Քաղաքական

«Իմ քայլը» Երևանի ավագանու ընտրություններում «խփեց» 81%

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ջախջախիչ հաղթանակով` մյուս 11 մրցակից քաղաքական ուժերի նկատմամբ:

Սեպտեմբերի 23-ին կայացած ընտրություններին մասնակցած 370 365 ընտրողների 81,06%-ը կամ 294109 ընտրող` իր ձայնը վստահեց «Իմ քայլը» դաշինքին, որի ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը: Ձայների մնացած` 19,94%-ը, վստահվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 25219 ձայն (6.95%)  և «Լույս»  դաշինքին՝ 18112 ձայն (4.99%): Մյուս քաղաքական ուժերին վստահված ձայների բաշխվածությունը տես պատկերում:

Այս ընտրություններին մասնակցել է Երևանի ընտրողների ընդհանուր թվի 43.66%-ը: Այս ցուցանիշը, համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ), գերազանցում է Երևանի ավագանու 2017թ. ընտրությունների մասնակցությանը 25 200 ձայնով:

«Ազատության» թղթակցի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ հանձնաժողովը գրավոր դիմում-բողոքներ քվեարկության օրվա ընթացքում, քվեարկության նախորդ օրերին չի ստացել:

«Այսօրվա մինչ այժմ արձանագրվածը, մինչ այժմ ուսումնասիրվածը թույլ է տալիս պնդելու, որ առկա չեն կոպտագույն խախտումներ, առկա չեն կազմակերպված բնույթ կրող խախտումներ»,- ասել է Մուկուչյանը:

Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ (հոդված 44) եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ:

Սա նշանակում է, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը համարվում է իրավունքի ուժով ընտրված քաղաքապետ, քանի որ ստացել է ձայների 50 տոկոսից ավելին:

Ընտրական օրենսգրքի 141 հոդվածի համաձայն՝ ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 6, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

«Եթե կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի՝ կուսակցությունների դեպքում 6, դաշինքների պարագայում՝ 8 տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստացել են երեքից պակաս ուժեր, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն ձայներ ստացած 3 ուժեր»,- Հայկական ժամանակի հետ զրույցում ասել է Մուկուչյանը:

Ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 30-ին:

Նշենք, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր է հուլիսի 9-ից, երբ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց:

Փորձագետի կարծիք



Ամփոփեց Գայանե Մելիքյանը

Պատկերները` Գայանե Մելիքյանի, Աստղիկ Գևորգյանի և Կարինե Դարբինյանի

Կարդացեք  նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 24/09/2018