Սոցիալական

Ոչ ստույգ տվյալներ ՀՀ-ում արցախցիների ժամանակավոր բնակության և Արցախ վերադարձի վերաբերյալ

Արինա Չաքմազյանը, ով Հադրութի շրջանի Այգեստան գյուղից է, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի 10-րդ օրը Երևան էր եկել՝ հույսով, որ առավելագույնը 7 օրից վերադառնալու է իր տուն։

«Ինձ ու եղբորս կնոջը մի կերպ են Երևան ուղարկել. չէինք ուզում կռվի մեկնած մեր տղերքին թողնել ու գալ։ Բայց մտածում էինք, որ ամենաուշը մեկ շաբաթից հետ ենք գնալու…», – «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է Արինան ու երանի տալիս գյուղից դուրս գալու օրվան, երբ դեռ կար վերադարձի հույս։

Արդեն 4-րդ ամիսն է՝ Արինան իր գյուղը միայն նկարներով է տեսնում։ Հիմա ընտանիքի հետ Էջմիածնում է ապրում։ Մինչ այդ՝ մոտ երկու ամիս, Երևանում բնակվող ընկերուհու տանն էր։ Ասում է, որ այդ ամբողջ ընթացքում Երևանում ընդամենը երկու անգամ սննդի փաթեթ է ստացել թաղապետարանից, մնացյալ դեպքերում ձեռք են մեկնել ընկերներն ու անծանոթ, բայց կամեցող մարդիկ։

«Դիմել ենք ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ անկողնային պարագաների համար, ասել են՝ չկա։ Տարբեր կազմակերպությունների ենք դիմել, որոնք Արցախից տեղահանվածներին պետք է օգնություն տրամադրեին, բայց ապարդյուն, ասել են՝ ուշ է, սպառվել են ռեսուրսները», – պատմում է նա։

Պատերազմից տուժած արցախահայության համար տարբեր երկրներից ուղարկված հումանիտար օգնության բաշխումը հիմնականում վերահսկել ու համակարգել են տեղական ինքնակառավարման մարմինները։ «Ամփոփ Մեդիան» Երևանի քաղաքապետարանից փորձել է գրավոր հարցման միջոցով պարզել Արցախից տեղահանվածների շրջանում առկա դժգոհությունների պատճառը, որին քաղաքապետարանը պատշաճ պատասխան չի տրամադրել։ Փոխարենը տեղեկացրել է, որ 2020թ․-ի հոկտեմբերի 2-ից վարչական շրջանների աշխատակիցների կողմից իրականացվել է Արցախի Հանրապետությունից ՀՀ տեղափոխված բնակիչների հաշվառում և առաջնային կարիքների գնահատում։

Ընդհանուր առմամբ, համաձայն քաղաքային իշխանության տրամադրած տեղեկության, բնաիրային փաթեթներ են տրամադրվել ժամանակավորապես ՀՀ-ում գտնվող շուրջ 106 հազար մարդու։

«Տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ֆինանսական աջակցություն որևէ ընտանիքի չի տրամադրվել», – նշված է քաղաքապետարանի պատասխանում։

Հունվարից սկսած՝ աջակցության ծրագրերն արդեն նախկին ծավալներով չեն իրականացվում. աջակցություն տրամադրվում է կարիքի դեպքում դիմած անձանց, այն էլ՝ ոչ պարբերաբար։

Հարցումներից պարզ է դառնում, որ տեղահանվածներին թիրախային օգնություն ցուցաբերելու համար կարիքների գնահատման ճշգրիտ մեթոդաբանություն չի եղել. թե´ տարածքային սոցիալական բաժինները, թե´ օպերատիվ շտաբը հիմնվել են տեղահանվածների ներկայացրած կարիքների վրա։

