Քաղաքական

COVID-19 հատուկ հաշվեհամար․ որքա՞ն է հավաքվել և ինչպե՞ս է ծախսվել

COVID-19 վարակի հաղթահարման գործում առողջապահական համակարգին  աջակցելու նպատակով մարտի 17-ին Գանձապետարանում բացվեց հաշվեհամար` նախատեսված այն ֆիզիկական անձանց և կազմակերպությունների համար,  որոնք ցանկանում են պետությանն այս նպատակով գումար նվիրաբերել։

Սրան զուգահեռ՝  հատուկ ծրագիր սկսեց նաև Հայաստան համահայկական հիմնադրամը, որի շրջանակներում ևս բացվեց հատուկ հաշվեհամար։ Ծրագրի կարգախոսն է՝ «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը»։

«Ամփոփ Մեդիան» ներկայացնում է, թե որքան գումար է հավաքվել այս երկու ծրագրերից և ինչ ուղղություններով է այն ծախսվել։

COVID-19-ի կանխարգելման և հաղթահարման համար բացված գանձապետական հաշիվ

Գանձապետարանում բացված հաշվում հուլիսի 24-ի դրությամբ առկա է եղել 1 մլրդ 118 մլն դրամ (մոտ 2 մլն 330 հազար ԱՄՆ դոլար)։ Այդ գումարը հավաքվել է 4654 փոխանցումներից։

«Ամփոփ Մեդիայի» հարցմանն ի պատասխան՝ Ֆինանսների նախարարությունից տեղեկացրին, որ Գանձապետարանի հատուկ հաշիվը եկամտային հաշիվ է, որից ծախսեր չեն իրականացվում, իսկ հաշվեհամարի պատասխանատուն ՀՀ առողջապահության նախարարությունն է: Գանձապետական հաշվից գումարները համապատասխան գերատեսչություններին են տրվում կառավարության որոշումների համաձայն։

ՀՀ կառավարության որոշումներով՝ նշված գանձապետական հաշվից 1 մլրդ 035 մլն դրամ գումար հատկացվել է ՀՀ Առողջապահության նախարարությանը` ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման համար:

Սակայն COVID 19-ի դեմ պայքարելու նպատակով Առողջապահության նախարարությանը միայն այս հաշվից չէ, որ գումարներ են փոխանցվում։ ԱՆ-ն օգտագործում է նաև իր բյուջեն, պետական պահուստային ֆոնդից փոխանցված, ինչպես նաև այլ բարեգործական հիմնադրամների ու կազմակերպությունների կողմից հատկավող գումարներ։

Այս միջոցառման շրջանակներում Առողջապահության նախարարությունն արդեն իսկ ծախսել է 5,8 մլրդ դրամ գումար։

Ծախսերը կատարվել են ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով՝ վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման, բժշկական անձնակազմի աշխատավարձերի և պարգևատրման ծախսերի, անհրաժեշտ դեղերի, սարքավորումների, բժշկական նշանակության ապրանքների, իրականացված շինարարական ծախսերի փոխհատուցման ուղղություններով։

Ըստ Առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների՝ ծախսված գումարի մեկ քառորդը կամ 25%-ն ուղղվել է վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանմանը։ Այս պահին վերապրոֆիլավորվել և կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժմամբ են զբաղվում շուրջ 19 բժշկական հաստատություններ, որոնց ցանկը հասանելի է ԱՆ կայքում։ Այս բուժհաստատություններից 6-ը գործում են Երևանում, մյուսները՝ մարզերում։

Նման վերապրոֆիլավորված բուժհաստատություններ կան Վանաձորում, Սպիտակում, Գյումրիում, Արտաշատում, Կապանում, Դիլիջանում, Վեդիում և Մարտունիում։ Մի շարք հիվանդանոցներում էլ առանձնացվել են կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բաժանմունքներ։

Ծախսերի հաջորդ մեծ խմբաքանակը, որն ուղղվել է բժշկական սարքավորումների ձեռքբերմանը, կազմել է ընդհանուր ծախսերի 18%-ը կամ 1 մլրդ 67 մլն դրամ։ Ըստ ԱՆ-ի՝ այս գումարով ձեռք են բերվել  արհեստական օդափոխության 159 սարքեր, թթվածնի շուրջ 830 շարժական ապարատներ, 6 ուլտրաձայնային հետազոտման և անհրաժեշտ տարբեր այլ սարքեր։ Բժշկական հաստատություններին բաշխվել են 235 հատ պացիենտի մոնիտորներ և 6 էլեկտրասրտագրության սարքեր։

Բացի ԱՆ-ից, գանձապետական հաշվից գումարներ են տրամադրվել նաև Ոստիկանությանը և Քաղաքաշինության կոմիտեին՝ պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար։

Հայաստան համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը

«COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» կարգախոսն է կրում Հայաստան համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը: Դրամահավաքի արդյունքում՝ օգոստոսի 2-ի դրությամբ 18 երկրներից հավաքվել է ավելի քան 800 հազար ԱՄՆ դոլար (շուրջ 385 մլն դրամ) գումար։

Այս գումարը գոյացել է հիմնադրամի առցանց, գործընկեր և անմիջական նվիրատուների նվիրատվությունների արդյունքում։ Առցանց նվիրատուները Սփյուռքում և Հայաստանում ապրող մարդիկ են, ովքեր նվիրատվություններ են կատարում իրենց նախընտրած գումարի չափով։ Գումարի չափը կարող է խիստ տարբեր լինել։ Օրինակ, առցանց նվիրատուների փոխանցած ամենաքիչ գումարը կազմել է 1 դրամ, իսկ ամենաշատ գումարը՝ 5000 դոլար։

Գործընկեր նվիրատուներն աշխարհի տարբեր անկյուններում՝ Լիբանանում, Լոս Անջելեսում, Կանադայում, Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում, Բրազիլիայում, Գերմանիայում, Իտալիայում, Արգենտինայում, Ավստրիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում գործող հայկական հիմնադրամներն են։

Ըստ հիմնադրամի՝ 695,244 ԱՄՆ դոլարն արդեն ուղղվել է բժշկական պարագաների ու սարքավորումների ձեռքբերմանը, շտապօգնության անձնակազմի ֆինանսական աջակցությանը, Երևանի և մարզերի կարիքավոր ծերերի ամենամսյա սննդի մատակարարմանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձին։

Ծախսված գումարի 43%-ը կամ 300 հազար դոլարը, որպես ֆինանսական աջակցություն, տրվել է Շտապօգնության ծառայության անձնակազմին։ Իսկ 39.6%-ը կամ 275 հազար դոլարը ծախսվել է բժշկական սարքավորումներ գնելու նպատակով։

 

Հեղինակ՝ Աստղիկ Գևորգյան

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

COVID-19-ը Հայաստանում․ այս թեմայով այլ նյութեր

#COVID19 #crisis

Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/08/2020