Իրավունք Միջազգային

Կրոնական աշխարհաքաղաքականության փոփոխվող պատկերը․ քրիստոնեություն, իսլամ և ոչ կրոնականության աճ

Վերջին ութ տասնամյակների ընթացքում համաշխարհային ժողովրդագրական փոփոխություններն էականորեն վերաձևել են աշխարհի կրոնական քարտեզը։ Այս երկարաժամկետ միտումները հնարավոր է դիտարկել Համաշխարհային կրոնական նախագծի (World Religion Project-ի (WRP)) տվյալների միջոցով

Նախագիծն իրականացվել է սոցիոլոգների և կրոնագետների կողմից՝ Բոստոնի համալսարանի հետազոտական շրջանակներում՝ ցույց տալու երկարաժամկետ կտրվածքով կրոնների գլոբալ բաշխվածությունը աշխարհի բնակչության շրջանում։ Տվյալներն ընդգրկում են 1945–2010 թվականներն ընկած ժամանակահատվածը՝ հինգ տարին մեկ հաշվարկով։

WRP-ի տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում քրիստոնեությունը պահպանել է իր դիրքերը որպես աշխարհի ամենամեծ կրոն։ 1945 թ․-ին քրիստոնեության հետևորդների թիվը գնահատվում էր մոտ 701 միլիոն, իսկ 65 տարի անց՝ 2010թ․-ին, այն արդեն գերազանցում էր 2 միլիարդը։ Սակայն միևնույն ժամանակ արձանագրվել է զգալի կառուցվածքային փոփոխություն․ քրիստոնեության տեսակարար կշիռը 44%-ից նվազել է մինչև 32%։

Նույն աղբյուրի համաձայն՝ իսլամ դավանողները 1945 թ․-ին կազմում էին աշխարհի բնակչության մոտ 8%-ը, իսկ 2010-ին նրանց կշիռը հասել է շուրջ 23%-ի (տե՛ս ինտերակտիվ գրաֆիկը)։ Այս աճը պայմանավորված է ինչպես այս կրոնը դավանողների ավելացմամբ, այնպես էլ մահմեդական աշխարհում ժողովրդագրական գործոններով՝ մասնավորապես ծնելիության բարձր գործակցով (մեկ կնոջ հաշվով միջինը 3.1 երեխա), բնակչության երիտասարդ կազմով և այլն։

* «Ոչ կրոնականություն» կատեգորիան ներառում է աթեիստ ու ագնոստիկ բնակչությանը։ 
Աթեիզմը աշխարհայացք է, որը բնութագրվում է աստվածների կամ գերբնական ուժերի գոյության 
նկատմամբ հավատի բացակայությամբ կամ դրանց գոյության ժխտմամբ։ Ագնոստիցիզմը 
փիլիսոփայական հայացք է, ըստ որի՝ անհնար է հաստատապես իմանալ կամ ապացուցել Աստծո, 
գերբնական ուժերի կամ տիեզերքի վերջնական ճշմարտության գոյությունը կամ բացակայությունը։

** «Այլ կրոններ» կատեգորիան ներառում է տասը և ավելի կրոններ, որոնցից խոշորագույնը 
չինական ավանդական կրոնը կամ սինկրետիզմն է։ Այն միահյուսում է կոնֆուցիզմը, դաոսիզմն 
ու բուդդիզմը։ Այս կրոնի բազային ցուցանիշը 1945թ․-ին բավական բարձր էր՝ 26.6%, 
բայց ժամանակի ընթացքում նվազել է՝ 2025-ին արդեն կազմելով 5.5% 

Ժամանակակից փոփոխություններն ու դեմոգրաֆիական գործոնները

WRP-ի տվյալաշարն ավարտվում է 2010 թ.-ով, մինչդեռ մեկ այլ՝ ամերիկյան հեղինակավոր Փյու հետազոտական կենտրոնի (Pew Research Center (PEW)) ուսումնասիրությունը երկրների կրոնական կազմի վերաբերյալ անդրադառնում է 2010 և 2020 թվականների ցուցանիշներին ու դրանց համադրությանը։ Կենտրոնը կիրառել է բոլորովին այլ մեթոդաբանություն՝ հիմնվելով ազգային մարդահամարների, սոցիոլոգիական հարցումների և ժողովրդագրական մոդելավորման վրա։

Ըստ այդմ, 2020 թ․-ի տվյալների համաձայն՝ քրիստոնեությունը շարունակում է աճել բացարձակ թվերով, սակայն նրա աճի տեմպը զիջում է իսլամին։ Հետազոտողները նշում են, որ քրիստոնեական համայնքների նվազումը պայմանավորված է, մասնավորապես՝  հետևորդների դավանափոխությամբ կամ կրոնական պատկանելությունից հրաժարմամբ։ Այս միտումը հատկապես նկատելի է Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, որտեղ սեկուլյարիզացիան ընթանում է ավելի արագ տեմպերով։

