Դըրբըզեք

Վավերագրելով դրաման. լուսանկարներ արցախյան բլոկադայից

Արցախցի լրագրող Լուսինե Շադյանը, աշխատանքով պայմանավորված, հաճախ է հեռախոսով լուսանկարում: Արցախի շրջափակման օրերին Լուսինեն ավելի է կարևորել ամենօրյա վավերագրումը։ Նրա բջջայինը պարբերաբար ֆիքսել է կադրեր, որոնց հաջորդական շղթան պատկերում է այդ օրերի մեծ դրաման: Ամփոփ Մեդիան հրապարակում է այդ լուսանկարներից մի քանիսը՝ հեղինակի մեկնաբանությամբ։ Դրանք գուցե սիրողական լուսանկարներ են, սակայն ներկայացնում են այն ողբերգությունն ու ցավը, որ զգացել են արցախցիները ինն ամիս շարունակ՝ 2022թ․ դեկտեմբերի 12-ից սկսած։

Մայրաքաղաքում փողոցները կրկին լուսավորվել են, սակայն նախատոնական եռուզեռ ու գույներ չկան:

Մոտենում եմ եկեղեցու բակում ինքնաթիռ թռցնող տղուկներին: Ձմեռ պապի գոյությունը նրանք բնավ էլ կասկածի տակ չեն դնում, մտահոգ են միայն, որ Արցախ բերող ճանապարհը փակ է, և Լապլանդիայից չի կարող Ձմեռ պապը հասնել Արցախ…
2022 թվականի դեկտեմբերի 27-ն էր:

Կենցաղային նշանակության գազաբալոնը լիցքավորելու էր եկել նաև Արփի տատիկը: Համբերատար իր հերթին էր սպասում: Էլեկտրական սալօջախ ունի, բայց գազաբալոնի միջոցով տատիկը գործերն ավելի արագ է կազմակերպում: Նրա կնճիռներն ավելի էին ընդգծվել: Սոված էր:

Այդպես սովում են համատարած սովի ժամանակ, երբ օրվա ամենակարևոր գործընթացը հանապազօրյա հացի ձեռքբերումն է:

Հագուստի խանութներից ժպտացող մանեկեններն էլ, կարծես, կերպարանափոխվել են․ զգում են, որ չեն գայթակղում: Հոգնել են միևնույն հագուստն ամեն օր կրելուց: Նրանց տեսքից թվում է՝ իրենք էլ գիտեն, որ իրենց հագինը վաղուց արդեն մոդայիկ չէ…

Դժվար էր հատկապես համապատասխան կոշիկ գտնելը: Հասարակական տրանսպորտի բացակայության պատճառով կոշիկներն էին հիմնականում մաշվում ու պատառոտվում: Երկարատև որոնումներից հետո էլ, եթե հաջողվում էր համապատասխան չափի կոշիկ գտնել, ուրեմն բախտդ բերել է, իսկ եթե մեծ չափի կոշիկ կրող ես՝ համարիր, որ հաջողակ ես:

Եվ ոճն ու ճաշակն այլևս էական չէր. այլընտրանք չկար:

Հունիսի 15-ից՝ Արցախի լիակատար շրջափակումից հետո քաղաքային և շրջանային տրանսպորտը գործում էր կրճատումների ամենաօպտիմալ տարբերակով՝ առավոտյան ու երեկոյան ժամերի երթուղիներով:

Հուլիսի 18-ից մայրաքաղաքի քաղաքային տրանսպորտի բոլոր ուղղությունների սպասարկումը դադարեցվեց՝ բացառությամբ Ստեփանակերտի ծայրամասում գտնվող Նոր Արեշ և Աջափնյակ թաղամասերի:

Հուլիսի 25-ից վառելիքի իսպառ բացակայության պատճառով Արցախի ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը դադարեցվեց:

