Դըրբըզեք

Բախտի արագիլ․ Վալերին հող մշակելու ուժը գտել է, բայց սրտով Արցախում է

Վալերի Բեկնազարյանը ծնունդով Արցախի Մարտակերտ քաղաքից է: Իր ապրած 70 տարիներն էլ Մարտակերտում են անցել։ Խաղողի և նռան այգիներ, ձմերուկի և եգիպտացորենի դաշտեր ուներ: Զբաղվում էր նաև անասնապահությամբ: Մթերային խանութ և ծաղկի սրահ էր բացել:

2023 թ․-ի սեպտեմբերի 19-ին Մարտակերտ քաղաքը հայտնվեց ադրբեջանական զինված ուժերի շրջափակման մեջ: Հետո քաղաքը լքելու հրահանգ ստացան:

Մարդիկ մտածում էին՝ ինչպես 2016-ի քառօրյայի կամ 2020-ի պատերազմի ժամանակ, քաղաքը ժամանակավոր են թողնում:

Հեռացան՝ ով ինչպես կարողացավ, դատարկաձեռն․․․

Վալերի և Արմիդա Բեկնազարյանները՝ Մարտակերտի՝ իրենց նռան այգում։

«Ես մենակ հողագործությամբ ու անասնապահությամբ չեմ զբաղվել։ Պատ էլ եմ շարել, տուն եմ կառուցել, 90-ականների պատերազմից հետո բարեկամներիս տան հիմքերը ես եմ դրել: Բայց հողի հետ աշխատանքը մի ուրիշ հաճույք ա։ Հիմա էլ եմ հող մշակում, բայց հողը ափիս մեջ տրորելով զգում եմ տարբերությունը: Ես իմ Մարտակերտի հողն ու ջուրն եմ ուզում»:

Տեղահանումից հետո Վալերի Բեկնազարյանը հաստատվեց Հայասատանի գյուղերից մեկում: Վարձակալած տանը բնակվում է որդիների և աղջկա ընտանիքների հետ:

Արդեն յոթ ամիս է ամուսինները թոշակ չեն ստանում: Բոլոր փաստաթղթերը կարգավորել են, բայց անընդհատ մի տեղից մյուս տեղ են ուղարկում: Միայն բնակվարձի ծրագրից են օգտվում:

Վալերին տնամերձ հողամասում բանջարեղեն է աճեցնում՝ վաճառքի և բարեկամներին բաժին հանելու համար: Հողին դեռ լավ ծանոթ չէ: Նոր է պարզել, որ այստեղի հողը խոնավ է․ հույս ունի, որ Մարտակերտի ձմերուկի համը կստանա:

«Հայաստանում էլ կուզեի նռան ու խաղողի այգի ունենալ, բայց սիրտս Արցախ ա կանչում»:

Մինա՝ քինականընք տոն: Արագիլնեն մեզ տընականըն տոն
[Մեկա մենք գնալու ենք տուն, արագիլները մի օր մեզ տուն են տանելու]


«Տեսնու՞մ ես էն արագիլը, այ հենց ինքն ա ինձ հույս տալիս, որ մի օր իմ տուն եմ վերադառնալու՝ գարուն լինի, թե ամառ, աշուն լինի, թե ձմեռ: Արագիլն իմ ընկերն ա, ինքն ա ինձ օգնում, որ էս հողատարածքը մշակեմ։ Էն բույնն իմ աչքի առաջ ա հյուսում: Մոտիկից ծանոթացել ենք, հետը զրույցի եմ բռնվել: Ինքը լավն ա, լավ էլ տուն ա կառուցել:

Մի երգ կա է, որ ասում ա՝ Բարով, արագիլ, բախտի արագիլ, իմ տան մոտ ապրիր, բույն հյուսիր ծառին․․․ Ես որ գնամ Մարտակերտ, էս արագիլն էլ եմ հետս տանելու»:

Հեղինակ՝ Անի Մանգասարյան
Լուսանկարները՝ հեղինակի և Բեկնազարյանների ընտանեկան ալբոմից

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/06/2024