2027 թվականին նախատեսվում է ընդլայնել ապահովագրական համակարգում ընդգրկված քաղաքացիների շրջանակը։ Քննարկվում են վճարումների նոր մեխանիզմներ։
38-ամյա սոցիալական մանկավարժ Հայկուհի Կարապետյանը սպասում է 2027 թվականի հունվարին։ Նրա աշխատավարձը 200 հազար դրամից ցածր է, և ներկայումս նա օգտվում է սոցիալական փաթեթով նախատեսված բժշկական ծառայություններից։
Սակայն, նրա խոսքով, այդ փաթեթով հասանելի հետազոտությունների ցանկը սահմանափակ է։ Հայկուհին հույս ունի, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկվելուց հետո կկարողանա անցնել նաև այն հետազոտությունները, որոնց կարիքն ունի։
«Ես հիմա անհամբեր սպասում եմ, որ այս մի քանի ամիսն էլ անցնի, որպեսզի կարողանամ իմ առողջական խնդիրներով անցնել մի շարք հետազոտություններ, անալիզներ, որոնք համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված են, ինչպես օրինակ՝ վահանաձև գեղձի հետազոտությունը, ՊՇՌ թեստը, Դ վիտամինի առկայությունը օրգանիզմումս»,- ասում է նա։
Հայկուհու նման՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ընդգրկումն առողջության համընդհանուր ապահովագրության հաջորդ փուլի հիմնական փոփոխություններից մեկն է։
Սակայն նոր շահառուների համար կարևոր է ոչ միայն այն, թե երբ են իրենք ապահովագրվելու, այլև՝ ինչ ծառայություններից կկարողանան օգտվել, ինչ պայմաններով և որքան պետք է վճարեն։
Սոցիալական փաթեթից՝ համընդհանուր ապահովագրության համակարգ
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը Հայաստանում գործում է 2026 թվականի հունվարի 1-ից։
Առաջին փուլում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք, մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր քաղաքացիները և օրենքով սահմանված այլ խմբեր։
Համակարգի ներդրումը փուլային է։ Առողջապահության նախարարության հրապարակած պարզաբանմամբ՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների ընդգրկումը նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից։
Հայկուհին նրանցից մեկն է։
Նա պատմում է, որ ներկայումս սոցիալական փաթեթի շրջանակում օգտվում է սահմանափակ թվով հետազոտություններից և անալիզներից։ Ապահովագրական համակարգի ընդլայնումից ակնկալում է ավելի լայն հնարավորություններ։
Սակայն կարևոր է տարբերակել երկու հանգամանք։ Համընդհանուր ապահովագրության փաթեթում ծառայության ընդգրկված լինելը դեռ չի նշանակում, որ տվյալ քաղաքացին այն կստանա առանց լրացուցիչ պայմանների։
Որոշ հետազոտություններ կարող են պահանջել բժշկական ցուցում կամ համապատասխան ուղեգիր, իսկ առանձին ծառայությունների դեպքում հնարավոր է կիրառվի նաև համավճար։
Հետևաբար համակարգում ընդգրկվելուց առաջ քաղաքացիների համար անհրաժեշտ է հստակեցնել ոչ միայն հասանելի ծառայությունների ցանկը, այլև դրանցից օգտվելու կարգը։
Ինչ հետազոտություններ են հասանելի մինչև ապահովագրվելը
Հայկուհին նշում է նաև մեկ այլ փոփոխություն, որին առնչվել է առաջնային բուժօգնության համակարգում։
Նրա խոսքով՝ պոլիկլինիկաներում այլևս չի իրականացվում ՊԱՊ թեստը, որը նախկինում անվճար էր։ Դրա փոխարեն կանանց առաջարկվում է անցնել մարդու պապիլոմավիրուսի՝ HPV-ի ՊՇՌ հետազոտություն։
Վաղարշապատի «Մաստեր Ֆարմ» բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Վիկտորյա Պողոսյանը բացատրում է, որ որոշ հետազոտություններ քաղաքացիներին հասանելի են նաև առաջնային բուժօգնության օղակում՝ անկախ համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված լինելուց։
