Իրանում իշխանության փոխանցումը տեղի է ունեցել Իրանի դեմ ծավալված պատերազմի և սրվող աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում: Երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահից հետո նրա որդին՝ Մոջթաբա Խամենեին, ընտրվել է Իսլամական Հանրապետության նոր գերագույն առաջնորդ։
Ըստ իրանական պետական լրատվամիջոցների՝ որոշումը կայացրել է Իրանի Բանիմացների խորհուրդը՝ երկրի բարձրագույն կրոնական մարմինը։
Իշխանության փոխանցում պատերազմի թեժ պահին
56-ամյա Մոջթաբա Խամենեին ընտրվել է գերագույն առաջնորդ այն բանից հետո, երբ նրա հայրը՝ 86-ամյա Ալի Խամենեին սպանվեց Թեհրանում նստավայրի վրա ԱՄՆ-Իսրայել համատեղ իրականացված հրթիռային հարվածների հետևանքով: Նույն հարձակման հետևանքով զոհվել են նաև Խամենեի ընտանիքի մի քանի անդամներ։
Համաձայն լրատվամիջոցների, հարձակման ժամանակ զոհվել են նաև Մոջթաբայի մայրը, քույրերից մեկը, ինչպես նաև կրտսեր Խամենեիի կինը:
Իրանի Բանիմացների խորհուրդը՝ կազմված 88 կրոնական գործիչներից և ունի գերագույն առաջնորդ ընտրելու իրավասություն, հայտարարել է, որ Խամենեին ընտրվել է «վճռական քվեարկությամբ» և կոչ է արել իրանցիներին պահպանել միասնականությունն ու աջակցել նոր առաջնորդին։
Euronews-ի փոխանցմամբ՝ Մոջթաբա Խամենեին դառնում է Իսլամական Հանրապետության պատմության մեջ երրորդ գերագույն առաջնորդը: Նա հաջորդում է հորը՝ Ալի Խամենեիին, ով այդ պաշտոնը ստանձնել էր 1989 թվականին՝ հեղափոխության առաջնորդ Ռուհոլլահ Խոմեյնիի մահից հետո:
Ռազմական անցյալ և կապեր ուժայինների հետ
Մոջթաբա Խամենեին ծնվել է 1969 թ․-ին Իրանի Մաշհադ քաղաքում։ Euronews-ի տվյալներով՝ դեռ պատանի տարիներից նա մասնակցել է Իրան-Իրաք պատերազմին՝ ծառայելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Հաբիբ» գումարտակում։
Վերլուծաբանների կարծիքով՝ հենց այդ ժամանակաշրջանում ձևավորված կապերը ռազմական և անվտանգության շրջանակների հետ հետագայում մեծ դեր են խաղացել նրա քաղաքական ազդեցության վրա։
Չնայած պաշտոնական բարձր դիրք երբեք չի զբաղեցրել, Մոջթաբա Խամենեին տարիներ շարունակ համարվել է ազդեցիկ անձ Իրանի իշխանության ներսում։ Al Jazeera-ի համաձայն՝ նա երկար ժամանակ եղել է իր հոր մերձավոր շրջապատի կարևոր անդամներից մեկը և զարգացրել է սերտ կապեր ԻՀՊԿ-ի հետ։
Euronews-ը նշում է, որ նրա անունը հաճախ կապվել է «ստվերային իշխանական ցանցերի» և անվտանգության կառույցների հետ, իսկ որոշ վերլուծաբաններ նրան համարել են կապող օղակ գերագույն առաջնորդի գրասենյակի և անվտանգության կառույցների միջև։
Միևնույն ժամանակ նոր առաջնորդի քաղաքական հայացքները հայտնի չեն։ Նա հազվադեպ է հանդես եկել հրապարակային ելույթներով կամ դիրքորոշումներ հայտնել հիմնական քաղաքական հարցերի շուրջ։
Հակասություններ և մեղադրանքներ
Հետաքրքիր է, որ երկու աղբյուրները տարբեր կերպ են ներկայացնում նրա կրոնական աստիճանը։
