Սեպտեմբերի 22-ին Bloomberg-ը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի՝ արհեստական բանականության ենթակառուցվածքների նոր կենտրոն դառնալու հեռանկարի մասին՝ անդրադառնալով Firebird-ի խոշոր տվյալների կենտրոնին, Nvidia-ի չիպերի արտահանման թույլտվություններին, ԱՄՆ-ի հետ տեխնոլոգիական համագործակցությանը՝ տարածաշրջանային ու քաղաքական գործընթացների համատեքստում։
Ստորև ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ՝ թարգմանված «Ամփոփ Մեդիայի» կողմից։
Սառը պատերազմի տարիներին Խորհրդային Միության ամենափոքր հանրապետությունը կոմունիստական գերտերության էլեկտրոնիկայի և տեխնոլոգիաների կենտրոններից էր։ Այժմ Հայաստանը հավակնում է դառնալ ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքների համաշխարհային առաջատար կենտրոններից մեկը։
Օգոստոսին Սան Ֆրանցիսկոյում հիմնադրված Firebird ստարտափը Հայաստանում գործարկեց տվյալների կենտրոն, որի հզորությունը մինչև հաջորդ տարվա վերջ նախատեսվում է հասցնել 300 մեգավատի՝ համալրելով այն ավելի քան 70 հազար նորագույն Nvidia Corp. չիպերով։ Կենտրոնի հաշվարկային հզորության մեկ հինգերորդը նախատեսված է ներքին օգտագործման համար՝ տեղական հետազոտությունների, պետական համակարգի և ստարտափ էկոհամակարգի կարիքները սպասարկելու նպատակով։ Մնացած հզորությունը տրամադրվելու է արտասահմանյան ընկերություններին, այդ թվում՝ ամերիկյան Perplexity AI-ին։
Երևանից մոտ 45 կմ հեռավորության վրա՝ Հրազդան քաղաքում գտնվող համալիրը, ըստ Firebird-ի, դառնալու է տարածաշրջանի ամենամեծ հաշվարկային կլաստերը և իր չափերով դասվելու է Եվրոպայի խոշորագույնների շարքին։ Ընկերության հիմնադիրները հայկական ծագում ունեն։ Սա տնտեսական առավելություն է, որը կարող է հեռանկարային լինել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար, որտեղ Firebird-ն արդեն ընդլայնվում է, և որտեղ խոշոր տերությունները մրցակցում են Ռուսաստանի տարածքը շրջանցող՝ Եվրոպան ու Չինաստանը կապող ռազմավարական միջանցքում ազդեցություն ունենալու համար։

Տվյալների կենտրոնն արդեն իսկ իր դերն է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության հասնելու գործընթացում՝ տասնամյակներ շարունակվող հակամարտությունից հետո, որը խլել է տասնյակ հազարավոր կյանքեր և հանգեցրել երկու երկրների միջև տնտեսական կապերի խզման։ Բանակցություններին մասնակցած անձանց խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը խոստացել է թույլատրել Nvidia-ի արտադրանքի արտահանումը՝ Հայաստանի հետ բանակցություններն առաջ մղելու և Ադրբեջանի հետ ԱՄՆ միջնորդությամբ պատմական համաձայնության ճանապարհ հարթելու համար։
Այդ գործընթացում Nvidia-ի չիպերի դերի մասին առաջինը հայտնել էր Wall Street Journal-ը։ Սա Թրամփի՝ ԱԲ դիվանագիտության ոչ ավանդական մոտեցման առավել ուշագրավ օրինակներից է։ Այն ցույց է տալիս, թե ինչպես է Թրամփի թիմն օգտագործում Ջո Բայդենի վարչակազմի օրոք սահմանված չիպերի արտահանման որոշ սահմանափակումներ՝ միաժամանակ քննադատելով նախորդ վարչակազմի ավելի լայն քաղաքականությունը, և այդ կանոնների միջոցով փորձում հասնել տեխնոլոգիական ոլորտից շատ ավելի հեռուն գնացող նպատակների։
Այս պատմությունը նաև ցույց է տալիս շուրջ 3 միլիոն բնակչություն ունեցող փոքր երկրի հավակնությունները՝ սեփական տեղը գտնելու արագ փոփոխվող տարածաշրջանի առանցքային գործընթացներում։ Միաժամանակ այն ցույց է տալիս, թե ինչպես են տեխնոլոգիական ներդրումների համար հիմքեր ստեղծելու և ռուսական ազդեցության վերաբերյալ ԱՄՆ-ի մտահոգությունները մեղմելու ուղղությամբ Երևանի տարիների ջանքերը սկսում արդյունք տալ ԱԲ-ի դարաշրջանում։
