Մոսկվայի քաղաքային դատարանը 4,5 տարվա ազատազրկման է դատապարտել հայտնի բլոգեր Արսեն Մարգարյանին: Մարտի 5-ին նա մեղավոր է ճանաչվել նացիզմի արդարացման (պատմական փաստերի խեղաթյուրման և նացիստական հանցագործությունների դրվատման) մեջ: Բացի ազատազրկումից, դատարանը Մարգարյանին չորս տարով արգելել է զբաղվել համացանցային հարթակների ու ալիքների կառավարմամբ:
Ըստ լրատվամիջոցների, քրեական հետապնդման առիթ են դարձել Մարգարյանի հրապարակած երկու տեսանյութերը: Դրանցից առաջինում, ըստ մեղադրանքի, նա վիրավորել է Խորհրդային Միության հերոս Ալեքսանդր Մատրոսովի հիշատակը, իսկ երկրորդում՝ արդարացրել Ադոլֆ Հիտլերի գործողությունները: Բլոգերն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը և զղջացել՝ հայտարարելով, որ սա դաս կլինի իր ամբողջ կյանքի համար:
Սամարայում ծնված 31-ամյա Արսեն Մարգարյանը հայտնի է որպես բլոգեր և քոուչ, ով առավելապես աչքի է ընկել իր միսոգինիան (կանանց հանդեպ ատելություն) հայացքներով: Նա բազմիցս պնդել է, թե կանայք մտավոր և ֆիզիկական ունակություններով զիջում են տղամարդկանց: Նախկինում բլոգերը նաև տուգանվել էր թմրանյութերի քարոզչության համար և մեղադրվել ահաբեկչության արդարացման մեջ:
Մարգարյանի ձերբակալությունը տեղի էր ունեցել 2025 թվականի օգոստոսին՝ Ռուսաստան վերադառնալուց անմիջապես հետո: Իրավապահները նրան բերման էին ենթարկել Բելառուս մեկնելու փորձի ժամանակ: Չնայած պաշտպանական կողմը խնդրել է հաշվի առնել մեղմացուցիչ հանգամանքները, այդ թվում՝ նրա հանգանակությունները պատերազմական հիմնադրամներին (խոսքը հավանաբար Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ռուսական կողմին աջակցող հիմնադրամների մասին է), ինչպես նաև առողջական վիճակը, սակայն դատարանը որոշել է սահմանել արժանի պատիժ:
Դատարանում Մարգարյանը խնդրել էր չզրկել իրեն ազատությունից՝ նշելով, որ դա «կխորտակի» իր երկու դուստրերի կյանքը: Այնուամենայնիվ, մեղադրող կողմի պահանջած գրեթե 7 տարի ազատազրկման փոխարեն դատարանը սահմանել է 4,5 տարի ժամկետ:
Ամփոփ Մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 08/03/2026










