Մեր մասին Էթիկա
Քաղաքական

ԿԸՀ-ն գրանցել է 2026-ի ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, Ղուկասյանի և Ուրիխանյանի գրանցումը՝ մերժել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մայիսի 3-ի արտահերթ նիստում գրանցել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների մասնակից կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակները։

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հերթականությունը որոշվել է վիճակահանությամբ։

Քանի քաղաքական ուժ է մասնակցում ընտրություններին

ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 կուսակցություն և դաշինք, որոնք ընտրության օրը քվեաթերթիկներում նշված կլինեն հետևյալ հերթականությամբ

1️⃣ Ռեֆորմիստների կուսակցություն
2️⃣ «Բոլորին դեմ Եմ» ժողովրդավարական կուսակցություն
3️⃣ «Ուժեղ Հայաստան» դաշինք (կազմում՝ «Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան»,«Միավորված հայեր» կուսակցություններ)
4️⃣ Հայաստանի շնորհապետական կուսակցություն
5️⃣ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն
6️⃣ «Միասնության թևեր» կուսակցություն
7️⃣ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
8️⃣ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն
9️⃣ Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն
1️⃣0️⃣ Հայ ազգային կոնգրես կուսակցություն
1️⃣1️⃣ «Հանրապետություն» կուսակցություն
1️⃣2️⃣ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն
1️⃣3️⃣ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
1️⃣4️⃣ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
1️⃣5️⃣ Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն
1️⃣6️⃣ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
1️⃣7️⃣ Հայաստան կուսակցությունների դաշինք («Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններ)
1️⃣8️⃣ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն
1️⃣9️⃣ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Միաժամանակ ԿԸՀ-ն մերժել է տարբեր քաղաքական ուժերից 22 թեկնածուների գրանցումը՝ հիմնականում անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով։ Նրանց թվում են նաև «ԴՕԿ» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանը և «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանը:

Տվյալ թեկնածուների փաստաթղթերում մասնավորապես բացակայել են՝

  • վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը,
  • վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին փաստաթուղթը,
  • կամ պատգամավորի թեկնածու գրանցվելու վերաբերյալ գրավոր հայտարարությունը։

ԿԸՀ-ն նշում է, որ թեկնածուները նույնիսկ լրացուցիչ տրված 48 ժամվա ընթացքում չեն ներկայացրել պահանջվող փաստաթղթերը։

Ո՞րն է հաջորդ փուլը

ԿԸՀ-ի հրապարակած ժամանակացույցի համաձայն՝

  • կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակներն ու նախընտրական ծրագրերը կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը,
  • նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 8-ին և կավարտվի հունիսի 5-ին՝ ժամը 24:00-ին,
  • թեկնածուների և քաղաքական ուժերի գույքի ու եկամուտների հայտարարագրերը պետք է ներկայացվեն մինչև մայիսի 13-ը։

Միաժամանակ բանկերը, մայիսի 7-ից սկսած, յուրաքանչյուր երեք աշխատանքային օրը մեկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով կներկայացնեն ընտրություններին մասնակցող ուժերի ֆինանսական հոսքերի վերաբերյալ տվյալները։

ԿԸՀ-ն նաև հատուկ ընդգծել է, որ նախընտրական ծրագրի ներկայացումը օրենքով պարտադիր պահանջ չէ։ Սա նշանակում է, որ ցանկացած քաղաքական ուժ կարող է մասնակցել ընտրություններին նույնիսկ առանց հրապարակված ծրագրի, և դա իրավական հետևանք չի առաջացնի։

Ամփոփ Մեդիա
Հիմնական լուսանկարը՝ Elections.am

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 03/05/2026