Սոցիալական

ArtIn Fashion-ը` սահմանին․ Կապանի նորաձևության և կանանց զարգացման դարբնոցը

Կապանում կտորներ ներմուծելու և կարի ոլորտը հարստացնելու գաղափարը վերածվեց հագուստի արտադրամաս հիմնելուն։ Նպատակը երկուսն է․ որակյալ հագուստ ստեղծելով՝ զարգացնել հայկական արտադրությունը, և միաժամանակ գործազուրկ կանանց աշխատատեղ ապահովել։ ArtIn Fashion-ը սոցիալ ձեռնարկատիրության ծրագիր է, որն իրականացվում է Կապանի կանանց ռեսուրս կենտրոնի կողմից։

Կապանում մեծ է հատկապես կանանց գործազրկությունը, քանի որ համայնքում հիմնական աշխատանքային ուղղվածությունը շինարարությունը և հանքարդյունաբերությունն են: Իսկ այս ծրագրի շրջանակներում համայնքի շուրջ 40 գործազուրկ կանայք սկսել են աշխատել կար ու ձևի, գործվաքի ստացման ոլորտում:

Ինչպես պատմում է կենտրոնի ղեկավար Քրիստինա Սաղաթելյանը, Կապանում կարի արտադրության համար անհրաժեշտ հումքը քիչ էր․ որոշում են կտոր բերել և այսպես օժանդակել կարուձև անողներին։ Կարճ ժամանակ անց՝ կենտրոնը նաև ստանձնում է հագուստի արտադրության ողջ գործընթացի կազմակերպումը։

2018 թ․-ից այստեղ կանայք մասնագիտանում, վերապատրաստվում են։ Շատերի համար արտադրամասը նոր աշխատանք գտնելու հնարավորություն է՝ զինվորական ստորաբաժանումներում, կարի արտադրամասերում, ինչպես նաև իրենց կողմից հիմնվող կարի սեփական արտադրամասերում։

«Ընդամենը մեկ կարի մեքենայով ենք սկսել․ ընթացքում World Vision Armenia-ի աջակցությամբ ավելացրել ենք մեքենաները՝ պայմանով, որ վերապատրաստելու ենք տասը կանանց»,- ասում է Քրիստինան և ընդգծում՝ «պայմանը դարձավ գործելաոճ»։ Այս նախաձեռնությանը ֆինանսական աջակցություն են տրամադրել նաև Շրջակա միջավայրի նախարարությունը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հիմնադրամը (Near East Foundation)։

Սպորտային հուդիներ, վերնաշապիկներ, կոստյումներ․․․ շարքը կարելի է երկար թվարկել։ ArtIn Fashion ապրանքանիշը քայլ առ քայլ փորձում է իր տեղը գտնել բրենդային շուկայում, իսկ արտադրամասի դերձակներն ու ձևարարներն քաղաքում ավելի հաճախ են նկատում իրենց արտադրանքը կրողներին։ Դրան շատ նպաստում էր նաև արտադրամասի կողքին գործող ֆիրմային խանութը՝ ArtIn Fashion-ի արտադրած հագուստի նմուշներով։

Որակյալ հագուստ կարելու համար անհրաժեշտ է որակյալ հումք․ վերջինիս համար էլ՝ բավարար ֆինանսական միջոցներ։

«Հագուստի հումքը Երևանից ենք գնում, ինչը, գաղտնիք չէ, բավական թանկ է։ Եթե հնարավորություններ ունենանք, արտերկրից կներմուծենք մեծ քանակությամբ, որպեսզի վաճառքից ստացած հասույթն էլ շահավետ լինի»,- ասում է Քրիստինան՝ շեշտադրելով, որ, անկախ ֆինանսական դժվարություններից, գործվածքների համար օգտագործում են միայն իտալական թելեր։

Գործվածքի մասնագետ Գայանե Հովհաննիսյանն ավելի քան մեկ տարի է, ինչ աշխատում է ArtIn Fashion արտադրամասում։ Ասում է՝ թելերի օգնությամբ «ոչնչից» ստանում են հագուստ։

Մասնագիտությամբ հաշվապահ Գայանեն արտադրամաս է եկել կարուձև սովորելու․ գործում հմտացել է և դարձել է գործվածքի մասնագետ՝ միանալով թիմին։

«Թվում է, թե մենք միայն կարում կամ գործում ենք, բայց մենք միաժամանակ սովորում ենք և զարգանում։ Առանձնակի ոգևորվում ենք, երբ պատրաստած հագուստը կիրառելի ու արժեքավոր է դառնում»,- նշում է Գայանեն։

Նրա գործընկերուհի Էլլան, որը նույնպես գործվածքի մասնագետ է, նկատել է, որ կանանց ամենօրյա հագուստում գերակշռող է դարձել սպորտային ոճը։ «Այսօր քիչ թվով կանանց կարելի է տեսնել բարձրակրունկներով։ Հարմարավետությունն առաջնային է դարձել հասարակության համար»։

Թե՛ Գայանեի և թե՛ Էլլայի համար աշխատանքն ինքնագնահատականի պահպանման ու, հետևաբար, իրավունքների պաշտպանության տարբերակներից է։ Նրանց համար արտադրամասում աշխատելը մի նպատակ է հետապնդում․ չկորցնել որակավորումները և չլճանալ։

Քրիստինան պատմում է, որ հաճախ հենց ինքն է գտնում գործազուրկ կանանց ու առաջարկում մասնագիտություն ձեռք բերել կամ կարի դասընթացների մասնակցել։ Սակայն, շատ դեպքերում կաշկանդվածությունն ու թերահավատությունը պատճառ է դառնում չարձագանքելու Քրիստինայի առաջարկին։

«Որոշակի իմաստով՝ սա հնարավորություն է խոցելի խմբերի կանանց համար, և մեր խնդիրն է նրանց ուժեղացնել, օգնել ձեռք բերել աշխատանքային հմտություններ կամ այլ բառով ասված՝ մրցունակ դարձնել աշխատաշուկայում, կարի արտադրամասում, մյուսներին էլ՝ իրենց նախընտրելի ոլորտներում»։

Կապանում կանանց ռեսուրս կենտրոնը 13-ամյա գործունեության ընթացքում կարողացել է իր ծրագրերում ընդգրկել շուրջ 7000 կնոջ՝ կազմակերպելով անգլերենի, համակարգչային ծրագրերի, լրագրության, լուսանկարչական և այլ դասընթացներ, միջոցառումներ։

Կանանց ռեսուրս կենտրոնի ղեկավարն ասում է, որ նրանք Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչներին առաջարկել են ստեղծել հարթակ, որը կմիավորի կանանց խնդիրներով զբաղվող բոլոր շահագրգիռ կառույցներին, իսկ այդպիսի միասնությունը անլուծելի չի թողնի և ոչ մի խնդիր։

«Քաղաքացիական հասարակություն-ՏԻՄ-պետական գերատեսչություններ համագործակցության միջոցով կանանց ցանկացած խնդիր հնարավոր կլինի լուծել»,- ասում է Քրիստինան։ Նա նաև նշում է՝ Կապանում, որը 44-օրյա պատերազմից հետո դարձավ սահմանամերձ քաղաք, կանանց գլխավոր մտահոգությունն անվտանգության խնդիրն է։

«Կանայք հատկապես մտահոգված են իրենց երեխաների, ընտանիքի անվտանգության համար, որն անմիջական ազդեցություն է ունենում համայնքային կյանքի վրա»,- ամփոփում է Քրիստինան։

Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

Լուսանկարները՝ հեղինակի և ArtIn Fashion-ի արխիվից

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 14/01/2022