Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամփոփելով հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները, հայտարարեց ութերորդ գումարման Ազգային ժողովի կազմը։ Խորհրդարանում առանց կոալիցիաների մեծամասնություն, իսկ հետո նաև կառավարություն կկազմի Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Ընդդիմության շարքերում կլինեն «Հայաստան» դաշինքը, որը գլխավորում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և «Պատիվ ունեմ» դաշինքը, որը ձևավորվել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած «Հանրապետական» կուսակցության և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակացության միավորման արդյունքում։
Նախնական արդյունքների ներկայացումից հետո իրականացվել էր ձայների վերահաշվարկ շուրջ 70 տեղամասերում, որը, սակայն, զգալի ազդեցություն չունեցավ նախնական արդյունքների վրա։ Թեպետ բացառված չէ, որ որոշ քաղաքական ուժեր ընտրությունների արդյունքների վիճարկման իրավական գործընթաց սկսեն, ինչի մասին պարբերաբար հայտարարություններ են հնչում։
Քվեարկության արդյունքները
Հայաստանի շուրջ 2,6 մլն ընտրողներից քվեարկությանը մասնակցեց շուրջ 1,28 մլն մարդ կամ ընտրելու իրավունք ունեցողների 49,4%-ը։ Երկրի քաղաքական ղեկավարություն ընտրելու իրավունք ունեցողների մյուս կեսը ինչ-ինչ պատճառներով չմասնակցեց ընտրություններին։
Նրանք, ովքեր ընտրությունների օրվան հաջորդած գիշերը հետևել են քվեարկության արդյունքների հրապարակմանը, գիտեն, որ արդյունքներն ուրվագծվել են հենց սկզբից. հաղթում է ՔՊ-ն, խորհրդարան են անցնում «Հայաստան» դաշինքն ու ևս մեկ ուժ՝ կամ «Պատիվ ունեմ» դաշինքը, կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Առաջին երկուսը հավաքեցին բավարար թվով ձայներ, իսկ վերը նշված մյուս երկու քաղաքական ուժերը չբավարարեցին անհրաժեշտ ձայների շեմը, սակայն «Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարան անցավ ՀՀ օրենսդրության այն դրույթի համաձայն, որ խորհրդարանում պետք է ներկայացված լինի առնվազն երեք քաղաքական ուժ։
Գրաֆիկում երևում է, որ ո՛չ «Պատիվ ունեմ» դաշինքը, ո՛չ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չեն հաղթահարել իրենց հասանելիք 7 և 5 տոկոսանոց շեմերը։ Սակայն նրանցից առաջինը, հավաքելով ավելի շատ ձայներ, անցավ խորհրդարան։
Մյուս քաղաքական ուժերի հավաքած քվեները, որ միասին բոլոր քվեների շուրջ 20,3%-ն են, ֆորմալ առումով չներկայացվեցին Ազգային ժողովի նոր կազմում։
Որոշ նրբություններ
Քվեարկության մասնակցության ցուցանիշները տարբեր են եղել Հայաստանի մարզերում և կոնկրետ բնակավայրերում։ Ամենացածր մասնակցությունը Շիրակում էր` 41,2%, ամենաբարձրը՝ Սյունիքում՝ 60,4%։ Եթե մասնակցության ցուցանիշները դիտարկում ենք ընտրատեղամասերի մակարդակում, ապա խորհրդարան անցնող երեք ուժերի դեպքում տեսնում ենք որոշակի կապեր։
Ստորև գրաֆիկում երևացող կետերից յուրաքանչյուրը ցույց է տալիս 3 ուժերից որևէ մեկի ցուցանիշները տվյալ ընտրատեղամասում։ Հետաքրքրականն այն է, որ որքան բարձր է եղել մասնակցությունը տվյալ տեղամասում, այնքան շատ ձայներ հավաքել է «Հայաստան» դաշինքը և այնքան ավելի քիչ ձայներ՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։
Այս կապը ցույց են տալիս նույն գույներով ներկված գծերը։ Դեպի վեր՝ նշանակում է քաղաքական ուժը շահել է մասնակցության բարձր ցուցանիշից, դեպի վար՝ հակառակը։
Մեկ այյլ գրաֆիկում արդեն ներկայացված են մարզային մանրամասները։ Գրաֆիկի վերին հատվածից նշելով քաղաքական ուժերի անվանումը՝ կարող եք տեսնել, թե որ մարզերում է ավելի շատ ձայներ հավաքել այդ ուժը և որ մարզերում է եղել ոչ այնքան պոպուլյար։
Ընդհանուր առմամբ՝ պետք է նշել, որ ընտրությունների արդյունքների վրա զգալի ազդեցություն է եղել Երևանից ստացված քվեների կշիռը։ Բացի այն, որ Երևանում է գրանցված եղել ընտրողների զգալի մասը, մայրաքաղաքում նաև բարձր է եղել մասնակցության ցուցանիշը։
Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան
Տվյալների մշակումն ու գրաֆիկները՝ հեղինակի
ՏԵՍ ՆԱԵՎ
- #ԱԺ2021. Պատգամավորի թեկնածուների տարիքները (ինֆոգրաֆիկա)
- #ԱԺ2021. Պատգամավորի թեկնածուները՝ ըստ զբաղվածության
- #ԱԺ2021․ Յուրաքանչյուր 1030-րդ ընտրող` ԱԺ պատգամավորի թեկնածու
- #ԱԺ2021․ Կին և տղամարդ թեկնածուների հարաբերակցությունը ընտրացուցակներում
- #ԱԺ2021. Ազգային փոքրամասնությունների պատգամավորի թեկնածուները
#armvote2021
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 23/06/2021