Արդյունքում, ունեզրկված բազմաթիվ արցախցիներ ստացել են առաջին անհրաժեշտության ոչ բավարար աջակցություն։ Արինան նրանցից մեկն է, բայց դրա համար չէ, որ ցավում է։ Ասում է՝ աղետը հայրենիք կորցնելն է, իսկ նյութականը կվերականգնվի, նորից կստեղծենք։ Կրկին ոտքի կանգնելու համար միայն հենման կետ է պետք։

Հենման կետը 25 տարվա մանկավարժական փորձ ունեցող Արինայի համար աշխատանքն է, որի փնտրտուքի մեջ է հիմա։

Երևանում գտնվող արցախցիների և Արցախ վերադարձածների թիվն անորոշ է

Ներկա դրությամբ Երևանում գտնվող արցախցիների թիվը որևէ գերատեսչությունից պարզել չհաջողվեց։ Ընդհանրապես, պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստան տեղափոխված և պատերազմի ավարտից հետո Արցախ վերադարձածների վերաբերյալ պաշտոնական աղբյուրների տրամադրած թվերն իրարամերժ են։

«Մենք արձանագրել ենք մոտ 90 հազար արցախցիների մուտքը ՀՀ, բայց ելքերը կանոնակագրված չեն եղել։ (Ժամանակավորապես Հայաստան տեղափոխված, բայց չհաշվառված ԱՀ քաղաքացիներն ընդգրկված չեն 90 հազարի մեջ)։

Քանի որ տեղահանվածների մի մասն Արցախ է վերադարձել մասնավոր փոխադրամիջոցներով, ուստի առայժմ ճշգրիտ տվյալ չունենք ոչ Արցախ վերադարձածների, ոչ էլ Հայաստանում գտնվողների մասով», – «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության ներկայացուցիչը։

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալների համաձայն, 2020թ․ նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ից Արցախ է վերադարձել ընդհանուր 25 264 մարդ, նրանցից 19 280-ը միայն Երևանից [խմբ․ Մինչև 2020թ․-ի պատերազմի մենարկը Արցախի բնակչությունը շուրջ 150 հազար էր]։

Արցախ վերադարձածների թվի մասին տեղեկություն հրապարակում է Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ն, համաձայն որի՝ Արցախ է վերադարձել շուրջ 50 հազար մարդ։ Մինչդեռ միգրացիոն ծառայության գնահատմամբ՝ այս թիվն ուռճացված է, քանի որ սահմանին ռուս խաղաղապահներն արձանագրում են միայն մուտքերը, և նույնականացում չի կատարվում։

Համենայնդեպս, Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը կարծում է՝ թեկուզ հաշվարկները տարբեր են, բայց դրանց աղբյուրների համադրությունը թույլ է տալիս ենթադրել, որ 70-80 հազար մարդ արդեն վերադարձել է Արցախ։

Զանգերը թեժ գծեր պակասել են

Տեղահանված արցախցիներին կացարանով ապահովելու համար պատերազմի առաջին օրերին Երևանում ստեղծվել էր ժամանակավոր կայանման կետ։ Կացարան փնտրող արցախցիներին ուղեկցում էին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հայորդաց տուն, որտեղից էլ նրանց տեղափոխում էին ժամանակավոր կացարաններ։ Սակայն 2020թ. դեկտեմբերի վերջից կայանման կետը չի գործում, իսկ տեղահանված արցախցիները կացարանի կարիք ունենալու դեպքում պիտի զանգահարեն թեժ գծի 114 համարին։

Ժամանակավորապես ՀՀ-ում գտնվող արցախահայությունը կացարանի ու այլ հարցերի դեպքում կարող է դիմել նաև Արցախի Կառավարության օպերատիվ շտաբ։ Պատերազմն սկսվելուց մեկ ամիս անց ՀՀ-ում ստեղծված օպերատիվ շտաբի հիմնական գործառույթը տեղի արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգումն է։

