Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից մեկ ամիս անց Հայաստանի համայնքներում ընտրական գործընթացը շարունակվում է։ Հոկտեմբերյան քվեարկությունը մի շարք համայնքներում անցավ սահմանափակ քաղաքական մրցակցության պայմաններում․ հինգ համայնքում «Քաղաքացիական պայմանագիրը» միակ մասնակցող ուժն էր, իսկ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացրած 19 համայնքներից 18-ում առաջին տեղը զբաղեցրեց կամ ՔՊ-ն, կամ նրա մասնակցությամբ՝ «Համերաշխություն» դաշինքը։
Նոյեմբերի 29-ին ընտրություններ կանցկացվեն ևս յոթ մարզերի 12 համայնքներում, որտեղ քվեարկելու իրավունք ունի ավելի քան 233 հազար ընտրող։ Սակայն այստեղ ևս քաղաքական ընտրության հնարավորությունը համայնքից համայնք տարբեր է։ Չորս համայնքում կմրցեն երեքական քաղաքական ուժեր, երեքում՝ երկուական, իսկ Աշտարակ, Ապարան և Աշոցք համայնքներում ընտրողին կներկայացվի ընդամենը մեկ քաղաքական ուժ։
Միայն այս երեք համայնքներում հաշվառված է 71 282 ընտրող՝ նոյեմբերի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների 30,6%-ը։ Նրանք ընտրություն չեն կատարելու տարբեր քաղաքական ուժերի միջև, այլ հնարավորություն կունենան «կողմ» կամ «դեմ» քվեարկել միակ մասնակցող կուսակցությանը կամ դաշինքին։
Ընտրությունները կտարբերվեն նաև անցկացման կարգով։ Տասը համայնքում կընտրվեն ավագանիներ՝ համամասնական ընտրակարգով, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում մեծամասնական ընտրակարգով կընտրվեն և՛ համայնքի ղեկավարներ, և՛ ավագանու անդամներ։
«Ամփոփ Մեդիան» ուսումնասիրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) և Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալները՝ պարզելու, թե որտեղ են անցկացվելու ընտրությունները, որ ուժերն են մասնակցելու, և ինչ է որոշելու ընտրողի քվեն։
Որ քաղաքական ուժերն են մասնակցելու ընտրություններին
Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող տասը համայնքներում գրանցված է 21 ընտրական ցուցակ՝ ինը կուսակցության և երկու դաշինքի անունից։ Ցուցակներում ընդգրկված է 994 թեկնածու։
Երեքական ցուցակ է գրանցվել Կապանում, Սևանում, Սպիտակում և Նոյեմբերյանում, երկուական՝ Մեծամորում, Բաղրամյանում և Ամասիայում, մեկական՝ Աշտարակում, Ապարանում և Աշոցքում։
ՔՊ-ն մասնակցում է բոլոր տասը համայնքների ընտրություններին՝ իննում սեփական ցուցակով, իսկ Ապարանում՝ «Համերաշխություն» դաշինքի կազմում՝ «Գործարար» կուսակցության հետ։ Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում նույն դաշինքը Գորիսում և Գավառում ստացել էր ամենաշատ ձայները։ Նոյեմբերի 29-ին այն մասնակցելու է Ապարանի ընտրություններին։
Մյուս՝ «Վստահություն» դաշինքը, մասնակցում է Սևանում։ Այն կազմված է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական և Ռամկավար ազատական կուսակցություններից։
Քաղաքական մյուս ուժերի մասնակցությունն ավելի սահմանափակ է։ «Ապրելու երկիրը» ներկայացված է Կապանում և Նոյեմբերյանում, «Բարոյական արժեքները»՝ Սպիտակում և Ամասիայում, իսկ Հայ յեղափոխական դաշնակցությունը՝ Մեծամորում։
Երեք համայնքում՝ մեկ ընտրական ցուցակ