Սեկուլյարիզացիան հասարակական կյանքի տարբեր ոլորտների աստիճանական ազատումն է 
կրոնական վերահսկողությունից և ազդեցությունից:

Փյուի գնահատմամբ՝ մինչև 2050 թվականը մոտ 40 միլիոն մարդ հնարավոր է դառնա քրիստոնեության հետևորդ, սակայն միևնույն ժամանակ շուրջ 106 միլիոն մարդ էլ կարող է լքել այն՝ հիմնականում համալրելով կրոնական պատկանելություն չունեցողների շարքերը։

Մինչդեռ մուսուլմանական համայնքներում կրոնից հրաժարվելու միտումը անհամեմատ ցածր է, ինչի հետևանքով իսլամը պահպանում է այն դավանողների ամենաբարձր աճի դինամիկան համաշխարհային մակարդակով։ Մուսուլմանական բնակչության հիմնական խոշոր կենտրոնները գտնվում են Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավային և Հարավարևելյան Ասիայում։

Կրոնական բազմազանությունն ու ոչ կրոնականության աճը

Փյու հետազոտական կենտրոնի 2020 թվականի տվյալները ցույց են տալիս ևս մեկ կարևոր միտում՝ կրոնական պատկանելություն չունեցողների՝ աթեիստների և ագնոստիկների թվի զգալի աճ։ 2020 թվականին այս խմբում ընդգրկված էր մոտ 1.9 միլիարդ մարդ՝ կազմելով աշխարհի բնակչության ավելի քան 24%-ը կամ մեկ քառորդը։

Այս ցուցանիշը մասամբ պայմանավորված է նաև մեթոդաբանական առանձնահատկություններով։ Շատ երկրներում, օրինակ՝ Չինաստանում, հարցվողների մեծ մասը հետևում են ավանդական հավատալիքներին ու ծեսերին, բայց համարում են, որ իրենք «հավատացյալ չեն»։ Հետևաբար, նրանք սոցիոլոգիական հարցումներում չեն արձանագրվում որպես այս կամ այն կրոնի հետևորդներ։

2020 թվականից հետո համաշխարհային կրոնական պատկերի վերաբերյալ տվյալները լրացվել են World Religion Database-ի (WRD) միջոցով։ Սա նույնպես ակադեմիական տվյալների շտեմարան է, որը համակարգվում է միջազգային հետազոտական կենտրոնների կողմից։

WRD-ի 2025 թվականի գնահատումները ցույց են տալիս, որ արևելյան կրոնները՝ հինդուիզմը և բուդդիզմը, շարունակում են պահպանել հարաբերական կայունություն, որը հիմնականում կապված է Հարավային Ասիայի բնակչության բնական աճի հետ։

Հուդայականությունը՝ հրեա ժողովրդի ազգային կրոնը, թեև ինչպես բացարձակ, այնպես էլ տեսակարար կշռով կազմում է աշխարհի բնակչության շատ փոքր մասը, սակայն շարունակում է զգալի մշակութային և քաղաքական ազդեցություն ունենալ աշխարհում։

WRD-ի տվյալները թույլ են տալիս պատկերացում կազմել վերջին տասնամյակներին տեղի ունեցած կրոնական տրանսֆորմացիաների մասին, սակայն դրանք նյութի սկզբնամասում ներկայացված WRP-ի տվյալների ուղղակի շարունակությունը չեն, քանի որ դրանց հավաքման համար կիրառվել է հաշվարկային և մեթոդաբանական այլ մոտեցում։

Ապագա միտումների մասին

Փյու հետազոտական կենտրոնի կանխատեսումների համաձայն՝ ներկայիս ժողովրդագրական միտումների պահպանման դեպքում մինչև 2050 թվականը քրիստոնեությունն ու իսլամը թվային ցուցանիշներով կարող են գրեթե հավասարվել։

Համաշխարհային կրոնական լանդշաֆտի ձևավորումը մեծապես կախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են ծնելիության գործակիցը, հասարակությունների տարիքային կազմը, կյանքի միջին տևողությունը, միգրացիոն հոսքերը, դավանափոխությունը և այլն։

Նյութում օգտագործվել են World Religion Project-ի (1945–2010), ամերիկյան հեղինակավոր Pew Research Center-ի (2010–2020) և World Religion Database-ի (2025) տվյալները։ Նշված աղբյուրները կիրառել են տարբեր մեթոդաբանություններ և հաշվարկային մոտեցումներ, ուստի ներկայացված տվյալները չեն հանդիսանում մեկ շարունակական վիճակագրական շարք, այլ դիտարկվում են համադրաբար՝ համաշխարհային կրոնական դինամիկան ավելի լավ հասկանալու նպատակով։

Հեղինակ՝ Կարինե Դարբինյան
Հիմնական նկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 26/01/2026