Իրավունք

Սեզոնային աշխատանքն ու «ստվերը» գյուղոլորտում

Արմավիրցի Ռիմա Ալեքսանյանի աշխատանքն արդեն 17 տարի սկսվում է գարնան գալստի հետ եւ ձգվում մինչեւ աշնան կեսերը: Նա աշխատում է գյուղատնտեսության ոլորտում:

«էս կարտոֆիլն ա, էս լոբին, այ էն կողմն էլ ելակ ենք մշակում: Հատիկ-հատիկ լոբին ընտրում եմ, տեսակավորում ու վաճառքի ուղարկում: Սիրում եմ թե՛ աշխատանքս, թե՛ կոլեկտիվս, աղջիկներով ասում-խոսում ու գործն առաջ ենք տանում»,- ասում է Ռիման:

Ռիմայի աշխատանքը սեզոնային է: Այսինքն, բնակլիմայական պայմաններից ելնելով` աշխատանքը կատարվում է ոչ թե ամբողջ տարին, այլ ութ ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատվածում: Հայաստանի կառավարությունն առանձնացրել եւ հաստատել է շուրջ 20 տեսակի սեզոնային աշխատանքների ցանկ, որում բացի գյուղատնտեսական աշխատանքներից ներառված են նաեւ, օրինակ, ճանապարհների կառուցման հողային եւ ասֆալտապատման աշխատանքները, սննդի բացօթյա կետերում, անտառային տնտեսությունում աշխատանքները եւ այլն:

Սեզոնային աշխատանքը գյուղատնտեսության ոլորտում համարվում է ամենաընդգրկունը, քանի որ հնարավորություն է տալիս ժամանակավոր սեզոնային աշխատատեղեր ապահովել ոչ միայն գյուղացիների, այլեւ քաղաքաբնակների համար: 2017 թ. օգոստոսին Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված է եղել ավելի քան 90 հազար գործազուրկ: Նրանց մի մասը տարվա ընթացքում հաջողացնում է սեզոնային աշխատանք գտնել:

«Մեր Արմավիրում որ մարզից ասես չեն գալիս գործ անելու, հատկապես բերքահավաքի օրերին: Երեւանցիներ էլ կան: Բա էկոլոգիապես մաքուր աշխատանք է՝ քիմիայից հեռու ենք, մաքուր հողի ու բերքի հետ ենք աշխատում, օրվա վերջին էլ մեր վաստակը՝ 5 հազար դրամը ստանում ենք»,- ասում է Ռիման:

Նա ավելի քան մեկ հեկտար լոբու դաշտում աշխատում է 11 կանանց հետ: Ասում է` դեռ երբեք աշխատանքային խնդիրներ չեն առաջացել:

«Օրն աշխատում ենք 8 ժամ: Ունենք հանգստի ժամ, նորմալ հացն էլ ենք ուտում, կոֆեն էլ խմում, բա հո ստրուկ չենք, որ առանց հանգիստ գործ անենք: Էստեղ ապտեչկա էլ կա, որ մեկիս դեղ պետք լինի, գլուխ ցավա՝ տեղում ցավի դեմն առնենք: Մենք էլ գործը գլխառադ չենք անում: Հլը նայի` ինչ լոբի ենք ընտրում ու շուկա ուղարկում»,- ասում է Ռիման:

Ռիման հավաստիացնում է, որ գործատուի հետ աշխատում են օրինական աշխատանքային պայմանագրի հիման վրա, բայց նա ոչ պակաս կարեւորում է նաեւ ազնիվ պայմանավորվածությունը, ասելով, որ հաճախ նույնիսկ մոռանում են փաստաթղթի գոյության մասին:

«Մեր հողատերը լավն է: Էդ թուղթն էլ չլիներ, ես աշխատելու էի: Մենք օրենքից զատ մարդավարի էլ ենք խոսում ու պայմանավորվում, ինքն էլ մեզ հետ հավասար էստեղ աշխատում է»,- ասում է Ռիման:

Ոչ ֆորմալ աշխատանք

Հայաստանում մեծ է ոչ ֆորմալ կամ թաքնված զբաղվածության մակարդակը: Գյուղոլորտում զբաղվածությունը եւս ոչ ֆորմալ է համարվում: Ոչ ֆորմալ զբաղվածություն առաջանում է այն դեպքում, երբ պետությունը չի կարողանում նպաստել բավարար թվով ֆորմալ աշխատատեղերի ստեղծմանը, ուստի աշխատանքի կարիք ունեցող մարդիկ ստիպված են լինում ընտրել ոչ ֆորմալ աշխատանքը:

«Մեզ մոտ խնդիրներ չկան, բայց երբեւէ պայմանագիր չենք ունեցել», – ասում է մեկ այլ դաշտում աշխատող բանվորուհիներից մեկը, ով կարծում է, որ եթե բոլոր հարկերը վճարեր, ապա շատ ավելի քիչ աշխատավարձով տուն կգնար:

Տվյալ պարագայում խախտվում է աշխատողի իրավունքը. աշխատողները ստանում են ցածր աշխատավարձ, չեն օգտվում սոցիալական պաշտպանվածությունից, այլ կերպ ասած՝ խախտվում են աշխատանքային օրենսգրքի պահանջները: Հայաստանի գյուղերում աշխատողների 21%-ը  ոչ ֆորմալ աշխատանք է կատարում:

