«Տնտեսությունը և հասարակությունը ՀՀ մարզերում» խորագրով հոդվածաշարի մաս է կազմել նաև սույն հոդվածը, որով ամփոփ ներկայացնում ենք 2019թ. 1-ին կիսամյակում անասնաբուծական արտադրանքի և գյուղատնտեսական հիմնական մշակաբույսների բերքի ցուցանիշները, համեմատելով նախորդ տարվա 1-ին կիսամյակի տվյալների հետ:
Հոդվածաշարի մատուցման նորամուծությունն այն է, որ ընթերցողին հնարավորություն է տրվում կողք կողքի տեղադրել երկու հարևան մարզերի ինֆոգրաֆիկաները և ինքնուրույն համեմատել թե՛ յուրաքանչյուր մարզի, թե՛ երկու տարբեր մարզերի ցուցանիշները։
2019թ. առաջին կեսին գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի՝ հացահատիկի, կարտոֆիլի, բանջարեղենի, պտուղների և հատապտուղների բերքը Հայաստանում կազմել է 171 200 տոննա՝ 21%-ով քիչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Գյուղատնտեսական բերքի հիմնական մասը՝ 62%-ը ապահովել է Արմավիրի մարզը: Այստեղ 2019թ. 1-ին կեսին ամենաշատը արտադրվել է բանջարեղեն՝ 54 300 տոննա: Իսկ պտուղների և հատապտուղների բերքը 46%-ով նվազել է: Գյուղատնտեսական բերք դեռևս չի արտադրվել Գեղարքունիքի մարզում, քանի որ այստեղ տարվա առաջին կեսին համապատասխան բնակլիմայական պայմաններ չկան հիմնական մշակաբույսերի համար: Այս մարզում բերքահավաքը սկսում է տարվա երկրորդ կեսին:
Ընդհանուր առմամբ, Հայաստանում բերքահավաքի հիմնական սեզոնը տարվա երկրորդ կեսին է, ուստի մարզերի հիմնական մասում առաջին կիսամյակի բերքի ցուցանիշները ցածր են:
Ցուցանիշները, թեպետ քիչ, բայց նվազել են անասնաբուծական արտադրանքի մասով: Սպանդի համար գյուղատնտեսական կենդանիների և թռչունների իրացումը կազմել է 37 600 տոննա, ինչը 4%-ով ավելի քիչ է նախորդ տարվա համեմատ: Այստեղ առաջատարներն են Արմավիրի և Գեղարքունիքի մարզերը՝ 5 600 և 4 600 տոննա իրացված կենդանու և թռչունի ցուցանիշներով: Ամենաքիչ անասնաբուծական արտադրանքն է ապահովել Վայոց ձորի մարզը: Այստեղ սպանդի համար իրացվել է 1300 տոննա կենդանի և թռչուն, արտադրվել է 14 200 տոննա կաթ և 18 մլն հատ ձու: Կաթի արտադրությամբ առաջատարն է Գեղարքունիքի մարզը, որին հաջորդում է Շիրակը: Իսկ ձվի արտադրությամբ կրկին առաջատարն է Արմավիրը, որին հաջորդում է Կոտայքը:
Ստորև ներկայացված վիզուալ պատկերների միջոցով հնարավոր է համեմատել 10 մարզերի սոցիալ-տնտեսական ցուցանիշները:
«Տնտեսությունը և հասարակությունը ՀՀ մարզերում» խորագրով հոդվածաշարի ոլորտային մյուս ուղղություններին ծանոթացեք այստեղ`
- Գործազրկությունն ու աշխատավարձը ՀՀ մարզերում
- Դեմոգրաֆիական խնդիրները ՀՀ մարզերում
- Կենսաթոշակառուները և նպաստառուները ՀՀ մարզերում
- Տնտեսական ցուցանիշները ՀՀ մարզերում
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 26/08/2019