Մեր մասին Էթիկա
Լրահոս

«Արարատ-Արմենիան»՝ Եվրոպա լիգայում․ ի՞նչ է նշանակում հայկական ակումբի առաջին մուտքը

«Արարատ-Արմենիան» դարձավ հայկական առաջին ակումբը, որը հանդես կգա Եվրոպա լիգայի հիմնական փուլում։ Մինչ այս հայկական ակումբները չորս անգամ հասել էին եվրոպական մրցաշարերի հիմնական փուլ, բայց բոլոր դեպքերում՝ Կոնֆերենցիաների լիգայում։

Առաջինը 2021/22 մրցաշրջանում «Ալաշկերտն» էր, ապա՝ «Փյունիկը» 2022/23-ին, իսկ «Նոան»՝ 2024/25 և 2025/26 մրցաշրջաններում։

Պորտուգալացի Մանուել Տուլիպայի գլխավորած «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի առաջին տուրում սեպտեմբերի 16-ին Երևանում կմրցի չեխական «Սպարտա Պրահայի» հետ։

Ինչպես «Արարատ-Արմենիան» հասավ Եվրոպա լիգա

Հայաստանի չեմպիոնը մրցաշրջանը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից։ Նախ հաղթահարեց լատվիական «Ռիգայի», ապա իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» արգելքը։

Երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» առաջին խաղում 2։1 հաշվով հաղթեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին», սակայն պատասխան խաղում պարտվեց 0։2 հաշվով և պայքարը շարունակեց արդեն Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։

Այստեղ մրցակիցը Ռումինիայի «Ունիվերսիտատեա Կրայովան» էր։ Առաջին հանդիպումն ավարտվեց 1։1, իսկ Երևանում կայացած պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց 1։0 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ ապահովեց Հայաստանի ակումբի մասնակցությունը Եվրոպա լիգայի հիմնական փուլում։

Ինչ ցուցանիշներով է ակումբը մտնում այս փուլ

«Արարատ-Արմենիայի» համար սա առաջին մասնակցությունն է եվրոպական որևէ մրցաշարի հիմնական փուլում։ Մինչ այդ ակումբը երկու անգամ հասել էր Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ, սակայն ճանապարհն այնտեղ ընդհատվել էր։

Եվրագավաթների որակավորման փուլերում ակումբն անցկացրել է 34 հանդիպում՝ 14 հաղթանակ, 8 ոչ-ոքի և 12 պարտություն արդյունքով։ Գոլերի տարբերությունն էլ դրական է՝ 49 խփած և 44 բաց թողած գոլ։

Այս ցուցանիշով «Արարատ-Արմենիան» առանձնանում է եվրագավաթներին մասնակցած հայկական ակումբների մեջ․ այն միակն է, որի եվրոպական խաղերի ընդհանուր հաշվեկշիռն ու գոլերի տարբերությունը դրական են։

Ինչ է տալիս Եվրոպա լիգայի մասնակցությունը

Եվրոպա լիգայի հիմնական փուլ անցնելը «Արարատ-Արմենիայի» համար ոչ միայն մարզական, այլև ֆինանսական հաջողություն է։ UEFA-ի բաշխման համակարգով հիմնական փուլի յուրաքանչյուր մասնակից ստանում է 4.31 մլն եվրո ֆիքսված վճար։

2026/27 մրցաշրջանի Եվրոպա լիգայի մասնակից ակումբների համար նախատեսված ընդհանուր ֆոնդը 565 մլն եվրո է։ Այն բաշխվում է երեք հիմնական ուղղությամբ․

155 մլն եվրո՝ հիմնական փուլի բոլոր 36 մասնակից ակումբների համար,
212 մլն եվրո՝ հաղթանակների, ոչ-ոքիների, աղյուսակում զբաղեցրած տեղերի և փլեյ-օֆֆ անցնելու համար,
198 մլն եվրո՝ ակումբի վարկանիշային և շուկայական բաղադրիչների համար։

Այսինքն՝ «Արարատ-Արմենիան» արդեն ապահովել է առնվազն 4.31 մլն եվրո, իսկ լրացուցիչ եկամուտը կախված կլինի հիմնական փուլում գրանցած արդյունքներից, զբաղեցրած դիրքից և UEFA-ի բաշխման մյուս բաղադրիչներից։

Հայկական ակումբի համար սա նշանակալի ռեսուրս է՝ ոչ միայն ընթացիկ մրցաշրջանի, այլ նաև թիմի բյուջեի, միջազգային ճանաչելիության և եվրոպական փորձի երկարաժամկետ աճի տեսանկյունից։

Առաջիկա մրցակիցը՝ «Սպարտա Պրահա»