Հայաստանի ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը բազմաթիվ օրինակներ ունի, թե պայմանագրի բացակայության դեպքում որքան մեծ է խնդիրների առաջացումը գործատու-աշխատող հարաբերություններում:

«Արմավիրից մեզ դիմեցին մի քանի բանվորներ՝ նշելով, որ իրենց գործատուն չի վճարել: Այստեղ միանգամից երկու խնդիր կար. նախ` իրենք աշխատանքային պայմանագիր չունեին, նաեւ մեր արհմիության անդամ չէին: Մենք շտապեցինք օգնել բանվորներին, թեպետ չունեինք իրավական որեւէ լծակ»,- պատմում է Ջհանգիրյանը:

Ըստ նրա, գործն ուսումնասիրելիս պարզվեց, որ բանվորները վնասել էին գործատուի գույքը, այդ իսկ պատճառով վերջինս հրաժարվել էր վճարում կատարել: Միության աշխատակիցների հորդորով պայմանագրերն ի վերջո կնքվել են, եւ կողմերը պարտավորություն են ստանձնել խնդիրները հարթել՝ թե՛ վճարումը պատշած կազմակերպելով, թե՛ վնասի փոխհատուցում կատարելով: Սակայն Ջհանգիրյանը խոստովանում է, որ ոչ միշտ է հնարավոր նման ընդհանուր հայտարարի գալ:

«Երբ չկա աշխատանքային պայմանագիր, խնդիրը շատ է բարդանում: Նախ պետք է ապացուցել, որ տվյալ անձը իսկապես աշխատում է: Պարզապես գործընկերոջ վկայությունը չի օգնի: Անհրաժեշտ է փաստաթուղթ, որը կապացուցի, որ տվյալ անձը աշխատավարձ է ստացել գործատուի կողմից»,- ասում է աշխատանքի իրավունքի եւ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Տիգրան Կիրակոսյանը:

Իրավական որեւէ հիմքի բացակայության դեպքում ոչ բարեխիղճ գործատուն կարող է շատ հանգիստ խուսափել վճարումներից եւ օրենքի առջեւ պատասխան տալուց:

Սեզոնային աշխատանքը՝ օրենքի կետով

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն, սեզոնային աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողներին հատկացվում է վճարովի արձակուրդ կամ պայմանագիրը լուծելիս վճարվում է հատուցում` յուրաքանչյուր ամսվա համար երկու աշխատանքային օրվա հաշվարկով: Աշխատողը կամ գործատուն իրավունք ունեն լուծելու սեզոնային աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեք օր առաջ գրավոր ձեւով ծանուցելով միմյանց:

Շատերի մոտ ձեւավորված է կարծիք, որ սեզոնային աշխատանքային պայմանագիրը տարբերվում է սովորական աշխատանքային պայմանագրից եւ շատ ավելի քիչ երաշխիքներ է սահմանում աշխատողի եւ գործատուի համար: Սակայն աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ սեզոնային աշխատանքային պայմանագիրը սովորական աշխատանքային պայմանագրից տարբերվում է ընդամենը 2 չափորոշիչով. այն կարող է կնքվել ժամանակավոր՝ 1 օրից մինչեւ 8 ամիս ժամկետով (ոչ թե պարտադիր անորոշ ժամկետով) եւ երկրորդ` այն կարող է լուծվել կողմերից մեկի նախաձեռնությամբ՝ 3 օր առաջ գրավոր ծանուցելու միջոցով (ոչ թե երկու ամիս առաջ ծանուցելու միջոցով), իսկ մնացած չափորոշիչներով դա նույն աշխատանքային պայմանագիրն է, որտեղ երաշխավորված են ե՛ւ աշխատողի, ե՛ւ գործատուի երաշխիքները:

Այսինքն, աշխատողն ունի ե՛ւ նորմալ աշխատաժամանակի իրավունք, ե՛ւ նվազագույն աշխատավարձի ու հանգստի իրավունք՝ ներառյալ ամենամյա նվազագույն արձակուրդը կամ դրա հատուցումը վերջնահաշվարկի տեսքով, ե՛ւ գիշերային ու արտաժամյա հավելումների իրավունք, ե՛ւ նորմալ աշխատանքային պայմանների իրավունք, ե՛ւ աշխատանքային ստաժի ձեռքբերման իրավունք:

Փորձագետի կարծիք


Գյուղատնտեսական աշխատանքային հարաբերություններում պետությունը հարկային բարենպաստ քաղաքականութան քայլեր պետք է ձեռնարկի՝ իջեցնելով աշխատողներից պահվող եկամտային հարկերի տոկոսադրույքը, որպեսզի նպաստի այս աշխատանքային հարաբերությունները «ստվերից» օրենսդրական դաշտ բերելուն, հակառակ դեպքում` աշխատողը խուսափելով հարկից` աշխատելու է գործատուի թելադրած պայմաններով` զիջելով իր օրենդրական երաշխիքները եւ սոցիալական պայմանները:

Տիգրան Կիրակոսյան

աշխատանքի իրավունքի եւ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ


Հղումների պահոց

  • Հայաստանում գործազրկության ցուցանիշը ամենաբարձրն է ԱՊՀ-ում:
  • Աղքատության պատկերը Հայաստանում:
  • Աշխատանքի վարձատրության պետական քաղաքականության սոցիալական հիմնախնդիրները ՀՀ-ում:

Ամփոփեց Արմինե Ավետիսյանը

Լուսանկարները` հեղինակի

Պատասխանատու խմբագիր`  Սուրեն Դեհերյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn