Մեր մասին Էթիկա











Միջազգային • Քաղաքական

Ռուսագետ Նարեկ Սուքիասյան․ «TRIPP-ում Ռուսաստանի ուղղակի դերը դժվար է պատկերացնել»

Հայաստանի տարածքով նախատեսվող TRIPP նախագիծը կարող է փոխել ոչ միայն տարածաշրջանային հաղորդակցությունների, այլև Հարավային Կովկասում արտաքին ուժերի ազդեցության հարաբերակցությունը։ Հայ-ամերիկյան համագործակցության շրջանակում իրականացվող նախաձեռնությունն առնչվում է նաև Ռուսաստանի շահերին, որը շարունակում է կառավարել Հայաստանի գործող երկաթուղային ենթակառուցվածքները։

Ի՞նչ դեր կարող է ունենալ Ռուսաստանը նոր հաղորդակցությունների ձևավորման գործընթացում։ Ինչպե՞ս կարող է TRIPP-ի հնարավոր կապը Միջին միջանցքի հետ ազդել Մոսկվայի տնտեսական և աշխարհաքաղաքական դիրքերի վրա։ Եվ ինչո՞ւ է Հայաստանի համար կարևոր, որ գործող երկաթուղային համակարգը մրցունակ լինի Նախիջևանից դեպի Թուրքիա տանող այլընտրանքային ուղղության համեմատ։

Այս հարցերի շուրջ «Ամփոփ Մեդիան» զրուցել է ռուսագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Սուքիասյանի հետ։

Հարցազրույցը պատրաստվել է TRIPP-ի վերաբերյալ «Ամփոփ Մեդիայի» հետազոտության շրջանակում։ Նախագծով Հայաստանի ստանձնած պարտավորությունների, կառավարման համակարգի, ֆինանսավորման և հնարավոր տնտեսական օգուտների մասին առավել ամբողջական պատկերացում կարելի է կազմել մեր հիմնական հոդվածից, որի հղումը տեղադրված է սույն հարցազրույցից հետո։


Լրագրողի հարցը․ TRIPP-ը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման՝ 2020թ․-ից հետո քննարկվող գործընթացի շարունակությո՞ւնն է, թե՞ 2025-ին ձևավորվել է սկզբունքորեն նոր նախագիծ։ Ի՞նչ է այն ավելացնում 2021-ից քննարկվող ապաշրջափակման մոդելին։

Նարեկ Սուքիասյան․ 2020 թվականից սկսած տարածաշրջանային գլխավոր հարցերից մեկը հաղորդակցությունների ապաշրջափակումն էր։ 2023-ից հետո արդեն ավելի մեծ նշանակություն ստացավ ենթակառուցվածքների դերը և դրանց նկատմամբ իրավունքների կիրառումը։

Ադրբեջանի դիրքորոշումը սկզբից էլ ենթադրում էր սուվերեն միջանցքի ձեռքբերում։ Այստեղ է TRIPP-ի և դրան նախորդած ծրագրերի հիմնական տարբերությունը։

Եթե նախկինում կասկածի տակ էր դրվում Հայաստանի՝ իր տարածքով անցնող միջանցիկ ենթակառուցվածքները կառավարելու իրավունքը, ապա TRIPP-ը, ըստ առկա պայմանավորվածությունների, ամրագրում է Հայաստանի սուվերեն իրավունքները այդ ճանապարհների և մյուս ենթակառուցվածքների նկատմամբ։

Միաժամանակ շարունակականություն կա․ արևելքից արևմուտք երկաթուղային, էներգետիկ և այլ փոխադրումներ իրականացնելու շահագրգռվածությունը պահպանվում է։

Հարց․ Ինչպե՞ս է փոխվել Ռուսաստանի վերաբերմունքը TRIPP-ի նկատմամբ՝ 2025 թվականի օգոստոսյան պայմանավորվածություններից հետո։ Օվերչուկը 2026-ի ապրիլին խոսում էր տարածաշրջանում նախկին հավասարակշռության փոփոխության մասին։ Ի՞նչ նկատի ուներ։

Նարեկ Սուքիասյան․ Դա առաջին հերթին վերաբերում էր Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների դերի բարձրացմանը։ Ռուսաստանը Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո և դրան նախորդած ու հաջորդած մի շարք փաստաթղթերի նկատմամբ բավական զուսպ արձագանք է ունեցել։

Օվերչուկի հայտարարությունը, առանց Միացյալ Նահանգներին ուղղակիորեն նշելու, կարելի է դիտարկել որպես տարածաշրջանում մեկ այլ տերության ներկայության և ազդեցության աճի նկատմամբ Ռուսաստանի ոչ բարենպաստ գնահատական։

Ռուսաստանը նախկինում հավակնություններ ուներ միջանցիկ ուղիների նկատմամբ հատուկ իրավունքներ ունենալու կամ կողմերի կախվածությունը պահպանելու հարցում։ Հետևաբար, այլ ուժի ազդեցության աճը կարող է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը։

Այսպիսի հայտարարությունը կարող էր նաև ուղղված լինել Իրանին՝ նրան ավելի Մոսկվային մոտ քաղաքականություն վարելու և TRIPP-ին դիմակայելու հարցում շահագրգռելու համար։ Սակայն Իրանի վերաբերմունքը, կարծես, ավելի գործնական է։

Հարց․ Ռուսաստանի սկզբնական հայտարարություններն ավելի կոշտ էին, այդ թվում՝ հնարավոր անվտանգային կամ ռազմական բաղադրիչի մասին։ Վերջին շրջանում, սակայն, ռուսական պաշտոնյաների հռետորաբանությունն ավելի մեղմ է դարձել։ Ի՞նչ իրատեսական դեր կարող է Ռուսաստանը ունենալ TRIPP-ում։

Նարեկ Սուքիասյան․ Այս պահին դժվար է պատկերացնել Ռուսաստանի ուղղակի դերը TRIPP-ում, քանի որ այն ձեռք է բերում ավելի կոնկրետ պայմանագրային տեսք և, ըստ էության, կառուցված է հայ-ամերիկյան շրջանակում։

Ռուսաստանը աշխարհագրորեն ներկա է TRIPP-ի տարածաշրջանում, բայց ոչ հենց TRIPP-ի շրջանակում։ Խոսքը, մասնավորապես, հայ-իրանական սահմանի անվտանգության ապահովման մասին է։ Եթե այդ գործառույթն աստիճանաբար փոխանցվի Հայաստանի սահմանապահներին, Ռուսաստանի դուրսբերումը ֆիզիկապես ևս կհեռացնի նրան TRIPP-ի տարածքից։

Սակայն Ռուսաստանը կարող է պահպանել հետաքրքրությունը տարածաշրջանի այլ ենթակառուցվածքների զարգացման նկատմամբ։ Քննարկվել է նաև Ռուսաստանի ներգրավվածությունը Հայաստանի հյուսիսով Ադրբեջանի և Թուրքիայի միջև կապերի ստեղծման և երկաթուղային ու ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման հարցում։ Այս ուղղությամբ, սակայն, դեռ գործնական քայլեր չեն եղել։

Ռուսաստանի հետաքրքրությունն այստեղ, կարծում եմ, ավելի շատ այլ դերակատարների ազդեցության աճը զսպելն է, քան TRIPP-ին ուղղակիորեն միանալը։ Միաժամանակ Ռուսաստանը կարող է նաև տնտեսական շահ ունենալ այդ ենթակառուցվածքներից։

Հարց․ Ի՞նչ տնտեսական և աշխարհաքաղաքական օգուտ կարող է Ռուսաստանը ստանալ տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումից։ 

Նարեկ Սուքիասյան․ Այդ ենթակառուցվածքներից ուղղակի տնտեսական օգուտները, հավանաբար, այնպիսի մասշտաբի չեն, որ ամբողջությամբ փոխեն Ռուսաստանի քաղաքականությունը։

Սակայն Ռուսաստանը կարող է ստանալ Թուրքիայի, Մերձավոր Արևելքի և Իրանի հետ նոր՝ ոչ ծովային կապի հնարավորություն։ Ռուսաստանի մեկուսացման պայմաններում նման ուղիների անհրաժեշտությունն ավելի է մեծանում։

TRIPP-ն ինքնին Իրանի հետ կապ չի ստեղծելու, բայց ենթակառուցվածքների զարգացումը կարող է կասկադային ազդեցություն ունենալ։ Եթե տնտեսվարողները շահագրգռված լինեն որևէ ենթակառուցվածքային հանգույցի օգտագործմամբ, կարող են զարգանալ թե՛ արևելք-արևմուտք, թե՛ հյուսիս-հարավ ուղղությունները։

Միևնույն ժամանակ, Հայաստանում հյուսիս-հարավ ուղղությունը գործնականում ավելի զարգացած է, քան արևելք-արևմուտքը։

