«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնը առաջնորդվելով ամուր թիկունք ունենալու և տեխնոլոգիական ոլորտի գիտելիքներով զինված սերունդ դաստիարակելու առաքելությամբ՝ նախաձեռնել են 6-ամսյա «Full Stack» ծրագրավորման անվճար դասընթացներ։ Այն նախատեսված է Արցախյան 2-րդ պատերազմի մասնակիցների, պատերազմական օրերին ակտիվ կամավորական աշխատանք իրականացրած և Հայաստան տեղափոխված արցախցիների համար։
Ծրագրի գաղափարի և նախաձեռնության հեղինակը Վլադիմիր Մխիթարյանն է, ով մասնակցել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) ծրագրերից մեկին, իսկ այժմ աշխատում է PicsArt խոշոր տեխնոլոգիական ընկերությունում որպես ծրագրավորող։
Նա ասում է, որ գաղափարի նպատակն է Շիրակի մարզի երիտասարդների հետ կիսվել գիտելիքներով և հմտություններով․
«Ես միշտ մտածում եմ մարդկանց որևէ կերպ օգտակար լինելու մասին, իսկ օգուտ կարող եմ տալ այն ոլորտում, որում ես մասնագիտացած եմ, տվյալ դեպքում դա ծրագրավորումն է։ Այս անգամ ուզում եմ օգտակար լինել հատկապես պատերազմին մասնակցած երիտասարդներին»։
Վլադիմիրը կարծում է, որ ծրագրավորումը այսօր շատ պահանջված և հեռանկարային մասնագիտություն է, որը սովորելով դասընթացի մասնակիցները կարիերա ստեղծելու հնարավորություն կունենան, հետևաբար ապրուստի միջոց և կյանքի բարելավում։
«Ես նույնպես այդ ուղին անցել եմ ու գիտեմ, որ այն շատ օգտակար է։ Երբ ես էլ մտա այս ոլորտ, ես նույնպես գիտելիքներ շատ չունեի, հենց այդ՝ զրոյական մակարդակից էլ սկսելու եմ դասընթացը»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասաց 30-ամյա Վլադիմիրը։
Դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո նախատեսվում է փոքր նախագիծ իրականացնել, որպեսզի մասնակիցների գիտելիքն ավելի լավ ամրապնդվի և պատրաստ լինեն այն կիրառել գործնականում։
Դասընթացի կազմակերպիչներն ասում են, որ մասնակիցներից մեծ աշխատասիրություն և կամքի ուժ կպահանջվի, որ կարողանան անցնել դժվարությունների միջով, չհիասթափվեն և հասնեն վերջնակետ։
«Ես կփորձեմ նաև մոտիվացնել իրենց, մոտիվացիա հանդիսանալ նաև իմ անցած ուղով, պատմությամբ։ Քանի որ դասավանդման փորձ շատ չունեմ, սա նաև փորձնական լավ հնարավորություն կլինի ինձ համար, և դասընթացի ավարտից հետո ըստ արդյունքների արդեն կորոշենք դրա շարունակական լինելը․ դա կախված է նաև մասնակիցների ակտիվությունից, կարծիքներից»,- ասում է Վլադիմիրը։
Վլադիմիրն ասում է, եթե նույնիսկ մասնակիցներից մեկը դասընթացի ավարտից հետո իր ստացած գիտելիքով կարողանա աշխատանք գտնել այս ոլորտում, ինքն իր առաքելությունը կհամարի ստացված։
«Մեր երկրում դժվար է հասնել հաջողության, բարելավել կյանքը, մանավանդ սահմանամերձ բնակավայրերում, և գոնե այս նախաձեռնությամբ կկարողանանք ինչ-որ չափով շտկել դա»,- ասում է Վլադիմիրը։
ԳՏԿ-ի ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե ծրագիրը նախատեսված է եղել ոչ միայն պատերազմի մասնակից անձանց ու Հայաստան եկած արցախցիների, այլև այլ ցանկացողների նույնպես, սակայն պատերազմից հետո շեշտադրումը որոշել են դնել հենց նրանց վրա․
