Լրահոս

Օգոստոսի 3-31. Հանցավոր ենթամշակույթ կրողները կենթրակվեն քրեական պատասխանատվության

Օգոստոսի 29-ին կառավարությունը հավանության արժանացրեց օրենսդրական այն նախաձեռնությանը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել հանցավոր ենթամշակույթ կրողներին: Օրենսդրական նախաձեռնությունն ուղղակիորեն վերաբերվում է «օրենքով գողերին», «զոն նայողներին» կամ նրանց, ովքեր մասնակից կլինեն կամ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կձևավորեն նմանատիպ մշակույթ կրող խմբավորումներ: Այս նպատակով փոփոխություններ և լրացումներ կկատարվեն «ՀՀ քրեական օրենսգրքում» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում»: 

«Այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, և, հետևաբար, նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տուն ապրելու»,- կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է նաև, որ լինելու է դիմադրություն, սակայն կառավարությունը պետք է շատ վճռական գործի՝ ամենակոշտ ձևերով:

Ամուլսարը՝ թեժ քննարկումների կիզակետում

Oգոստոսի ամենաքննարկվողը Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ ծավալվող իրադարձություններն էին: Օգոստոսի 14-ին ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման և շրջակա միջավայրի վրա հանքի ազդեցության  մասին լիբանանյան «ELARD» ընկերության փորձաքննության արդյունքները։ Փորձաքննության եզրակացության մեջ նշվում են մի շարք պայմաններ, որոնց բավարարման դեպքում միայն հնարավոր կլինի ասել, որ հանքավայրի շահագործումը նվազագույն վնաս կհասցնի բնությանը և մարդկանց: 

Օգոստոսի 29-ին կառավարությունում տեղի ունեցավ «Էլարդի» փորձագետների հետ եռակողմ Skype-կոնֆերանսը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփելով կոնֆերանսի արդյունքները գրել էր, որ Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության և գնահատման կարիք ունեն:

«Երեկվա քննարկումը նաև կարևոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյոք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի»,- գրել է վարչապետը։ 

Մինչև սեպտեմբերի 4-ը Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության վերաբերյալ եզրակացություն ներկայացնի: 

կարդացեք նաև

Ամուլսարի 400 օրը. Non-stop դիմադրություն

Հայկական զինուժի դիրքերի բարելավում

Օգոստոսի 17-ին Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ հայկական զինուժը բարելավել է իր դիրքերը ՀՀ սահմանի հյուսիսային հատվածում: Ըստ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ ՀՀ զինված ուժերի այս գործողություններն ու առաջխաղացումը հակառակորդի համար անսպասելի է եղել: Թե կոնկրետ ինչ հատված և ինչ չափով տարածք է հայտնվել ՀՀ ԶՈւ վերահսկողության տակ, նախարարությունը չի բացահայտում։

523 մլն դրամ՝ մարզագույքի ձեռքբերման համար

Օգոստոսի 29-ի ՀՀ կառավարության նիստում որոշվեց հանրակրթական դպրոցների և մարզադպրոցների համար մարզագույք ձեռք բերելու նպատակով պետական բյուջեից հատկացնել 523 մլն դրամ (1,1 մլն ԱՄՆ դոլար) գումար, որը, ըստ վարչապետ Փաշինյանի, գոյացել է բյուջեի հավելյալ եկամուտներից:

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է, որ 2012թ.-ից ի վեր` 7 տարիների ընթացքում, այս նպատակով հատկացված գումարի ընդհանուր չափը կազմել է 420 մլն դրամ:

«Դուխով մարզվեք, մեր սիրելի ապագա չեմպիոններ», – այսպես է ավարտել գրառումը Փաշինյանը։

ՀԴՄ-ների «գերի»

Օգոստոսի սկզբին քրեական գործ  հարուցվեց Պետական եկամուտների կոմիտեի նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք, ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են պետությանն էական վնաս պատճառելով: Մասնավորապես 2017-18թթ. չինական ընկերության կողմից մատակարարված 25 հազար հատ «Pax S 900» մոդելի ՀԴՄ-ներն իրականից ավելի բարձր գնով են ներկայացվել` էական վնաս հասցնելով պետությանը: 

Այս ամիս նաև հայտնի դարձավ, որ ՊԵԿ-ը տուգանում է այն իրավաբանական անձանց, որոնք չունեն ՀԴՄ կամ օգտագործում են հին սերնդի ՀԴՄ-ներ: Սակայն նոր ՀԴՄ-ներ շուկայում հնարավոր չէ գնել: Խնդիրն այն է, որ եթե նախորդ կառավարության օրոք ՀԴՄ-ների ներկրման և վաճառքի մենաշնորհ ուներ միայն ՊԵԿ-ին կից պետական ոչ առևտրային կազմակերպությունը, ապա այսօր այն իրականացնում է 9 առևտրային կազմակերպություն: Սակայն տվյալ կազմակերպությունները նոր ՀԴՄ-ի վաճառք նախատեսում են սեպտեմբերից: 