Աշտարակում և Աշոցքում ավագանու ընտրություններին մասնակցում է միայն ՔՊ-ն, իսկ Ապարանում՝ «Համերաշխություն» դաշինքը։
Այս համայնքներում միասին ընտրելու իրավունք ունի 71 282 մարդ՝ նոյեմբերի 29-ի ընտրողների 30,6%-ը։
ՀՀ ընտրական օրենսգրքի 140-րդ և 141-րդ հոդվածների համաձայն՝ մեկ ցուցակի դեպքում ընտրողը կարող է քվեարկել միակ մասնակցող ուժի օգտին կամ ընտրել «դեմ եմ» քվեաթերթիկը։
Ավագանին ընտրված է համարվում, եթե այդ ուժին կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին։ Հակառակ դեպքում ընտրությունը համարվում է չկայացած, և նշանակվում է նոր ընտրություն։
Նման իրավիճակ էր նաև հոկտեմբերի 25-ին, երբ հինգ համայնքում ընտրություններին մասնակցում էր միայն ՔՊ-ն։ Այդ ընտրությունների նախապատմությունն ու մասնակցության պայմանները ներկայացված են «Ամփոփ Մեդիայի» նախորդ նյութում։
233 հազար ընտրող՝ 317 ընտրատեղամասում
ՆԳՆ-ի՝ նոյեմբերի 14-ի տվյալներով՝ ընտրություններ անցկացնող 12 համայնքներում հաշվառված է 233 232 ընտրող։ Նրանցից 232 833-ը համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող տասը համայնքներից են, իսկ 399-ը՝ Արևուտից և Մեծաձորից։
Ընդհանուր առմամբ նախատեսված է 317 ընտրատեղամաս։
Ընտրողների թվով ամենամեծ համայնքն Աշտարակն է՝ 48 917 ընտրողով։ Հաջորդում են Մեծամորը՝ 45 773, Կապանը՝ 29 003, Սևանը՝ 27 527, և Սպիտակը՝ 24 035 ընտրողով։
Աշտարակում և Մեծամորում միասին հաշվառված է բոլոր ընտրողների 40,6%-ը։
Ամենափոքր ընտրազանգվածներն ունեն Մեծաձորը՝ 73, և Արևուտը՝ 326 ընտրողով։
Ուշագրավ է Շիրակի մարզի Ամասիայի դեպքը։ Նոյեմբերի 14-ի տվյալներով՝ համայնքում հաշվառված է 3852 ընտրող, սակայն այստեղ ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով։
ՀՀ ընտրական օրենսգրքի 104.1-րդ հոդվածի համաձայն՝ մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում կիրառվում է մեծամասնական, իսկ 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում՝ համամասնական ընտրակարգ։ Սակայն ընտրակարգի որոշման համար հիմք է ընդունվում ընտրությունները նշանակելուց հետո ՆԳՆ-ի տրամադրած տեղեկանքը, ոչ թե քվեարկությունից առաջ հրապարակված ընտրողների վերջնական թիվը։
Հետևաբար նոյեմբերի 14-ի դրությամբ Ամասիայում 4000-ից պակաս ընտրող ունենալը դեռ չի նշանակում, որ ընտրակարգը որոշվել է այդ ցուցանիշով։
Հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 14-ը նույն 12 համայնքներում հաշվառված ընտրողների թիվը նվազել է 811-ով կամ 0,35%-ով։ Ամենամեծ նվազումը գրանցվել է Մեծամորում՝ 382, և Կապանում՝ 285 ընտրողով։
Արագածոտնի մարզի հիմնականում եզդիաբնակ Արևուտում և Մեծաձորում նոյեմբերի 29-ին ընտրություններն անցկացվելու են մեծամասնական ընտրակարգով։ Այստեղ քաղաքացիներն անմիջապես ընտրելու են համայնքի ղեկավարին և հինգ անդամից բաղկացած ավագանուն։
Արևուտում, որտեղ հաշվառված է 326 ընտրող, համայնքի ղեկավարի պաշտոնի համար գրանցվել են երեք թեկնածուներ՝ Սերյոժա Չարչոյանը, Սլավիկ Սալոյանը և Էդիկ Օսեյանը։
Մեծաձորում ընտրելու իրավունք ունի ընդամենը 73 մարդ։ Համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցելու են Մրազ Միրոյանը և Ջամալ Սալմոյանը։
