Անցած գիշեր Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 408 անօդաչու թռչող սարք և 39 հրթիռ, ինչի մասին հայտնում է պաշտոնական Կիևը։ Օդային լայնամասշտաբ հարձակման թիրախներից մեկն է դարձել ուկրաինական հայտնի Roshen ընկերությունը: ԱԹՍ-ն հարվածել է գործարանի ամենախոշոր պահեստային տարածքներին։
Հարվածի հետևանքով բռնկված հրդեհը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է պատրաստի արտադրանքով լեցուն պահեստը, որը գտնվում էր Կիևի մարզի Յագոդին բնակավայրում։ Ընկերության փոխանցմամբ՝ չնայած նյութական հսկայական կորուստներին, աշխատակիցների շրջանում տուժածներ և զոհեր չկան, քանի որ անձնակազմը հասցրել է պատսպարվել։ Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել են ավելի քան հարյուր հրշեջ-փրկարարներ։
Շուկայում հնարավոր դեֆիցիտից խուսափելու և մատակարարումների անընդհատությունն ապահովելու նպատակով ընկերությունը որոշում է կայացրել անցնել 24/7 շուրջօրյա աշխատանքային ռեժիմի։ Միաժամանակ, Roshen-ը հանդես է եկել սկզբունքային հայտարարությամբ՝ նշելով, որ չնայած կրած ծանր վնասներին, արտադրանքի գները կմնան անփոփոխ և հասանելի սպառողների համար։
Ամփոփ Մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 08/02/2026









