Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը Ղազախստանում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունը Հայաստանի համար ավարտվեց և՛ պատմական հաջողություններով, և՛ ցավալի պարտություններով։ Աստանայում հայ ըմբիշները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ։
Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը Ղազախստանի մայրաքաղաքում անցկացված առաջնությունն ընդգրկեց հունահռոմեական, ազատ և կանանց ըմբշամարտի մրցաձևերը։ Մրցանակների համար պայքարում էին 784 ըմբիշ՝ աշխարհի 91 երկրից։ Ընդհանուր առմամբ խաղարկվեց 120 մեդալ։
Ամբողջական կազմով՝ 30 մարզիկով մրցաշարին մասնակցեցին Չինաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ընտրանիները։
Ռուսաստանն ու Բելառուսը ներկայացնող ըմբիշները կարողացան հանդես գալ իրենց երկրի դրոշի ներքո։ 2026 թվականի մայիսի 15-ին Ըմբշամարտի միացյալ աշխարհի ֆեդերացիան (UWW) ամբողջությամբ հանել էր ռուս և բելառուս ըմբիշների մասնակցության սահմանափակումները։ Դրանից հետո նրանք կարողացան հանդես գալ «RUS» և «BLR» նշաններով, իսկ ոսկե մեդալ նվաճելիս՝ հնչեցեց նաև ազգային օրհներգը։
Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո՝ 2022 թվականի մարտին, UWW-ն ՄՕԿ-ի առաջարկություններին համապատասխան հեռացրել էր ռուս և բելառուս ըմբիշներին ու պաշտոնյաներին իր միջազգային մրցաշարերից։
Այս առաջնությունը սկզբում կայանալու էր Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում, սակայն աշխարհաքաղաքական իրավիճակի և միջազգային ճանապարհորդությունների հետ կապված անորոշության պատճառով այն տեղափոխվեց Ղազախստան, որը ընդունել էր ըմբշամարտի աշխարհի առաջնություն նաև 2019 թվականին։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ղազախստանի ազգային տնտեսության նախարար Սերիկ Ժումանգարինը բացում են Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցը Աստանայում
2026-ին այն ընդունեց «Բարիս Արենա» մարզահամալիրը, որը գտնվում է Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի հարևանությամբ։
Հայաստանի ներկայացուցիչները
Հայաստանը տարվա գլխավոր ստուգատեսին մասնակցում էր 16 ըմբիշով՝ 10 հունահռոմեական, 6-ը՝ ազատ ոճում։
Հունահռոմեականները
Հայաստանի համար միակ ոսկին բերեց 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը։ Սա նրա 6-րդ մասնակցությունն էր աշխարհի առաջնություններին։ Ասլանյանը մինչ այս նվաճել էր բրոնզ՝ 2024-ին՝ ոչ օլիմպիական քաշերի ԱԱ-ում։
31-ամյա ըմբիշը մրցաշարը սկսեց փառահեղ ու առանց միավորներ տալու՝ ժամանակից շուտ ավարտեց 3 գոտեմարտ՝ հասնելով կիսաեզրափակիչ, որտեղ նրան «սպասում էր» Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը՝ Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին։ Այստեղ ևս Կարենը վստահ հաղթանակի հասավ ու 5 րոպե 27 վայրկյանում ավարտեց գոտեմարտը՝ 12։4։
Կարեն Ասլանյանը հաղթում է ադրբեջանցի ըմբիշիշն՝ հռչակվելով աշխարհի չեմպիոն
Եզրափակչում հայ ըմբիշին սպասում էր Ադրբեջանը ներկայացնող Նիհատ Մամմադլին։ Թեպետ գոտեմարտի մեկնարկում Կարենը 4 միավորանոց հնարք բաց թողեց, բայց կարողացավ շատ արագ առավելությունը թեքել իր կողմն ու հաղթանակի հասնել 8։4 հաշվով։
Բրոնզե մեդալն էլ նվաճեց 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը։ Խառնաշփոթ առաջացնող մրցավարական որոշումները կարող էին հենց մեկնարկում զրկել Թադևոսյանին հաղթանակից, բայց նա նախ 6։3 հաշվով հաղթեց ռուս մրցակցին, ապա 4։1 հաշվով առավելության հասավ ղազախ ըմբիշի նկատմամբ, քառորդ եզրափակչում 10։4 հաշվով պարտության մատնեց Նորվեգիան ներկայացնող ըմբիշին, իսկ կիսաեզրափակչում զիջեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, իրանցի Ալիրեզա Մոհմադիպիանիին։
Գևորգ Թադևոսյանը՝ պարգևատրման արարողությունից հետո
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Թադևոսյանը 4։1 հաշվով հաղթեց ուկրաինացի Յարոսլավ Ֆիլչակովին։