«Ընդհանուր առմամբ ինքնիշխանությունը Հայաստանի համար իրական խնդիր է եղել Խորհրդային Միությունից անկախանալուց ի վեր»,- ասել է Nvidia-ի կարևոր գործընկեր՝ չիպերի նախագծմամբ զբաղվող «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն և «Սինոփսիս»-ի մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը։ Նրա խոսքով՝ հենց այդ հանգամանքն է նպաստում «սեփական ԱԲ-ն ունենալու անհրաժեշտության շուրջ այս ամբողջ պարանոյային»։
Սպիտակ տնից մեկնաբանության խնդրանքին չեն արձագանքել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակի ներկայացուցիչը հայտնել է, որ վարչապետը հստակ մանդատ է ունեցել Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար, իսկ անցյալ տարի Վաշինգտոնում ստորագրված երկկողմ համաձայնագրերը, այդ թվում՝ կիսահաղորդիչների և արհեստական բանականության ոլորտներում, Հայաստանի համար խաղաղությունից բխող կարևոր ձեռքբերումներ են։
Ինչպես Հայաստանը հայտնվեց Nvidia-ի քարտեզում
Հայաստանի համագործակցությունը Nvidia-ի հետ սկսվել է դեռևս 2019 թ-ին, երբ տարիներ առաջ Փաշինյանն այցելել էր ընկերության Սանտա Կլարայի գրասենյակ մինչև OpenAI-ը կգործարկեր ChatGPT-ն և սկիզբ կդներ ԱԲ-ի ներկայիս բումին։ Այդ հանդիպումը կազմակերպել էր Հակոբ Արշակյանը՝ նախկին պատգամավոր, Հայաստանի ԲՏԱ առաջին նախարարը, որն այժմ ղեկավարում է հայկական նորարարությունները խթանող հիմնադրամի խորհուրդը։ Հիմնադրամում ներգրավված են նաև տեխնոլոգիական և ՏՏ ոլորտների ղեկավարներ հայկական համաշխարհային սփյուռքից։
Nvidia-ն Հայաստանում ներկայություն հաստատեց 2022 թ-ին և նույն տարվա փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո ընկերությունը Մոսկվայից ինժեներների տեղափոխեց Երևանի իր գրասենյակ։ Հաջորդ տարի NVIDIA-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը այցելեց Հայաստան։ Firebird AI-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանի խոսքով՝ այդ այցը նպաստեց Firebird-ի ստեղծման համար հիմքերի ձևավորմանը։
2023 թ-ին Հայաստանն սկսեց հեռանալ Ռուսաստանից՝ իր խոշորագույն առևտրային գործընկերոջից և զենքի հիմնական մատակարարից՝ Մոսկվային մեղադրելով պաշտպանական պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժումները չկանխելու մեջ։ Դրան նախորդել էր Բաքվի արագ ռազմական գործողությունը, որի արդյունքում Ադրբեջանը լիակատար վերահսկողություն հաստատեց վիճելի տարածք համարվող Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ հանգեցնելով այնտեղի էթնիկ հայ բնակչության զանգվածային գաղթի և վերջ դնելով հակամարտությանը, որը Խորհրդային Միության փլուզումից հետո մի քանի անգամ վերածվել է պատերազմի։
Երևանն սկսեց ավելի սերտ կապեր կառուցել Արևմուտքի հետ, այդ թվում՝ տեխնոլոգիաների ոլորտում, որտեղ Հայաստանը հարուստ պատմություն և ուժեղ մասնագիտական ներուժ ունի։ Սակայն այդ հավակնությունները Վաշինգտոնի դիմադրությանը հանդիպեցին, քանի որ ԱՄՆ-ը մտահոգված էր, որ Հայաստանը կարող է դառնալ միջանցք, որի միջոցով Ռուսաստանը ձեռք կբերի ամերիկյան սարքավորումներ՝ դրանք օգտագործելով նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում վարած պատերազմում։
ԱԲ չիպերի ճանապարհը դեպի Հայաստան՝ սահմանափակումների պայմաններում
Բայդենի վարչակազմը դեռ 2022-ի հոկտեմբերին փաստացի արգելել էր առաջադեմ ԱԲ չիպերի արտահանումը Չինաստան և Ռուսաստան՝ ի լրումն Մոսկվայի դեմ սահմանված ավելի լայն պատժամիջոցների։ Սակայն հնարավոր է եղել շրջանցել այդ սահմանափակումները։ Չինական տեխնոլոգիական ընկերությունները, ըստ հրապարակումների, կարողացել են ձեռք բերել միլիարդավոր դոլարների՝ սահմանափակումների տակ գտնվող Nvidia սարքավորումներ, իսկ ամերիկյան արտադրության ավելի լայն կիրառություն ունեցող էլեկտրոնային դետալները շարունակել են հայտնվել ռուսական հրթիռներում՝ հիմնականում երրորդ երկրների միջոցով։
