Մեր մասին Էթիկա
Լրահոս Քաղաքական

Լիպարիտ Դրմեյանը զրպարտության հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը հուլիսի 31-ին քաղաքացիական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով հերքել իր հասցեին հնչեցված հայտարարությունները։ Դրմեյանի խոսքով՝ դրանք իրականությանը չեն համապատասխանում և արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը։ Նա առայժմ գումարային պահանջ չի ներկայացրել, սակայն չի բացառել այն հետագայում ավելացնելու հնարավորությունը։

Մեկ օր առաջ՝ հուլիսի 30-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը հրապարակայնորեն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Դրմեյանի վերաբերյալ։ Վարչապետը կասկած էր հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա կարող էր սպասարկել «Տաշիր գրուպի» և «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շահերը, տեղեկություններ փոխանցել քաղաքական ու լրատվական շրջանակներին և գործել կառավարության դիրքորոշմանը հակառակ։ Փաշինյանը իրավապահներին ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կոչ էր արել ստուգել Դրմեյանի գործունեությունը, գույքն ու ֆինանսական միջոցները։

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վարչապետի հրապարակային հաղորդմանն ընթացք է տրվել։ Սակայն հրապարակայնորեն չի մանրամասնվել՝ այն որ մարմնին է փոխանցվել, ինչ ընթացակարգ է սկսվել և արդյոք քրեական վարույթ է նախաձեռնվել։

Վարչապետի հայտարարությունների հիմքում ՀԷՑ-ի շուրջ կառավարության և ընկերության նախկին սեփականատերերի արբիտրաժային վեճն է։ 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի արտակարգ արբիտրը Հայաստանին պարտավորեցրել էր ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի հնարավոր սեփականազրկմանն ուղղված մի շարք քայլերից։ Դրմեյանի ղեկավարած գրասենյակը օգոստոսի 18-ին պարզաբանել էր, որ այդ որոշումը պարտադիր կատարման ենթակա է։ Կառավարության դիրքորոշման հետ հրապարակային հակասությունից հետո Դրմեյանն ազատվել էր պաշտոնից։

Դրմեյանը հերքում է մասնավոր ընկերության շահերը սպասարկելու և շահերի բախում ունենալու մասին պնդումները։ Նա իր նկատմամբ սկսված գործընթացը կապում է ընդդիմադիր քաղաքական գործունեության հետ․ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Դրմեյանը մասնակցել էր «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով։

Առաջիկայում դատարանը պետք է որոշի՝ ընդունո՞ւմ է արդյոք հայցադիմումը վարույթ։ Մինչ այդ վարչապետի հնչեցրած պնդումները իրավական կարգով հաստատված չեն, իսկ Դրմեյանը որևէ մեղադրանքով դատապարտված չէ։

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/08/2026