Մյուս բրոնզը կարող էր նվաճել 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, որը նախ հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանին (5:1), ապա առավելության հասավ Մոլդովան (10:0) ու Նորվեգիան (3։2) ներկայացնող ըմբիշների նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում զիջեց ուզբեկ մրցակցին (0:4): Բրոնզե մեդալի համար գոտեմարտում էլ Գալստյանը 6։10 հաշվով տանուլ տվեց Կուբան ներկայացնող մրցակցի հետ գոտեմարտը։
Թե՛ երկրպագուների, թե՛ մարզիչների շրջանում ամենամեծ մեդալային ակնկալիքները 77 կգ քաշային աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանից էին, որը մեկնարկում հաղթեց ռուս ըմբիշին, սակայն հաջորդ գոտեմարտում զիջեց ղազախ մրցակցին՝ մնալով առանց մեդալ։
55 կգ քաշային Նորայր Խանոյանը մեկնարկում զիջեց աշխարհի գործող չեմպիոն վրացի Վախթանգ Լոլուային (1:2), 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը մեկնարկում 9։6 հաշվով հաղթեց վրացի մրցակցին, բայց ⅛ եզրափակչում 4։12 հաշվով զիջեց մրցաշարի ապագա հաղթող ճապոնացի Կոտո Գոմոյին։ Սփոփիչ գոտեմարտում էլ 2։2 հաշվով ավարտված գոտեմարտում հաղթանակը շնորհվեց չինացի Լիգո Ցաոյին։ Հունահռոմեական ըմբշամարտում, հավասար միավորների դեպքում, հաղթանակը շնորհվում է այն ըմբիշին, որն առաջին միավորն է վաստակել ակտիվության համար, եթե մրցակիցը չի կատարել ավելի բարձր գնահատվող հնարք։
72 կգ քաշային կարգում Աշոտ Խաչատրյանը Մոլդովան ներկայացնող ըմբիշին 8։3 հաշվով հաղթելուց հետո 0։9 հաշվով պարտվեց Ուկրաինան ներկայացնող Պարվիզ Նասիբովին, իսկ 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը և 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը պարտվեցին հենց մեկնարկում։
97 կգ քաշային կարգում Հայկ Խլոյանը գերվստահ մեկնարկից հետո (10:0 ընդդեմ Մարոկկոն ներկայացնող ըմբիշի), ⅛-ում զիջեց Օլիմպիական չեմպիոն, իրանցի Մոհամմադհադի Սարավիին (0:8)։ Հենց Սարավին էր 2024-ի Օլիմպիական խաղերի եզրափակչում հաղթել Արթուր Ալեքսանյանին։ Հատկանշական է, որ այս աշխարհի առաջնությունում Սարավին պայքարը լքեց Ռուսաստանը ներկայացնող Արթուր Սարգսյանին զիջելուց հետո։
Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը
Այսպիսով, հունահռոմեական ոճում հայ ըմբիշները վաստակեցին թիմային 50 միավոր ու վերջնական աղյուսակում զբաղեցրին 10-րդ տեղը։ Այս ոճում անկասելի էին Իրանը ներկայացնող ըմբիշները, որոնք 10 քաշային կարգերից բերեցին 9 մեդալ՝ 4 ոսկե, 3 արծաթե ու 2 բրոնզե։
Ազատոճայինները
Ազատ ոճի հավաքականը մրցավայր էր մեկնել 6 ներկայացուցչով։ Հայաստանը ներկայացված չէր 86 կգ, 92 կգ, 97 կգ ու 125 կգ քաշային կարգերում։
Այս ոճում Հայաստանի միակ մեդալը նվաճեց 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որը նախ որակավորման փուլում 9։3 հաշվով հաղթանակի հասավ մոնղոլ մրցակցի հետ գոտեմարտում, ապա 2։1 հաշվով առավելության հասավ ղազախ ըմբիշի նկատմամբ, քառորդ եզրափակչում պարտության մատնեց Իրանը ներկայացնող ըմբիշին (2:1, ընդ որում, գոտեմարտի ավարտից 4 վայրկյան առաջ Թևանյանը զիջում էր մրցակցին ու հաղթանակի հասավ մրցակցի «գոտեմարտից փախչելու» պատճառով), իսկ եզրափակչի ուղին հարթեց Բուլղարիան ներկայացնող ըմբիշին 2։1 հաշվով հաղթելու շնորհիվ։
Եզրափակչում, թեպետ Վազգենը վաստակեց առաջին միավորը, բայց 1։9 հաշվով զիջեց ԱՄՆ-ը ներկայացնող 20-ամյա Բոուեն Բասեթին՝ վաստակելով արծաթե մեդալ։
57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը գերվստահ մեկնարկից հետո (11:0 ընդդեմ հարավկորեացի ըմբիշի), 7։8 հաշվով զիջեց Ռուսաստանը ներկայացնող մրցակցին։ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը ևս շատ վստահ մեկնարկեց ու 11։0 հաշվով պայքարից դուրս թողեց Մեքսիկան ներկայացնող ըմբիշին, սակայն ⅛ եզրափակչում 4։14 հաշվով զիջեց Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբաքարովին՝ լքելով պայքարը։