Euronews-ը, հղում անելով Ղոմի հոգևոր ճեմարանի լրատվական գործակալությանը, նշում է, որ Մոջթաբան Այաթոլլայի կոչում է ստացել դեռ 2022 թ․-ին:
Al Jazeera-ն պնդում է, որ նա միջին օղակի հոգևորական է՝ Հոջաթոլեսլամ, սակայն հիշեցնում է, որ նրա հայրը նույնպես Այաթոլլա չէր 1989-ին իշխանության գալիս, և օրենքը փոխվեց նրան հարմարեցնելու համար: (Հոջաթոլեսլամ կոչումը շիա հոգևորականության աստիճանակարգում համարվում է միջին օղակ և տրվում է այն հոգևորականներին, ովքեր ավարտել են հոգևոր կրթության հիմնական փուլերը, բայց դեռ չեն հասել բարձրագույն՝ Այաթոլլա («Աստծո նշան») աստիճանին):
Ո՞վ էր Ալի Խամենեին. Իրանի «երկաթյա» առաջնորդի 37-ամյա դարաշրջանի վախճանը
Մոջթաբա Խամենեիի անունը բազմիցս հայտնվել է նաև քաղաքական հակասությունների կենտրոնում։ Al Jazeera-ի հաղորդմամբ՝ ընդդիմադիր շրջանակները տարիներ շարունակ նրան մեղադրել են 2009 թ․-ի ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքների ճնշման գործընթացում դեր ունենալու մեջ։
Բացի այդ, արևմտյան մի շարք լրատվամիջոցներ Մոջթաբային կապել են մեծ ֆինանսական ակտիվների հետ։ Euronews-ի փոխանցմամբ՝ որոշ զեկույցներում նա ներկայացվել է որպես խոշոր ֆինանսական ռեսուրսների հասանելիություն ունեցող անձ, թեև այդ տեղեկությունների ճշգրտությունը դժվար է ստուգել՝ Իրանի տնտեսական կառույցների փակ բնույթի պատճառով։
Իշխանության ժառանգական փոխանցման հարցը
Մոջթաբա Խամենեիի իշխանության գալը նաև գաղափարական քննարկումների տեղիք է տալիս։ 1979 թ․-ի Իրանի հեղափոխությունը հիմնված էր ժառանգական իշխանության մերժման վրա, սակայն որդու կողմից հոր փոխարինումը որոշ վերլուծաբանների կողմից դիտարկվում է որպես հակասություն այդ սկզբունքին։
Al Jazeera-ն նշում է, որ նման իրավիճակը հիշեցնում է հեղափոխությունից առաջ գոյություն ունեցող Փահլավիների միապետական համակարգը, ինչը կարող է նոր քաղաքական քննարկումների պատճառ դառնալ։
Անորոշություն արտաքին քաղաքականության շուրջ
Մոջթաբա Խամենեին երբեք չի զբաղեցրել գործադիր պետական պաշտոն և չունի լայնորեն հայտնի դիվանագիտական փորձ։ Euronews-ի գնահատմամբ՝ դա արտաքին աշխարհում որոշակի անորոշություն է ստեղծում նրա ապագա քաղաքական ուղղության վերաբերյալ՝ հատկապես Իրանի հարաբերությունների, միջուկային բանակցությունների և տարածաշրջանային ռազմավարության հարցերում։ Այնուամենայնիվ, Մոջթաբա Խամենեիի՝ առաջնորդի պաշտոնում նշանակվելը վկայում է Իրանի իշխանական համակարգում առավել արմատական թևի հաղթանակի մասին: Սա ազդակ է, որ պաշտոնական Թեհրանը ներկա փուլում հակված չէ զիջումների կամ արտաքին աշխարհի հետ նոր բանակցությունների
Հատկանշական է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ավելի վաղ ակնարկել էր, որ չի ճանաչի Իրանում իշխանության ժառանգական ցանկացած փոխանցման լեգիտիմությունը։
Պատրաստեց Սուրեն Դեհերյանը
Աղբյուրներ՝ Euronews, Al Jazeera
Գլխավոր լուսանկարը՝ Khamenei.ir կայքից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 09/03/2026