Հայաստանը Մոսկվայի գլխավորած մաքսային միության անդամ է և պաշտոնապես շարունակում է համարվել Ռուսաստանի դաշնակից։ Այդուհանդերձ, 2023 թ-ի սկզբին Փաշինյանը, արձագանքելով ԱՄՆ-ի և Եվրոպայի ճնշմանը, խիստ սահմանափակումներ սահմանեց դեպի Ռուսաստան արտահանվող էլեկտրոնիկայի նկատմամբ։
Հայաստանը «չի կարող իրեն թույլ տալ հայտնվել արևմտյան պատժամիջոցների տակ», – ասել էր նա՝ ըստ տեղական լրատվամիջոցի,- «Ռուսաստանի հետ հարաբերությունները կկառուցենք այնպես, որ խուսափենք նման զարգացումից»։
Մի քանի ամիս անց Վաշինգտոնը ռուսաստանցի կիսահաղորդչային ոլորտի մի գործարարի մեղադրեց թայվանական, շվեյցարական և հայկական ֆիկտիվ ընկերությունների ցանցի միջոցով ռուսական զենքի արտադրության համար միկրոչիպեր ապօրինի մատակարարելու մեջ։ Խոսքը այն զենքերի մասին էր, որոնք կիրառվում են ուկրաինական քաղաքների դեմ։ 2023 թ-ի վերջին Բայդենի վարչակազմը ամերիկյան լիցենզավորման պահանջ սահմանեց դեպի Հայաստան և ավելի քան 40 այլ երկրներ ԱԲ չիպերի արտահանման համար։ Այդ երկրների թվում էին նախկին Խորհրդային Միության պետությունների մեծ մասը և Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներ։
Երևանի ջանքերը՝ Հայաստանն այդ ցանկից հանելու ուղղությամբ, արդյունք չեն տվել։
Այդուհանդերձ, Հայաստանը շարունակեց բանակցել Բայդենի վարչակազմի հետ՝ անհրաժեշտ չիպերի արտահանման թույլտվություն ստանալու համար։ 2024-ին, ավելի քան վեց ամիս տևած բանակցություններից հետո, պետական համալսարանի մի նախագիծ Nvidia-ի 64 առաջատար H100 արագացուցիչներ Հայաստան ներմուծելու լիցենզիա ստացավ։ Դրանք նախատեսված էին այն ժամանակ տարածաշրջանի ամենամեծ գերհամակարգչի համար։ Այս մասին Bloomberg-ին հայտնել է նաև այդ գործընթացում ներգրավված Հակոբ Արշակյանը։
Արշակյանի խոսքով՝ նախագիծը գործարկելու համար պահանջվել է ավելի քան մեկ տարի, քանի որ Հայաստանը տվյալների կենտրոնների կառուցման ոլորտում բավարար փորձ չուներ։ Սակայն այդ ընթացքում ձևավորվել է կարևոր մասնագիտական փորձ՝ սկսած մասնագիտացված շինարարությունից մինչև ԱՄՆ արտահանման կարգավորումների հետ աշխատանքը։ Նրա խոսքով՝ հենց այդ փորձն է հնարավոր դարձրել Firebird-ի տվյալների կենտրոնի, ինչպես նաև հայկական մեկ այլ՝ Eleveight AI ընկերության նախագծի իրականացումը։ Eleveight AI-ն այժմ դիտարկում է նաև Ղազախստանում ընդլայնվելու հնարավորությունը, սակայն ընկերության ներկայացուցչի խոսքով՝ վերջնական որոշում դեռ չկա։
Այդ խոշոր տվյալների կենտրոնների համար, սակայն, շարունակում է անհրաժեշտ լինել ԱՄՆ-ի թույլտվությունը։ Չնայած Թրամփը մեղմացրել է Բայդենի օրոք սահմանված չիպերի արտահանման հիմնական սահմանափակումները, նրա վարչակազմը 2023-ին ընդունված կարգավորումների մեծ մասը պահպանել է՝ միաժամանակ մշակելով սեփական գլոբալ համակարգը։ Այդ ընթացքում վարչակազմը շարունակել է կիրառել նաև այդ նախկին կարգավորումները։ Օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի դեպքում Թրամփի վարչակազմը չիպերի արտահանման լիցենզիաների տրամադրումը հետաձգել էր այնքան ժամանակ, մինչև որ այդ երկրները համաձայնեցին այնպիսի պայմանների, որոնք սահմանափակում էին Չինաստանի հնարավոր հասանելիությունը այդ տեխնոլոգիաներին և նախատեսում էին ներդրումներ ԱՄՆ-ում։

Երբ Nvidia-ի չիպերը դարձան խաղաղության բանակցությունների մաս