Ինչպես հայտնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, խնդիրը հարթվել է, և պայմանավորվածություն ձեռք բերվել ՊԵԿ-ի ղեկավարության հետ, որ առաջիկայում ՊԵԿ-ը չի տուգանի ՀԴՄ չունեցող սուբյեկտներին, եթե նրանք հայտ են ներկայացրել նոր ՀԴՄ ստանալու համար: ՊԵԿ-ը, այնուամենայնիվ, կշարունակի շուկան մոնիթորինգի ենթակել: 

ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի կալանավորման որոշում

Օգոստոսի 27-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ խուզարկություններ են կատարվել Գագիկ Խաչատրյանի և նրա հետ փոխկապակցված որոշ անձանց պատկանող տարածքներում: Գագիկ Խաչատրյանը ՀՀ ՊԵԿ նախագահ է եղել 2008-2014թթ, իսկ 2014-2016թթ. եղել է ՀՀ Ֆինանսների նախարար՝ ղեկավարելով միավորված ՊԵԿ-ը և Ֆինանսների նախարարությունը:

Ըստ ԱԱԾ-ի՝ նույն օրը ձերբակալվել են Գագիկ Խաչատրյանը և նրա եղբորորդին` Կարեն Խաչատրյանը՝ պաշտոնեկան դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով: Նրանց առաջադրվել է մեղադրանք և կալանքի միջնորդություն: Ըստ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ խոսքը միլիոնավոր դոլարների մասին է: 

Կարեն Խաչատրյանը նույնպես աշխատել է ՊԵԿ-ում: Դատարանը նախ որոշում էր կայացրել կալանավորելու Կարեն Խաչատրյանին: Իսկ օգոստոսի 30-ին դատական նիստի ընթացքում նիստը վարող դատավորը որոշում էր կայացրել կալանավորելու նաև Գագիկ Խաչատրյանին: Վերջինս նիստին ներկա է եղել: Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նիստից հետո հայտարարել է, որ կալանավորումը ապօրինի էր և ոչ իրավաչափ:

Ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար՝ ՀՊՏՀ-ում

Օգոստոսի 22-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Հայրապետյանը, որը 2018թ. դեկտեմբերին էր նշանակվել այս պաշտոնում, մեղադրվում էր դոկտորական ատենախոսությունում գրագողություն կատարելու մեջ: Այդ մասին բարձրաձայնել էին մի խումբ դասախոսներ, որոնք դժգոհ էին ռեկտորի պաշտոնակատարի նախաձեռնած բարեփոխումներից՝ մասնավորապես դասախոսական նոր կազմի մրցույթից, որը նրանք անօրինական են համարում: Հունիս ամսին Հայրապետյանի դեմ նրանք  դատական հայց էին ներկայացրել:

Ինքը՝ Հայրապետյանը, համարում է, որ ատենախոսության վերաբերյալ աղմուկը անարդարության և խտրականության դրսևորում է, սակայն նշել է, որ «պատրաստ է լինել Հայաստանի պատմության մեջ միակ պատասխանատվության ենթարկվողը»:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մեկնաբանելով իրավիճակը, նշեց, որ Հայրապետյանի հետ փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի վերջինս թողնի պաշտոնը, քանի որ ինքը՝ որպես նախարար, նպատակ ունի բացառել գիտական համակարգում նման երևույթների տարածմանը: 

Օգոստոսի 22-ին նախարարի հրամանով ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ նշանակվեց նույն համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը:

Հրշեջ-փրկարարների, անտառապահների և անտառապետերի աշխատավարձերի բարձրացում

Հոկտեմբերի 1-ից կբարձրանա հրշեջ-փրկարարների աշխատավարձը: Այս մասին օգոստոսի 27-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Աշխատավարձի բարձրացման չափը, սակայն կհրապարակվի ավելի ուշ: 

Մինչ այդ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել էր, որ ամեն ինչ անելու է, որպեսզի աշխատավարձերի բարձրացում լինի:

Օգոստոսի 28-ին վարչապետը հայտարարեց, որ հոկտեմբերի 1-ից կբարձրանա նաև անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը: 

Հայկական ֆուտբոլի նվաճած նոր մակարդակ

Ընդամենը 2 տարվա կյանք ունեցող և Հայաստանի պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս էր եկել Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլ: 

Հաղթանակից ընդամենը մեկ քայլ էր պակասում, սակայն օգոստոսի 29-ին Լյուքսեմբուրգում կայացած Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Դյուդելանժ»-«Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը զրկեց մեր թիմին հետագա պայքարից:

Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանելով պարտությունը, նշել է, որ չնայած հաղթանակին հասնելու համար ընդամենը մեկ գնդակ չբավարարեց, սակայն թիմը հանդես է եկել բարձր մակարդակով՝ ցուցաբերելով համախմբվածություն և նպատակասլացություն: «Մենք ունենք ազգային թիմ, որով կարելի է հպարտանալ, հանձին՝ «Արարատ-Արմենիայի»», – ասել է մարզիչը: 

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

 

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 31/08/2019