70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը մեկնարկում 1։3 հաշվով ցավալի պարտություն կրեց Թուրքիան ներկայացնող ըմբիշից, իսկ 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը 0։11 հաշվով զիջեց Ռուսաստանի ներկայացուցչին։
74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը, թեպետ մեկնարկում 0։10 հաշվով պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող Ինալբեկ Շերիևին, վերջինիս եզրափակիչ դուրս գալու շնորհիվ սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն ստացավ, որտեղ հաջողելու դեպքում կստանար շանս՝ պայքարելու բրոնզի համար։ Սփոփիչ առաջին գոտեմարտում Հարությունյանը 2։1 հաշվով հաղթեց լեհ մրցակցին, բայց հաջորդ գոտեմարտում 2։15 հաշվով զիջեց ԱՄՆ-ի ներկայացուցչին։
Ազատ ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը
Այս ոճում Հայաստանը բավարարվեց միայն 1 մեդալով ու հանգրավեց 14-րդ տեղում՝ թիմային 20 միավորով։ Մինչ մրցումային վերջին օրը ինտրիգային էր թիմային հաշվարկի հաղթողի անունը, քանի որ ԱՄՆ-ը ու Ռուսաստանը առաջ էին շարժվում գրեթե հավասար միավորներով, բայց ի վերջո մեդալային հաշվարկի հաղթողը ԱՄՆ-ի ընտրանին էր։ Այս երկիրը ներկայացնող ըմբիշները վաստակեցին 9 մեդալ՝ 10 քաշային կարգում՝ 5 ոսկի, 1 արծաթ ու 4 բրոնզ (թիմային 194 միավոր)
Ռուսաստանը ներկայացնող ըմբիշներն էլ վաստակեցին մեդալներ բոլոր քաշային կարգերում՝ 2 ոսկե, 3 արծաթե ու 5 բրոնզե (թիմային 185) միավոր։
Կանանց ըմբշամարտ
Կանանց ըմբշամարտում պայքարից դուրս էին ամերիկուհիներն ու ճապոնուհիները։ Այս հավաքականներից յուրաքանչյուրը վաստակեց 2-ական ոսկի, 1-ական արծաթ ու 3-ական բրոնզ, բայց վերջնարդյունքում հաղթեցին ամերիկուհիները՝ 137-135 թիմային միավորների հաշվարկով։
UWW-ի պաշտոնական կանոնակարգի համաձայն՝ թիմային միավորները հաշվարկվում են ոչ միայն մեդալների, այլև առաջին 10 տեղերը զբաղեցրած բոլոր ըմբիշների գրանցած արդյունքների հանրագումարով։
Մեկ քաշային կարգում մարզիկներին տրվող միավորների բաշխումն ունի հետևյալ տեսքը՝
1-ին տեղ (Ոսկի) – 25 միավոր
2-րդ տեղ (Արծաթ) – 20 միավոր
3-րդ տեղ (Բրոնզ) – 15-ական միավոր (երկու ըմբիշ)
5-րդ տեղ – 10-ական միավոր (երկու ըմբիշ)
7-րդ տեղ – 8 միավոր
8-րդ տեղ – 6 միավոր
9-րդ տեղ – 4 միավոր
10-րդ տեղ – 2 միավոր
Օլիմպիական խաղերից առաջ
Այս առաջնությունում չէր խաղարկվում 2028 թվականին կայանալիք Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։Դրանց խաղարկումը կսկսվի 2027 թվականի աշխարհի առաջնությունից։
Օլիմպիական ուղեգրերի բաշխումն իրականացվում է 3 հիմնական փուլով։ Առաջին փուլում՝ 2027 թ․ աշխարհի առաջնություն․Կխաղարկվի ըմբշամարտի օլիմպիական ուղեգրերի առաջին և ամենամեծ փաթեթը (ընդհանուր 72 ուղեգիր օլիմպիական քաշային կարգերում լավագույն արդյունքներ ցույց տված ըմբիշների համար)։
Երկրորդ փուլում՝ 2028 թ․ մայրցամաքային վարկանիշային մրցաշարեր․ 2028 թվականի գարնանը (մարտ-ապրիլ ամիսներին) կանցկացվեն Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Աֆրիկա/Օվկիանիայի մայրցամաքային որակավորման մրցաշարերը: Յուրաքանչյուր մայրցամաքից եզրափակիչ հասած ըմբիշները (1-ին և 2-րդ տեղեր) իրենց երկրների համար կնվաճեն օլիմպիական ուղեգրեր:
Երրորդ փուլում՝ 2028 թ․ Համաշխարհային վարկանիշային մրցաշար․ 2028 թվականի մայիսին կանցկացվի «վերջին հույսի» համաշխարհային մրցաշարը (World Olympic Games Qualifier), որտեղ կխաղարկվեն Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի վերջին մնացած ուղեգրերը:
Կարևոր է, որ Օլիմպիական խաղերում ըմբշամարտի մրցումներն անցկացվում են միայն 6 օլիմպիական քաշային կարգերում (յուրաքանչյուր ոճում), ոչ թե աշխարհի առաջնությունների բոլոր 10 քաշերում:
Ամփոփեց Դերենիկ Խաչատրյանը
Լուսանկարները՝ UWW-ի, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 03/11/2026