Հարց․ Ռուսաստանի կառավարման ներքո գտնվող Հարավկովկասյան երկաթուղիների և TRIPP-ի ենթակառուցվածքների միջև ապագայում որևէ տնտեսական կամ տեխնիկական կապ հնարավո՞ր է։

Նարեկ Սուքիասյան․ Դժվար է ասել՝ Հարավկովկասյան երկաթուղիների ռուսական կառավարումը կշարունակվի, թե ոչ։ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը նախկինում բավական հստակ էր, որ ռուսական պատժամիջոցների տակ գտնվող կոնցեսիոն երկաթուղին կարող է խոչընդոտել Հայաստանի ինտեգրմանը միջազգային կապուղիներին։ Սակայն վերջին քննարկումներից հետո որոշակի փոփոխություն նկատվեց, և դրա մասին ավելի հստակ կարելի է խոսել պայմանավորված ժամկետի ավարտից հետո։

Ինչ վերաբերում է TRIPP-ի հետ փոխկապակցվածությանը, ապա այստեղ ուղղակի կապի հնարավորություն կա։ TRIPP-ը Սյունիքից հետո մտնում է Նախիջևան, որտեղից դեպի հետագա ուղղությունները կարող են տարբերակվել։

Եթե Նախիջևանից երկաթուղային կապը մտնի Հայաստան՝ Երասխի ուղղությամբ, ապա այն արդեն առնչվելու է Հարավկովկասյան երկաթուղու ենթակառուցվածքին։

Այստեղ կարևոր է նաև Հայաստանի երկաթուղու մրցունակությունը։ Եթե այն չկարողանա բիզնեսին առաջարկել բավարար հզորություն և մրցունակ պայմաններ, փոխադրողները կարող են նախընտրել Նախիջևանից դեպի Թուրքիա ուղիղ երթուղին՝ Հայաստանի տարածքով անցնելու փոխարեն։ Դա կարող է սահմանափակել TRIPP-ից Հայաստանի ստացվող տնտեսական օգուտները։

Հարց․ Այսինքն՝ Հայաստանի համար լավագույն սցենարը կլինի՞ Նախիջևանից երկաթուղային կապի ապահովումը Հայաստանի տարածքով։

Նարեկ Սուքիասյան․ Դա լավագույն սցենարներից մեկն է, բայց դրա համար երկու պայման է անհրաժեշտ։

Առաջինը՝ պետք է գոյություն ունենա Նախիջևանից Երասխով Հայաստան եկող ենթակառուցվածք։

Երկրորդը՝ Հայաստանի տարածքով անցնող երկաթուղին պետք է լինի ավելի արագ, տարողունակ և մրցունակ՝ միջանցիկ տուրքերի և մյուս պայմանների առումով։

Այսինքն՝ հարցի մի մասը քաղաքական և ենթակառուցվածքային է՝ ապահովել Նախիջևան-Հայաստան կապը, իսկ մյուսը տնտեսական է և կախված է այն մրցակցային պայմաններից, որոնք Հայաստանը կարող է առաջարկել։

Հարց․ Թուրքիան TRIPP նախագծի միջոցով լրացուցիչ ցամաքային կապ է ստանում Ադրբեջանի և հետագայում Կենտրոնական Ասիայի ուղղությամբ։ Ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ Ռուսաստանի համար։

Նարեկ Սուքիասյան․ Այստեղ պետք է տարբերակել TRIPP-ը և ավելի լայն արևելք-արևմուտք տրանսպորտային համակարգը։ TRIPP-ը միայն Հայաստանի տարածքում գտնվող հատվածն է և այդ ավելի մեծ համակարգի մի մասն է։

Եթե այդ կապը հետագայում ինտեգրվի Միջին միջանցքի ավելի լայն համակարգին, Ռուսաստանի համար առնվազն երկու աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական խնդիր կարող է առաջանալ։

Առաջինը՝ նոր այլընտրանքային ուղիները կարող են նվազեցնել Ռուսաստանի միջանցիկ եկամուտները Կենտրոնական Ասիայից և Չինաստանից դեպի Եվրոպա գնացող բեռների դեպքում։

Երկրորդը՝ աշխարհաքաղաքական ազդեցությունն է։ Միջին միջանցքը կարող է Կենտրոնական Ասիայի երկրներին և Հարավային Կովկասին ավելի ինքնավար քաղաքականություն վարելու հնարավորություն տալ՝ կրճատելով նրանց և Արևմուտքի միջև առկա քաղաքական ու աշխարհագրական կախվածությունը։

Հարցազրույցը՝ Սեդա Մարտոյանի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 20/11/2026