Առողջություն

Հղիների շրջանում նկատվում է հիվանդությունների և բարդությունների աճ

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Լենան կուզեր երրորդ երեխան ունենալ, բայց վախը ցանկությունից մեծ է։ Երկու երեխաներին կյանք տալիս մահվանն այնքան մոտ է եղել, որ հետո նոր հղիություն պլանավորելու մասին բոլոր մտքերն ավարտվել են մերժմամբ։ Աղջիկները հիմա 11 և 10 տարեկան են, բայց հղիության ընթացքում և ծննդաբերության ժամանակ առաջացած խնդիրները շատ պարզ է հիշում։ Առաջին հղիության ժամանակ ախտորոշվեց Պրեէկլամպսիա՝ բազմօրգանային ախտահարմամբ ուղեկցվող հղիության հիպերտենզիվ խանգարում։ Դա հիվանդության նախավերջին ստադիան է, եթե հասնի Էկլամպսիայի, ոչ մայրը, ոչ երեխան չեն փրկվի։

«Առաջին հղիությունս էր, բոլոր ստուգումներն անցել էի, ասում էին՝ ամեն ինչ նորմալ է, դպրոցական աղջնակի առողջություն ունեմ։ Բայց ես զգում էի, որ մի բան այն չէ։ Ինչքան պտուղը մեծանում էր, այնքան նոր խնդիրներ էի նկատում․ այտուցվում էին ոտքերս, ձեռքերս, անգամ դեմքս, նստած էի քնում։ Բայց բժիշկներն ասում էին՝ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա։ Բոլոր անալիզների պատասխանները ևս, կարծես թե, դրական էին»,- հիշում է Լենան։

Հղիության 7 ամիսների ընթացքում Լենան բժիշներին ասել է, որ զգում է՝ խնդիր կա, սակայն ստացել է հանգստացնող պատասխան։ 7-րդ ամսում հերթական ստուգման ժամանակ բժշկուհին անհանգստացել է, անալիզ պահանջել, իսկ երկու ժամ հետո ահաբեկված զանգել ու Լենային անհապաղ հիվանդանոց է կանչել։

«Պարզվեց՝ մեզի մեջ սպիտակուցի զգալի քանակություն կա, ճնշումս էլ սարսափելի ու անկառավարելի բարձր է։ Մի քանի ժամ ջանքերից հետո, երբ բժիշկները ոչ մի կերպ չկարողացան ճնշումս իջեցնել, ամուսնուս ու բարեկամներիս ասացին՝ անհապաղ միջամտություն է պետք, այլապես ոչ իմ, ոչ երեխայի կյանքը չի փրկվի»։

Հղիության ընթացքում առաջացած այս հիվանդությունը կարող էր կյանքեր արժենալ։ Լենան համարում է, որ գանգատների նկատմամբ բժիշկների անտարբերությունն է իրեն հանգեցրել այդ վիճակին։ Համոզված է, որ հակառակ դեպքում խնդիրը վաղ կկանխվեր, երեխան թերհաս չէր ծնվի, և նրա կյանքի համար կյանքի առաջին իսկ օրերից պայքարելու կարիք չէր լինի։

«Իսկ երկրորդ հղիության ընթացքում խնդիրներ չկային, բայց կեսարյան հատման ժամանակ սարքի անսարքության պատճառով այրվածքներ եմ ստացել։ Չգիտեմ՝ ինչն է խափանվել այդ ժամանակ, բայց իմ որովայնն ամբողջությամբ այրված էր, բժշկուհու ձեռքը ևս վնասվել էր»,- «Ամփոփ Մեդիային» պատմում է Լենան։

Ծննդաբերական և հետծննդյան բարդությունների աճ հղիների շրջանում

Ըստ «Մոր և մանկան առողջություն» վիճակագրական տարեգրքի՝ ծննդաբերական և հետծննդյան շրջանում կանանց մոտ առաջացող մի շարք բարդություններ վերջին 30 տարվա ընթացքում կտրուկ աճ են գրանցել։ Եթե 1990թ-ին հղիության ընթացքում 1000 ծննդից 13.8 հղիի (1,4%) մոտ էր սակավարյունություն ախտորոշվում, ապա 2021-ին այդ թիվը կազմել է 135.1, ասել է թե հղիների 13,5%-ի մոտ գրանցվել է սակավարյունություն։