Նրա խոսքով՝ համապատասխան բժշկական ցուցումների դեպքում քաղաքացիները կարող են պետպատվերի շրջանակում անցնել սոնոգրաֆիա, ռենտգեն հետազոտություն, էլեկտրասրտագրություն (ԷԿԳ) և որոշ լաբորատոր հետազոտություններ։
Պողոսյանը ներկայացնում է նաև արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային հետազոտությունների փոփոխությունները։
Նրա փոխանցմամբ՝ ՊԱՊ քսուքը որպես անվճար սկրինինգային հետազոտություն այլևս չի իրականացվում։ Փոխարենը 30–60 տարեկան ապահովագրված կանանց շրջանում ազգային ծրագրի շրջանակում իրականացվում է HPV-ի ՊՇՌ հետազոտություն։ Մինչև 30 տարեկան կանանց դեպքում, ըստ նրա, առաջնային հետազոտությունների մեջ ներառված են սովորական քսուքի հետազոտությունն ու գինեկոլոգիական զննումը։
Ինչպես են փորձում կանանց ներգրավել սկրինինգային ծրագրերում
Վիկտորյա Պողոսյանի խոսքով՝ սկրինինգային ծրագրերի արդյունավետության համար բավարար չէ միայն հետազոտությունները հասանելի դարձնելը։ Պետք է նաև տեղեկացնել քաղաքացիներին և խրախուսել նրանց մասնակցությունը։
«Սկրինինգային ծրագրերի նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլև մարդկանց ակտիվորեն ներգրավելը։ Պոլիկլինիկաներում առանձնացրել ենք համապատասխան տարիքային խմբերի ապահովագրված կանանց, բժիշկները զանգահարում և հրավիրում են նրանց։ Մենք ոչ միայն իրազեկում ենք, այլև ասում ենք, որ տվյալ հետազոտությունն իրենց հասանելի է։ Իհարկե, պարտադրել չենք կարող, բայց տեղեկացնում ենք»,- ասում է Պողոսյանը։
Նրա խոսքով՝ բազմաթիվ կանայք արդեն արձագանքել են հրավերներին և անցել հետազոտությունը։
Բուժհաստատության ղեկավարը կարևորում է սեփական առողջության նկատմամբ քաղաքացիների ուշադիր վերաբերմունքը՝ հիշեցնելով, որ հիվանդությունների վաղ հայտնաբերումը կարող է կանխել ծանր հետևանքները։
Այս մոտեցումն առանձնապես կարևոր է նաև ապահովագրական համակարգի ընդլայնման համատեքստում։ Նոր շահառուների ընդգրկումը կարող է մեծացնել կանխարգելիչ հետազոտություններից օգտվողների թիվը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքացիները հասկանան՝ ինչ ծառայություններ են իրենց հասանելի և ինչպես կարող են դրանցից օգտվել։
Մարզային բուժհաստատություն, որտեղ այցելություններն աճում են
«Մաստեր Ֆարմ» բժշկական կենտրոնի փորձը ցույց է տալիս նաև ապահովագրական համակարգի մեկ այլ առանձնահատկություն՝ քաղաքացիների՝ բուժհաստատություն ընտրելու հնարավորությունը։
Վիկտորյա Պողոսյանի խոսքով՝ մասնագետի խորհրդատվության համար տրվող ուղեգիրը քաղաքացուն հնարավորություն է տալիս ընտրելու համապատասխան բուժհաստատությունը։
«Եթե, օրինակ, ընտանեկան բժիշկը կամ թերապևտը ցուցում է տալիս քիթ-կոկորդ-ականջաբանի կամ ակնաբույժի խորհրդատվության, քաղաքացին կարող է այդ խորհրդատվությունն անցնել իր ընտրած բժշկական կենտրոնում՝ ապահովագրության շրջանակում։ Այդ պատճառով այն բժշկական կենտրոնները, որոնք ավելի կազմակերպված և որակով են աշխատում, ավելի ծանրաբեռնված են։ Նրանք սպասարկում են նաև այլ բնակավայրերից եկող քաղաքացիների»,- ասում է Պողոսյանը։
Նրա խոսքով՝ կենտրոնի նպատակն է մարզի բնակիչներին տեղում ապահովել անհրաժեշտ բժշկական ծառայություններով, որպեսզի նրանք ամեն հետազոտության կամ միջամտության համար ստիպված չլինեն մեկնել Երևան։
Պողոսյանի ներկայացրած տվյալներով՝ 2026 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում կենտրոնում ապահովագրության շրջանակում իրականացվել է 400 սրտի ստենտավորում, կատարակտայի 800 և ընդհանուր վիրաբուժական 2900 վիրահատություն։
Նույն ժամանակահատվածում, նրա փոխանցմամբ, 65 տարեկանից բարձր քաղաքացիների այցելությունների թիվն աճել է 30%-ով։
