Այս կիրակի՝ մարտի 30-ին, գյումրեցիները կորոշեն, թե որ քաղաքական ուժն է առաջիկա տարիներին ղեկավարելու իրենց համայնքը։
Ամփոփ Մեդիան մշակել և պատկերների է վերածել Գյումրու ընտրություններին վերաբերող նախընտրական տվյալները։
Գյումրեցու ձայնի համար պայքարում է 9 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 6 կուսակցություն։ Գյումրի համայնքի բնակիչներից ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 111,236 ընտրող։
Քաղաքական ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկված է 371 թեկնածու, որոնցից 151-ը (40.6%) կանայք են։
Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Ըստ այդմ, բոլոր ուժերը բավարարել են օրենքի պահանջը։
«Մեր քաղաքը» դաշինքի ցուցակի առաջին երկու եռյակներում կանայք ոչ թե երրորդ, այլ համապատասխանաբար՝ երկրորդ և առաջին տեղերում են։ Իսկ «Եվրադաշինքի» ցուցակի առաջին եռյակում կանայք զբաղեցնում են երկրորդ և երրորդ համարները։
Մինչդեռ, հատկանշական է, որ որևէ ուժ չունի առաջին համարի կին թեկնածու։
Ըստ Ընտրական օրենսգրքի՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության կամ դաշինքի անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:
Թեկնածուների տարիքային տարբերությունը էական մեծ է։ Տարիքով ամենափոքր թեկնածուները 18 տարեկան են, իսկ ամենատարեց թեկնածուն 78 տարեկան։ Ամենաերիտասարդ թույլատրելի տարիքը ավագանու թեկնածուի համար 18-ն է։
Մասնակցող 9 քաղաքական ուժերից 2-ի ցուցակներում ներգրավված թեկնածուների կեսը, իսկ 3-ի ցուցակներում՝ շուրջ 60%-ը նշել են, որ զբաղվածություն չունեն։ Ընդհանուր առմամբ, ընտրությանը մասնակցող 371 թեկնածուներից 133-ը կամ յուրաքանչյուր երրորդ թեկնածուն չի աշխատում։
Ընտրությունների օրը Գյումրիի 82 ընտրատեղամասերը կգործեն ժամը 08:00-20:00-ը։
Տվյալների մշակումը ու ինֆոգրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 28/03/2025