Այս հոդվածով նպատակ չունենք ներխուժել անձնական տիրույթ կամ քննարկել նեղ անձնական հարաբերություններ։ Մենք դիտարկում ենք թեման բացառապես հանրային հետաքրքրության և ինստիտուցիոնալ կառավարման տեսանկյունից, քանի որ «Առաջին տիկնոջ» դերը ենթադրում է հստակ գործառույթներ, որոնք ազդում են պետական արարողակարգի և հասարակական նշանակության կառույցների գործունեության վրա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի բաժանման մասին լուրը, որը հաստատվեց փետրվարի 27-ին, դուրս է գալիս զուտ անձնական տիրույթից։ Թեև զույգը դե-յուրե ամուսնացած չէր, Աննա Հակոբյանը տարիներ շարունակ դե-ֆակտո իրականացնում էր երկրի «Առաջին տիկնոջ» գործառույթները։ Նրա հեռանալը կառավարական առանձնատնից ստեղծում է թե՛ արարողակարգային, թե՛ քաղաքական նոր իրողություն։
Բաժանում՝ առանց դե-յուրե հիմքերի, բայց քաղաքական հետևանքներով
Փետրվարի 17-ին Աննա Հակոբյանի առաջին գրառումը քաղաքացիական ամուսնության ավարտի մասին, տասն օրն անց դրա վերահաստատումը և վարչապետի կողմից դրան հաջորդած գրառումը վերջակետ դրեցին տևական ժամանակ շրջանառվող լուրերին։
Հատկանշական է հանրային արձագանքի պարադոքսը։ Աննա Հակոբյանի առաջին գրառումը հասարակության զգալի մասի կողմից ընկալվեց որպես ամուսնությունը (ԶԱԳՍ-ի) պաշտոնապես փաստաթղթավորելու մասին տեղեկություն։ Սա փաստում է, որ հանրության ընկալումներում զույգի միասնությունն այնքան կուռ էր, որ բաժանման հավանականությունը չէր էլ դիտարկվում որպես առաջնային տարբերակ։ Միայն տասն օր անց՝ Հակոբյանի երկրորդ հայտարարությամբ և կառավարական առանձնատնից հեռանալու փաստով պարզ դարձավ, որ «ավարտվել» նշանակում էր հարաբերությունները վերջնական խզել, այլ ոչ թե դրանց իրավական ձևակերպում տալ։
Նաև հատկանշական է, որ այս գործընթացը չունի փաստաթղթավորում (ամուսնալուծության վկայական), քանի որ միությունն ի սկզբանե եղել է քաղաքացիական։ Սակայն հանրային ընկալման մեջ սա «դասական» բաժանում է, որն ուղեկցվում է Աննա Հակոբյանի կողմից կառավարական առանձնատունը լքելու մասին հայտարարությամբ։
Վերլուծաբանների մի մասը հակված է Փաշինյան-Հակոբյան դե-ֆակտո բաժանությունը դիտարկել որպես քաղաքական հաշվարկ՝ նախընտրական շրջանում։ Տարիներ շարունակ ընդդիմադիր դաշտից և հանրության որոշ շերտերից հնչող մեղադրանքները, թե Աննա Հակոբյանն ուղղակի ազդեցություն ունի ամուսնու քաղաքական որոշումների վրա, ստեղծել են բացասական ֆոն։ Այս քայլը կարող է նպատակ ունենալ նվազեցնել այդ լարվածությունը՝ վարչապետին «ազատելով» ընտանեկան ազդեցության մասին խոսակցություններից հենց ընտրություններից առաջ։
Ո՞վ կլրացնի արարողակարգային բացը
«Առաջին տիկնոջ» ինստիտուտի թափուր մնալը պետական մակարդակում առաջացնում է մի քանի խնդիր՝
Արարողակարգային «Առաջին տիկնանց ծրագրեր»
Բարձրաստիճան այցերի ժամանակ ղեկավարների կանանց համար ընդունված է ունենալ զուգահեռ ծրագրեր։ Այժմ հայկական կողմը ստիպված կլինի կամ չեղարկել այդ բաղադրիչը, կամ ներգրավել այլ պաշտոնյաների։
Դիվանագիտական էթիկետ
Սովորաբար պաշտոնական ընթրիքները նախատեսված են զույգերի համար։ Առաջին տիկնոջ բացակայությունը պահանջելու է նոր սխեմաների մշակում։
Դուստրերի գործոնը