Այս ցուցանիշները ներկայացնում են տվյալ բուժհաստատության հաղորդած արդյունքները։ Դրանց հիման վրա հնարավոր չէ գնահատել ամբողջ երկրում բժշկական ծառայությունների հասանելիության փոփոխությունը։
Միաժամանակ կենտրոնի օրինակը ցույց է տալիս, թե ինչպիսի դեր կարող են ունենալ մարզային բուժհաստատությունները համընդհանուր ապահովագրության համակարգում՝ հատկապես այն դեպքում, երբ քաղաքացիներն ունեն բուժհաստատություն ընտրելու հնարավորություն։
2027-ին ապահովագրավճարը կարող են վճարել երեք կողմերը
Առողջության համընդհանուր ապահովագրության ընդլայնման ամենակարևոր հարցերից մեկն այն է, թե ինչպես են ձևավորվելու մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրավճարները։
Օգոստոսի 12-ին կառավարության խորհրդակցության ժամանակ քննարկվել է տարբերակ, որով 2027 թվականին ամսական 10 800 դրամ ապահովագրավճարը կբաշխվի աշխատողի, գործատուի և պետության միջև։
Այս մոտեցման նպատակը ցածր աշխատավարձ ստացողների համար ապահովագրության ներդրման հետևանքով ֆինանսական բեռի կտրուկ աճը կանխելն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության ժամանակ անդրադարձել է նաև աշխատանքի վարձատրության խնդրին՝ գործատուներին առաջարկելով հնարավորության դեպքում վերանայել աշխատավարձերը։
«Լավ կլինի, եթե գործատուները, նաև այս առիթը օգտագործելով, վերանայեն իրենց որոշումները և հնարավորինս շատ աշխատողների վճարեն 200000 դրամ և ավելի աշխատավարձ։ Իհարկե, նման խնդիր կա նաև պետական կառավարման համակարգում, և մենք նույնպես պետական կառավարման համակարգում այդ խնդիրը հասցեագրելու վերաբերյալ պիտի մտածենք»,- նշել է վարչապետը։
Ըստ այդ տարբերակի՝ ամսական 10 800 դրամից 6000 դրամը կվճարի աշխատողը, իսկ 4800 դրամը՝ գործատուն։ Աշխատողի վճարած գումարը նախատեսվում է վերադարձնել սոցիալական կրեդիտի միջոցով՝ համընդհանուր հայտարարագիրը ներկայացնելու պայմանով։
Ընդլայնվող համակարգի հաջորդ խնդիրը՝ ծառայությունների հասանելիությունը
Առողջության համընդհանուր ապահովագրության տարեկան փաթեթի արժեքը 129 600 դրամ է՝ ամսական 10 800 դրամ։
Փաթեթը ներառում է կանխարգելիչ և վաղ հայտնաբերմանն ուղղված ծառայություններ, սկրինինգային ծրագրեր, հիվանդանոցային բուժօգնություն, դեղորայքային ապահովում և այլ բժշկական ծառայություններ՝ համապատասխան պայմաններով։
Սակայն ապահովագրական համակարգի ընդլայնման արդյունավետությունը կախված է լինելու ոչ միայն նոր շահառուների թվից, այլև նրանց համար ծառայությունների փաստացի հասանելիությունից։

Հայկուհու սպասելիքները կապված են հենց դրա հետ։ Նա ցանկանում է անցնել այն հետազոտությունները, որոնցից ներկայումս չի կարողանում օգտվել իր սոցիալական փաթեթի շրջանակում։
Մյուս կողմից՝ մարզային բուժհաստատության ներկայացրած փորձը ցույց է տալիս, որ ապահովագրական համակարգը կարող է նպաստել նաև տեղում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունների ընդլայնմանը։
Հետևաբար 2027 թվականի փոփոխություններից առաջ քաղաքացիներին անհրաժեշտ է հստակ տեղեկատվություն՝ երբ են ընդգրկվելու համակարգում, ինչ չափով են վճարելու և որ ծառայություններից ինչ պայմաններով կարող են օգտվել։
Հեղինակ՝ Գայանե Մկրտչյան
Ինֆոգրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
Գլխավոր պատկերը՝ արհեստական բանականության գործիքով
Ձևավորումը՝ Վան Սիմոնի
Նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում է հեղինակը։
Այլ նյութեր այս շարքից՝ Հավասարություն և թափանցիկություն առողջապահության համակարգում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 28/09/2026