Միզասեռական համակարգի հիվանդություններ (նախկինում կոչվում էր՝ երիկամների հիվանդություններ) 1990թ-ին գրանցվում էր 1000 հղիից ընդամենը 3-ի մոտ, մինչդեռ 2021-ին՝ 1000-ից 83-ի մոտ (ավելի քան 8%-ի մոտ)։

Ինտերակտիվ գրաֆիկի կարմիր տողում ընտրեք հիվանդության մեկ կամ մի քանի տեսակ՝ դրանք առանձին ուսումնասիրելու կամ մյուսների հետ համեմատելու համար։


Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Ռուզան Մարտիրոսյանը «Ամփոփ Մեդիային» ասում է, որ տարբեր բարդությունների աճը տարբեր պատճառներ կարող է ունենալ։

«Օրինակ, վահանաձև գեղձի խնդիրների աճը կարող է պայմանավորված լինել Հայաստանում յոդի պակասով։ Երակային պաթոլոգիաների պատճառները բազմաթիվ են՝ ժառանգական նախատրամադրվածություն, նստակյաց կյանք կամ երկար ոտքի վրա մնալ ենթադրող աշխատանք։ Եթե ինչ-որ շրջանում կանանց կյանքը ենթադրում է այսպիսի վարք, ապա այդ շրջանում բարդությունները կարող են սրվել»։

Մեկ այլ բարդություն՝ ընկերքի սերտաճումը, կարող է պայմանավորված լինել կեսարյան հատումներով։ Դրանց ակտիվ կիրառման պայմաններում հաջորդ տարիներին կանանց ավելի մեծ մասը կարող է այս խնդրին բախվել։ Այսինքն, ըստ Մարտիրոսյանի, հիվանդություններն ու բարդությունները կարող են կապվել ժամանակաշրջանի կամ անձամբ հղիի վարած կենսակերպում փոփոխությունների հետ։

Ինտերակտիվ գրաֆիկում ընտրեք մարզը և հիվանդության մեկ կամ մի քանի տեսակ՝ իրավիճակին ծանոթանալու համար։ 


Սակայն տարեգրքում ներառված թվերի մասին Մարտիրոսյանը պատասխան չունեցող հարցեր ունի։ Պարզ չէ՝ հիվանդություննե՞րն են առավել հաճախադեպ դարձել, 1990-ականներին վիճակագրությու՞նն է թերի վարվել, թե՞, օրինակ, և՛ առաջ, և՛ հիմա հիվանդությունները եղել են, սակայն այժմ ստուգումներն ավելացվել են, բացահայտումները՝ ևս։ Սակայն Մարտիրոսյանը հստակ գիտի՝ այս վիճակագրության մեջ ներառված բարդություններից բոլորը չեն, որ ուղիղ կապ ունեն հղիության հետ։ Հաճախ հղիությունը ոչ թե դրանց առաջացման պատճառն է, այլ արտահայտման առիթը։

«Բժշկի դիմելու մշակույթը կատարյալից շատ է հեռու, և կինը, որպես կանոն, գիտակից կյանքում առաջին անգամ բժշկի դիմում է, երբ արդեն հղի է և ունի մանկաբարձ-գինեկոլոգի հսկողության կարիք։ Այդ ժամանակ բազմաթիվ հետազոտություններ են արվում և հայտնաբերվում են շեղումներ։ Մյուս կողմից էլ նախկինում չհետազոտված կինը չի կարող իմանալ ասիմպտոմ բարդությունների մասին, իսկ հղիությունը (որը կնոջ օրգանիզմի համար հորմոնալ, ֆիզիկական ծանրաբեռնվածություն է), խթանում է այդ բարդությունների արտահայտմանը։ Այս ամենը ևս գրանցվում է վիճակագրության մեջ»։