Միջազգային փորձը (օրինակ՝ ԱՄՆ-ում կամ Բրազիլիայում) ցույց է տալիս, որ նման դեպքերում Առաջին տիկնոջը կարող են փոխարինել դուստրերը։ Վերջին շրջանում վարչապետի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի ակտիվությունը սոցցանցերում հուշում է, որ հենց նա կարող է ստանձնել որոշ արարողակարգային դերեր՝ լրացնելով թափուր տեղը։
«Փափուկ ուժի» բացակայության հետևանքները
Աննա Հակոբյանն ակտիվորեն ներգրավված էր միջազգային հարթակներում, որտեղ ներկայացնում էր Հայաստանի շահերը «փափուկ ուժի» միջոցով։
Միջազգային գագաթնաժողովներ. Զագրեբից մինչև Վիեննա և Կիև՝ Աննա Հակոբյանն ակտիվորեն ներգրավված էր «Առաջին տիկնանց և ամուսինների» գլոբալ հարթակներում։ Հատկանշական է, որ 2023-ի սեպտեմբերի սկզբին Կիևում նա պաշտոնապես Երևան էր հրավիրել առաջնորդների տիկիններին՝ մասնակցելու նույն տարվա հոկտեմբերին նախատեսված «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային գագաթնաժողովին։ Սակայն սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների և արցախցիների բռնի տեղահանման հետևանքով այդ մասշտաբային միջոցառումն այդպես էլ չկայացավ Հայաստանում։
Լեռնային Ղարաբաղի հարցի բարձրաձայնում. Հակոբյանն օգտագործում էր կանանց միջազգային հարթակները (օրինակ՝ Թեհրանի «Ազդեցիկ կանանց համագումարը» կամ Կիևի հանդիպումը) Լաչինի միջանցքի շրջափակման և Արցախում հումանիտար ճգնաժամի մասին խոսելու համար։ Այս ոչ պաշտոնական, բայց ազդեցիկ խողովակի փակումը նվազեցնում է Հայաստանի հաղորդակցման հնարավորությունները։
Բարեգործական հիմնադրամներ. «Իմ քայլը» և City of Smile հիմնադրամները, որոնք ասոցացվում են Առաջին տիկնոջ հետ, այժմ հավանաբար պետք է վերանայեն իրենց կառավարման մոդելը։ Առանց պետության ղեկավարի կնոջ հովանու այս կառույցների համար դժվար կլինի պահպանել նախկին ֆինանսական և լոգիստիկ աջակցությունը, թեպետ ինքը՝ Հակոբյանը, փետրվարի 27-ի հայտարարությամբ ակնարկել էր, որ ցանկություն ունի շարունակել աշխատանքը որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն։ Սակայն ոչինչ չի նշել City of Smile-ի մասին։ Այս հիմնադրամի առաքելությունն է կանգնել հիվանդների և նրանց ընտանիքների կողքին այս դժվարին ճանապարհին։ Առանց «Առաջին տիկնոջ» հովանու՝ ինչպե՞ս կփոխվի հիմնադրամի կարգավիճակը և աջակցության ծավալները։
Արդյո՞ք սա «նորմալ» է ժամանակակից աշխարհում
Թեև Գերմանիայում, Սկանդինավյան երկրներում կամ Ֆրանսիայում առաջնորդի անձնական կյանքը վաղուց դադարել է լինել պետական օրակարգի մաս, Հայաստանի պես ավանդական քաղաքական համակարգերում «Առաջին տիկնոջ» բացակայությունը միշտ դիտարկվում է խոշորացույցի տակ։
Աննա Հակոբյանի հեռացումը կառավարական առանձնատնից կարող է դառնալ Հայաստանի քաղաքական հասունության յուրօրինակ փորձաքար։
Պատասխանը երկար սպասել չի տա։ Մինչև խորհրդարանական ընտրություններ մնացել է ընդամենը երեք ամիս, և այդ ընթացքում վարչապետը, բնականաբար, կունենա պաշտոնական այցեր ու բարձրաստիճան հյուրերի ընդունելություններ։ Հենց այս մոտակա արարողակարգային միջոցառումներն էլ ցույց կտան, թե ինչպես է պետությունը լուծում «թափուր» տեղի խնդիրը։ Արդյո՞ք առաջին պլան կմղվեն վարչապետի դուստրերը, թե՞ Հայաստանը կփորձի անցնել ղեկավարի զուգընկերոջ գործոնի նվազեցման արևմտյան մոդելին։
Սուրեն Դեհերյան
Նկարազարդումները՝ Ամփոփ Մեդիայի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 01/03/2026