«Թեժ գծի աշխատակիցների թիվը 4 անգամ ավելացրել էինք՝ 16-ից հասցնելով 64-ի, բայց էլի չէին հասցնում պատասխանել զանգերին։ Անընդհատ դժգոհություններ էինք ստանում անպատասխան զանգերի համար։ Առաջին շաբաթն օրական մոտ հազար զանգ էինք ընդունում, մեծ մասը՝ կացարանի խնդրով», – «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը համակարգող Միքայել Վիրաբյանը և հավելում, – Հիմա զանգերի թիվը մոտ տասն անգամ նվազել է»։

ՀՀ-ում գտնվող արցախցիներն օպերատիվ շտաբի հեռախոսահամարին (010 59 03 33, կարճ համար՝ 81 38) կարող են զանգել նաև իրավաբանական, առողջապահական ու կրթական հարցերով։ Միքայել Վիրաբյանը վստահեցնում է, որ օպերատիվ շտաբի աշխատակիցները զանգահարողին կուղղորդեն դեպի համապատասխան կառույց։

Շտաբի գլխամասը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում՝ Գ. Նժդեհի 23/1 հասցեում։

Օգնությունն Արցախում թիրախային կլինի

Արցախից տեղահանվածներին առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնելու գործին պատերազմի սկզբից լծվել էին մեծ թվով հասարակական կազմակերպություններ ու կամավորներ։ Երևանում ու հարակից մարզերում հանգրվանած արցախցիներին օգնություն հասցնող կամավորների մի մեծ խումբ համախմբվել էր «Հո՛գ տար» սոցիալական նախաձեռնության շուրջ։ Նախաձեռնող խմբի անդամներն ասում են, որ երեք ամիս շարունակ տեսակավորել, փաթեթավորել ու սնունդ են հասցրել շուրջ 50 հազար արցախցու։

«Այդ ամբողջ ընթացքում օրական միջինում 100 կամավոր էր ներգրավված աշխատանքներում։ Օրեր են եղել, որ մինչև 1500 հոգու սնունդ ենք հասցրել։ Սկզբում մենք էինք փորձում կարիքների գնահատում իրականացնել՝ ըստ լրացված հայտերի, հետո շտաբն ու քաղաքապետարանները տրամադրում էին ցուցակները, թե ում ինչ պետք է հասցնել»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում պատմում է «Հո՛գ տար» սոցիալական նախաձեռնության համահեղինակ Համլետ Խնկոյանը։

Նա ասում է, որ պատերազմի օրերին արցախցի հայրենակիցների համար տարբեր երկրներից ուղարկված սննդի, հագուստի ու հիգիենայի պարագաների 30%-ն էր Արցախ ուղարկվում, մեծ մասը բաժանվում էր ՀՀ-ում ժամանակավորապես բնակեցված արցախցիներին։ Սակայն նոյեմբերից սկսած՝ Արցախ վերադարձողների թվի աճին զուգընթաց, ավելացել է նաև այնտեղ ուղարկվող օգնության ծավալը։

Նախաձեռնության հայաստանյան եռամսյա փուլն ավարտված է և այժմ նախաձեռնությունն ամբողջությամբ իր գործունեությունը ծավալում է Արցախում.

«Արցախում թիրախային է լինելու աջակցությունը. առաջին հերթին աջակցելու ենք զոհվածների ընտանիքներին, վիրավորներին և նրանց, ովքեր կորցրել են իրենց տները։ Ռեսուրսների տեղաբաշխումը բացառապես ՏԻՄ-երն են իրականացնելու։ Արթուր Առուշանյանն էլ, ով նախաձեռնության մյուս համահեղինակն է, տեղում կհամակարգի աշխատանքները»։

Նախաձեռնության երիտասարդ կամավորների ջանքերով 10 000 հոգու համար նախատեսված 4000 արկղ հումանիտար օգնությունն արդեն տեսակավորվել, փաթեթավորվել և ուղարկվել է Արցախ։

Հեղինակ՝  Լիլիթ Պողոսյան

Ինֆոգրաֆիկը՝  Կարինե Դարբինյանի

Լուսանկարը՝ «Հո՛գ տար»․ սոցիալական նախաձեռնության ֆեյսբուքյան էջից

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 19/01/2021