Երեխա պլանավորելուց առաջ հարկավոր է բուժզննում անցնել

2020-ից Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է, որ նոր ամուսնացած զույգերը կարող են անվճար բուժզննում անցնել և բացահայտել առողջական այն խնդիրները, որոնք հղիության ընթացքում սրվելու ռիսկեր են պարունակում։ Այս ստուգումը կարելի է անցնել ամուսնանալուց հետո 3 ամսվա ընթացքում՝ ԶԱԳՍ-ի վկայականով այցելելով պոլիկլինիկա։

«Հետազոտությունները տարբեր են։ Օրինակ՝ կարող են արվել որոշ պատվաստումներ, որոնք չանցնելու ու հղիության ընթացքում հիվանդանալու դեպքում կինը կարող է խնդիրների առաջ կանգնել։ Խրոնիկ հիվանդությունների դեպքում վաղ հայտանբերում կլինի, քանի որ հղիության ժամանակ դրանց գլուխ բարձրացնելիս բժիշկը հաճախ չի կարողանում դեղեր նշանակել։ Տեղի կունենա նաև ինֆեկցիոն հիվանդությունների հայտնաբերում, դրանց թաքնված գոյությունը ևս հղիության ընթացքում կարող է անդառնալի լինել։ Անվճար հետազոտությունների ցանկն իրականում շատ երկար է»,- նշում է Ռուզան Մարտիրոսյանը։

Այս հնարավորությունը գործում է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար։

Դիմելիության մակարդակը շատ դանդաղ, բայց աճում է։ Սակայն համակարգում դեռևս գոհ չեն, կարծում են՝ իրազեկվածությունն է թերի։

Երբ ստուգումը ևս չի ապահովագրում

Ադելն ունի երկու երեխա, ունեցել է 3 հղիություն։ Առաջինը՝ աղջկա ծնունդը, շատ թեթև է եղել։ Սակայն դրանից 5 տարի անց բոլոր ստուգումներն անցած ու բացարձակ առողջ կնոջ երկրորդ հղիությունն ընդհատվեց 5-րդ ամսում։

«Հղիության 3-րդ ամսում պարզվեց՝ արգանդի ուժեղ տոնուս ու հեմատոմա ունեի․ արյունս շատ խիտ էր։ 3-5-րդ ամիսները պառկած եմ անցկացրել։ Պատահում էր՝ միանգամից 2 թևից էին սիստեմա միացնում։ Բայց ջանքերն իզուր էին», – «Ամփոփ Մեդիային» պատմում է Ադելը։

Վիժումից հետո նա կրկին հանձնեց բոլոր անալիզները, համոզվեց՝ առողջ է։ Արյան խնդիրը վերացել էր, օրգանիզմը հանգստացել էր, ինքը՝ հոգեպես պատրաստվել նորից հղիանալուն։

«Երրորդ հղիության մասին իմանալուն պես իմացա նաև, որ կրկին հեմատոմա կա։ Առաջին օրից բժիշկների հսկողության տակ էի, 5-րդ ամսում կրկին ինքնազգացողությունս վատացավ, կրկին 2 ամիս օրուգիշեր պառկած անցկացրի։ 7-րդ ամսում այլևս պայքարել հնարավոր չէր․ կեսարյան հատմամբ ունեցա տղայիս։ Շատ բարդ պրոցես էր, բարեբախտաբար՝ հիմա որևէ խնդիր չկա»։

Ծննդաբերությունից հետո Ադելը նորից արյան հետ կապված որևէ խնդիր չունի։

Հղիության ընթացքում առաջացող կամ արտահայտվող բարդությունները կարող են անկառավարելի ու անկանխատեսելի լինել։ Սակայն Լենան իր օրինակով է հորդորում՝ ուշադիր ու համառ լինել․ անտարբերությունը կարող է կյանք արժենալ։

Ադելն էլ իր օրինակով կոչ է անում հետևողական լինել․ եթե կարիք կա, ապա կյանքն ամիսներ շարունակ պետք է բժիշկներին վստահել։ Բժիշների միակ հորդորն էլ ստուգումներ անցնելն է։ Եթե տարեգրքում բարդություններն ընդամենը թվեր են, ապա իրական կյանքում՝ երբեմն անդառնալի խնդիրներ։

Հեղինակ՝ Արուսյակ Կապուկչյան
Գրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի

Այլ հոդվածներ այս շարքից՝ #AccesstoHealthCare

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 20/12/2022