկ որոշման մասին հանրությանը հաղորդվել էր հուլիսի 16-ին։

Ծառուկյանին պատկանող ակտիվների շուրջ մեկ այլ գործընթաց վերաբերում է «Մուլտի Ուելնես» մարզաառողջարանային համալիրին։ Հուլիսի 16-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հաստատել էր, որ համալիրի շենքն անցել է Երևանի համայնքին։ Քաղաքապետարանի հիմնավորմամբ՝ շենքը կառուցված էր օտարման ոչ ենթակա համայնքային հողատարածքում, և համապատասխան պայմանագրի դադարեցումից հետո դարձել է համայնքային սեփականություն։ Այս գործընթացը, սակայն, իրավական հիմքով տարբերվում է «Արարատցեմենտի» և կոնյակի կոմբինատի բաժնետոմսերի ժամանակավոր կառավարման հանձնումից։ Համալիրը հուլիսի 31-ին վերաբացվել է «Yerevan Wellness» անվամբ։

Այս զարգացումները ժամանակային առումով հաջորդել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդմանը, սակայն ապօրինի գույքի բռնագանձման հայցը ներկայացվել էր դրանից գրեթե երեք տարի առաջ։ Ծառուկյանը ձերբակալվել է այս տարվա հուլիսի 6-ին, իսկ հուլիսի 7-ին դատարանը նրան երկու ամսով կալանավորել է։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու համար։ Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա պաշտպանները այն անհիմն և քաղաքական ենթատեքստ ունեցող են որակում։

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/08/2026