Հայաստանի դեպքում չիպերի արտահանման թույլտվությունը դարձավ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնության շուրջ բանակցությունների մաս։ Դեռևս չստորագրված պայմանագիրը ճանապարհ է բացում Հայաստանի տարածքով Ադրբեջանը Թուրքիայի հետ սահմանակից իր էքսկլավ Նախիջևանին կապող կարևոր տրանսպորտային միջանցքի համար։ Խոսքը, այսպես կոչված, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության»՝ TRIPP նախագծի մասին է, որը համատեղ կառավարվելու է ԱՄՆ-ի և Երևանի կողմից։
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ TRIPP-ը նպատակ ունի «նպաստել Հայաստանի և Ադրբեջանի բարեկեցությանն ու անվտանգությանը, ընդլայնել ԱՄՆ-ի առևտրային հնարավորությունները՝ խթանելով տարածաշրջանային առևտուրն ու կապերը, ինչպես նաև ստեղծել Կենտրոնական Ասիան և մերձկասպյան տարածաշրջանը Եվրոպային կապող նոր տարանցիկ ուղիներ»։
Պետդեպարտամենտը արտահանման լիցենզիաների վերաբերյալ հարցերը փոխանցել է Առևտրի նախարարությանը, որը պատասխանատու է այդ թույլտվությունների համար և չի պատասխանել Bloomberg-ի հարցերին։
Firebird-ը և նրա գործընկերները Nvidia-ի չիպեր գնելու թույլտվության համար առաջին անգամ դիմել են 2025 թ-ի սկզբին՝ ընկերության պաշտոնական մեկնարկից մի քանի ամիս առաջ, հայտնել է ընկերության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Firebird-ը ԱՄՆ-ի լիցենզիաների առաջին փաթեթը ստացել է նույն տարվա օգոստոսին՝ Սպիտակ տանը կայացած խաղաղության գագաթնաժողովից առաջ։ Ներկայացուցիչը հավելել է, որ այդ պահին Firebird-ը տեղյակ չի եղել ընթացող դիվանագիտական բանակցությունների բովանդակությանը։
Հստակ չէ, թե Թրամփի վարչակազմը երբ է առաջին անգամ Nvidia-ի հետ քննարկել տվյալների կենտրոնի հնարավոր դերը նախնական խաղաղության համաձայնության հասնելու գործում։ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ համաձայնությունը ամրագրեցին նույն օրը, երբ ԱՄՆ-ն ու Հայաստանը ստորագրեցին արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում երկկողմ համագործակցության հուշագիր։

«Հայաստանն ունի բացառիկ տեխնիկական ներուժ և կենսունակ ու զարգացող նորարարական էկոհամակարգ։ Հենց այդ պատճառով մենք վաղուց ենք սկսել ներդրումներ անել Հայաստանի ապագայի մեջ»,— ասել է Nvidia-ի ներկայացուցիչը։ «Մենք գիտենք, որ Հայաստանը կարող է տնտեսական նոր հնարավորություններ ստեղծել, որոնք, իրենց հերթին, կամրապնդեն տարածաշրջանային կապերը և կնպաստեն երկարաժամկետ կայունության հիմքերի ձևավորմանը»։
Firebird-ին տրված լիցենզիաները Հայաստանին հնարավորություն են տալիս մոտենալ ԱԲ հաշվարկային հզորությունների առաջատար երկրների մակարդակին։ Համեմատության համար՝ Սաուդյան Արաբիայի ԱԲ ոլորտի առաջատար Humain ընկերությունը անցյալ տարի, Ռիադի և Վաշինգտոնի միջև ամիսներ տևած բանակցություններից հետո, առաջին փուլում ապահովել է 35 հազար Nvidia չիպ։ Սա Պարսից ծոցի երկրներում հարյուր հազարավոր ԱԲ արագացուցիչներ տեղակայելու ավելի լայն ծրագրի մաս է։
«Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները մեծապես աջակցել են Հայաստանում մեր ծրագրերին ու զարգացման տեսլականին»,— ասել է Հովակիմյանը։ «Խաղաղությունն ու տարածաշրջանային կայունությունը ստեղծում են այնպիսի պայմաններ, որոնցում կարող են զարգանալ ներդրումները, նորարարությունը, տնտեսական աճն ու միջազգային գործընկերությունը»։
Firebird-ն աշխատանքը սկսել է անցյալ ամիս՝ Սպիտակ տան գագաթնաժողովից ուղիղ մեկ տարի անց՝ օգտագործելով այնպիսի չիպեր, որոնք, ինչպես փետրվարին Երևան կատարած այցի ժամանակ նշել էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, «պարզապես գոյություն չունեն շատ երկրներում»։
Հոդվածի սկզբանղբյուրը՝ Bloomberg.com
Թարգմանությունը՝ Ամփոփ Մեդիայի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 22/09/2026