Դասընթացի շրջանակներում մասնակիցները ծանոթանալու են JavaScript, Node.js ծրագրերին, ծրագրավորման գործիքակազմին և տեխնոլոգիաների տեսության հետ, սովորելու են՝ ինչպես կազմել պորտֆոլիոներ և գրել ինքնակենսագրություն, որը հետագայում կօգնի մասնակիցներին ավելի արդյունավետ շփվել գործատուների հետ, ինչպես նաև ինքնուրույն դիմել աշխատանքի համար։
Տվյալ ծրագիրը մեկ այլ ավելի մեծ ծրագրի մաս է կազմում, որը դեռևս բանակցությունների ու նախապատրաստական փուլում է, և դրա մասին կհայտարարվի ավելի ուշ։ Նույն ուսանողները այս փուլից հետո հնարավորություն կունենան շարունակել ուսումը արդեն մեծ ծրագրի շրջանակներում՝ զարգացնելով ստացած հմտություններն ու գիտելիքները։
Լավագույն ուսանողները հնարավորություն կունենան հետագայում նաև աշխատանք ունենալ․
«Մեր առջև նաև նպատակ ունենք դասընթացի ավարտին մասնակիցներից թիմ ձևավորել, որոնց կներգրավենք ֆրիլանս աշխատանքների մեջ ու պարբերաբար աշխատանքային պատվերներ կտրամադրենք»,- ասում է ծրագրերի ղեկավարը։
Հայտադիմումներ ուղարկելու ժամկետն արդեն ավարտված է, իսկ մասնակիցներն՝ ընտրված, 100-ից ավելի հայտադիմումներից հարցազրույցի արդյունքում ընտրվել են 14-ը․ «Ուզում էինք հասկանալ՝ որքանով է մասնակիցը մոտիվացված մասնակցելու այս ծրագրին, որպեսզի հնարավորինս արդյունավետ լինի այն թե՛ մասնակցի և թե՛ մեզ համար»։
Դասընթացի մասնակիցներից է 25-ամյա գյումրեցի Հարություն Մատինյանը։ Հարությունը մասնագիտությամբ խոհարար է, մինչև առաջնագիծ մեկնելը Գյումրու ռեստորաններից մեկում խոհարար է աշխատել։ Սեպտեմբերի 27-ին կամավորագրվել և մեկնել է առաջնագիծ։ Պատերազմի ընթացքում վիրավորում է ստացել, իսկ այժմ դեռևս բուժման փուլում է։ Սակայն դա չի խոչընդոտել, որպեսզի Հարությունը մտածի իր ապագայի մասին և նոր հմտություններ ձեռք բերի․
«Գիտելիքներ չունեմ այս ոլորտում, բայց ծրագրավորումը շատ հեռանկարային ոլորտ է, դրա համար ուզում եմ սովորել, մտնել այդ ոլորտ»,- ասում է Հարությունը։
Պատերազմից հետո Հարությունի նպատակները մի փոքր փոխվել են․ «Ինչպես յուրաքանչյուր հայ տղամարդ, նպատակ ունեի ամուսնանալ, ընտանիք կազմել, իսկ հիմա արդեն ուրիշ է․ ուզում եմ այս պահին կարիերայի մասին մտածել, կայանալ, հետո նոր ընտանիք կազմելու մասին մտածել»։
Full Stack ծրագրավորման անվճար դասընթացների մեկնարկը փետրվարի 13-ին է։ Կազմակերպիչներն ասում են, որ դասընթացները հիմնականում լինելու են օնլայն ձևաչափով, քանի որ մասնակիցներ կան, որ դեռևս վերականգնողական փուլում են և օֆլայնի դեպքում կարող է բարդությունների հանդիպեն։
«Բացի հիմնական օնլայն դասընթացներից, մասնակիցները հնարավորության դեպքում ամիսը մեկ կայցելեն ԳՏԿ և այստեղ թիմային աշխատանքներ կիրականացնենք»,- ասում է ծրագրի ղեկավարը։
Հեղինակ՝ Լիանա Գրիգորյան
Լուսանկարները՝ ԳՏԿ-ի արխիվից
Կարդացեք նաև
- Հետպատերազմյան կրթության հեռանկարները․ տեսակետ
- ՀՀ-ում գտնվող գործազուրկ արցախցիները ինչպես դիմեն ժամանակավոր զբաղվածության ծրագրերին
- Տնտեսական իրավիճակը հետպատերազմյան Հայաստանում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 12/02/2021