Տևական ժամանակ տնտեսած վառելիքով մայրաքաղաքի կենտրոնական փողոցով ուղևորափոխադրումը բարեխղճորեն շարունակում էր ապահովել Մ-Տրանս ՍՊ ընկերությունը: Երթուղին շահագործվում էր 12, 15 և 17 համարի ավտոբուսներով: Ես 17-ի մշտական ուղևորներից էի: Այն աչքի էր ընկնում ոչ միայն մաքրությամբ: Գիծ դուրս գալուց առաջ շարժակազմով լվացվում էին, բենզինով նախաճաշում, հետո մեքենայի յուղով շպարվում, ջուր խմում և հետո միայն «զբոսնում»: Վարորդներն էլ երթուղայինից օգտվելու հստակ մշակույթ էին ձևավորել:

Ամռան շոգին փողոցում նշմարվող դեղին ավտոբուսը փրկություն էր մարդկանց համար: Ինչքան էլ լեցուն էր լինում, զարմանալիորեն, բոլորը տեղավորվում էին ավտոբուսում:

-Սիդելնիկնեն վէր տուս տաք, ավելի շատ մարդ կըտեղավորե,- ուղևորներն էին կատակով առաջարկում:

Անհաղթահարելի թվացողը հաղթահարվում էր միմյանց նկատմամբ զիջողական, հարգալից վերաբերմունքով:

Ժողովրդին ծառայելու կոչմանը հավատարիմ՝ դեղին ավտոբուսներն Արցախի հայաթափման ընթացքում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից բնակիչներին էին Հայաստան տեղափոխում: Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում էլ թիկունքում էին:

Ռուս խաղաղապահների ուղղաթիռի ձայնն է լսվում: Մայրաքաղաքի բակերում երեխաներն են ճչում. – Մամա՜, վերտալյոտը… քաղցր պեներա պերալ՝ չուպիկ, սոկ, սնիկերս:

Մամաները չեն հիշում քանի անհեթեթ հեքիաթ են հորինել՝ փոքրիկներին բացատրելու, թե ինչու այս կամ այն միրգը, բանջարեղենը, քաղցրավենիքն ու պաղպաղակը չկա… լավ է, որ փոքրիկները հեքիաթներ շատ են սիրում, բայց մամաները հոգնել են հեքիաթներ հորինելուց:

Արձանագրվող տխուր պատկերը ժամ առ ժամ փոխվում էր: Սեպտեմբերի 19-ից 2 օր առաջ փակ էին նաև ալյուրի մատակարարմանն սպասող փռերը: Հացի համար նախատեսված կտրոնների իրացման վերջին օրն էր:

Տանս շենքին, փոքրիկ աղջնակի ձեռքից բռնած, երիտասարդ մի կին էր մոտենում: Նկատելով ձեռքի թափանցիկ տոպրակից երևացող հացը՝ կարծես մխիթարվեցի:

– Կներեք, որտեղի՞ց եք գնել հացը,- ուրախությամբ հարցրեցի:
– Առավոտյան էի ձեռք բերել,- հայացք նետելով հացերին՝ ափսոսանքով պատասխանեց:

Մոտակայքում գտնվող հացի երկու արտադրամաս կար: Գիտեի, որ փակ են, այդուհանդերձ, որոշեցի նորից ստուգել:

Մոտ տասնհինգ րոպեից ես նորից շենքի մոտ էի: Փոքրիկ աղջնակի հետ այնտեղ ինձ էր սպասում երիտասարդ կինը:

Տոպրակից հաց հանելով՝ մոտեցավ:

-Ոչինչ մի ասեք ու վերցրեք հացը,- ասաց:

Տանը երեխաներս էին սպասում. չէի կարող հացը չվերցնել:

-Ինչպե ՞ ս է ձեր անունը,- հարցրեցի:

-Արևիկ,- պատասխանեց ու հեռացավ:

Նա մրսած օրվա իմ արևն էր:
Իսկ կտրոններս այդպես էլ մնացին չիրացված:

Պաշարված Արցախում ամեն ինչ կրիտիկական վիճակում էր, իսկ արցախցին շարունակում էր ժպտալ՝ ճչալու փոխարեն:

Տեքստի և լուսանկարների հեղինակ՝ Լուսինե Շադյան

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 06/07/2024