Երկու համայնքներում էլ ընտրողները միաժամանակ ընտրելու են նաև հնգական անդամից բաղկացած ավագանիներ։ Արևուտում ավագանու հինգ տեղի համար գրանցվել է վեց թեկնածու, իսկ Մեծաձորում՝ տասը։
Յուրաքանչյուր ընտրող կարող է իր ձայնը տալ ավագանու միայն մեկ թեկնածուի։ Ընտրված կհամարվեն առավելագույն կողմ ձայներ ստացած հինգ թեկնածուները։ Եթե վերջին մանդատի համար հավասար թվով ձայներ ստանան մի քանի թեկնածուներ, նրանց միջև կանցկացվի վիճակահանություն՝ համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 119-րդ հոդվածի։
Ի տարբերություն մյուս տասը համայնքների՝ այստեղ ընտրողները քվեարկելու են կոնկրետ թեկնածուների, ոչ թե կուսակցական ցուցակների օգտին։
Ինչպես է ընտրվելու համայնքի ղեկավարը
Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող տասը համայնքներում ընտրողները քվեարկելու են կուսակցությունների և դաշինքների ցուցակների օգտին։ Ստացած ձայների հիման վրա ձևավորվելու են ավագանիները, որոնցում ընդհանուր առմամբ բաշխվելու է 234 մանդատ։
Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածով մանդատների բաշխմանը մասնակցելու ընդհանուր շեմը կուսակցությունների համար 4%, իսկ դաշինքների համար՝ 6% է՝ օրենքով նախատեսված բացառություններով։
Նույն օրենսգրքի 142.2-րդ հոդվածի համաձայն՝ եթե քաղաքական ուժը ստանում է ավագանու մանդատների կեսից ավելին, նրա ցուցակի առաջին համարը օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար՝ սահմանված պայմանների պահպանմամբ։
Եթե որևէ ուժ նման մեծամասնություն չի ստանում, կամ ցուցակի առաջին համարը հրաժարվում է պաշտոնից կամ չի համապատասխանում օրենքի պահանջներին, համայնքի ղեկավարն ընտրվում է նորընտիր ավագանու առաջին նիստում։
Այսպիսով՝ ամենաշատ ձայները ստացած քաղաքական ուժի ցուցակի առաջին համարը բոլոր դեպքերում ինքնաբերաբար համայնքապետ չի դառնում։ Դա կախված է ավագանիում մանդատների բաշխումից և օրենքով սահմանված պայմաններից։
Ընտրություններին հետևելու համար՝ 244 դիտորդ և ԶԼՄ 117 ներկայացուցիչ
Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար, ԿԸՀ-ի հավատարմագրման տվյալներով, գրանցված է հինգ տեղական դիտորդական առաքելություն՝ ընդհանուր 244 դիտորդով։
Ամենաշատ դիտորդներն ունի «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը՝ 116։ «Ականատես» համատեղ դիտորդական առաքելությունը ներկայացված է 93, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն՝ 25, «Երիտասարդական ակումբների դաշնությունը»՝ 6, իսկ «Ազատ քվե» դիտորդական առաքելությունը՝ 4 դիտորդով։
Ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրման ցանկում ընդգրկված է նաև 26 լրատվամիջոց՝ ընդհանուր 117 ներկայացուցչով։
Այսպիսով՝ դիտորդական առաքելությունների և լրատվամիջոցների հավատարմագրման ցանկերում ընդհանուր հաշվառված է 361 ներկայացուցիչ։
Ամփոփեց Կարինե Դարբինյանը
Ինֆոգրաֆիկները՝ հեղինակի
Հիմնական պատկերը ստեղծվել է ԱԲ գործիքով
Ձևավորումը` Վան Սիմոնի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 19/11/2026