Եվրոպա լիգայի առաջին տուրում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեխիայի ամենատիտղոսակիր ակումբներից է՝ «Սպարտա Պրահան»։

133 տարվա պատմություն ունեցող ակումբը 24 անգամ դարձել է Չեխոսլովակիայի, 14 անգամ՝ Չեխիայի չեմպիոն, ինչպես նաև 8-ական անգամ նվաճել է Չեխոսլովակիայի և Չեխիայի գավաթները։

«Սպարտա Պրահա»

«Արարատ-Արմենիան» և «Սպարտան» միմյանց արդեն հանդիպել են նախորդ մրցաշրջանում՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում։ Երկու խաղում էլ հաղթել է չեխական ակումբը՝ 4։1 և 2։1 հաշիվներով։

Թիմերի միջև տարբերությունը երևում է նաև տրանսֆերային արժեքներով։ Transfermarkt-ի գնահատմամբ՝ «Սպարտա Պրահայի» կազմի ընդհանուր արժեքը գերազանցում է 83 մլն եվրոն, իսկ «Արարատ-Արմենիայի» կազմը գնահատվում է 8.31 մլն եվրո։ Այսինքն՝ չեխական ակումբի կազմը գրեթե 10 անգամ թանկ է։ Առհասարակ, Հայաստանի չեմպիոնի տրանսֆերային արժեքը մրցաշարին մասնակցող բոլոր թիմերից ամենանվազն է՝ զիջելով մասնակից թիմերին 1,8-ից մինչև 74,4 անգամ։ 

Նույն տարբերությունը տեսանելի է նաև ամենաթանկարժեք ֆուտբոլիստների համեմատությամբ։ «Արարատ-Արմենիայի» բրազիլացի դարպասապահ Ժոաու Բրավիմը գնահատվում է 800 հազար եվրո, իսկ «Սպարտայի» նորվեգացի հարձակվող Յոնատան Բրունեսը՝ 8 մլն եվրո։

Չեխական թիմի ֆուտբոլիստների միջին տարիքը 24.8 է, «Արարատ-Արմենիայինը»՝ 28.3։

Մարզիչների վիճակագրությունը

«Սպարտա Պրահայի» գլխավոր մարզիչը Բրիան Պրիսկեն է։ 49-ամյա մասնագետը երկրորդ անգամ է գլխավորում չեխական ակումբը։ Նրա գլխավորությամբ «Սպարտան» անցկացրել է 63 հանդիպում՝ 39 հաղթանակ, 8 ոչ-ոքի և 16 պարտություն արդյունքով։ Թիմը խփել է 124 և բաց թողել 69 գոլ։

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան ակումբի ղեկին անցկացրել է 51 հանդիպում՝ 30 հաղթանակ, 10 ոչ-ոքի և 11 պարտություն արդյունքով։ Նրա գլխավորությամբ թիմը խփել է 85 և բաց թողել 54 գոլ։

Երկու մարզիչների միջին միավորների տարբերությունը փոքր է․ Պրիսկեի ցուցանիշը մեկ խաղում 1.98 միավոր է, Տուլիպայինը՝ 1.96։

Ինչ վիճակում են թիմերը մոտենում խաղին

«Սպարտան» Չեխիայի առաջնության 26/27 մրցաշրջանը ոչ միանշանակ արդյունքներով։ Թիմը պարտվել է Պրահայի դերբիում «Սլավիային»՝ 0։3, ապա զիջել «Հրադեց Կրալովեին»՝ 1։2։ Դրանից հետո, սակայն, գավաթային խաղում 5։0 հաշվով հաղթել է «Վիկտորիա Ժիժկովին», իսկ առաջնությունում՝ «Յաբլոնեցին»՝ 2։0 ու 12 միավորով 9-րդ տեղում է (8 խաղ՝ 4 հաղթանակ, 4 պարտություն)։

«Արարատ-Արմենիան» Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետո ունի 5 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 1 պարտություն ու 16 միավորով 3-րդն է։ «Փյունիկից» կրած պարտությունից հետո թիմը երկու «չոր» հաղթանակ է տարել՝ «Արարատի» նկատմամբ 1։0 և «Սյունիքի» նկատմամբ 3։0 հաշիվներով։

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի հիմնական փուլ է մտնում հայկական ակումբային ֆուտբոլի համար պատմական կարգավիճակով, բայց առաջին իսկ տուրում դիմավորում է իրենից զգալիորեն ուժեղ մրցակցի, որին այնուամենայնիվ հաղթելու հավանականությունը չի բացառվում:

Հեղինակ՝ Դերենիկ Խաչատրյան

Լուսանկարները՝ «Արարատ-Արմենիա» ՖԱ-ի և «Սպարտա Պրահայի» ՖԱ-ի ֆեյսբուքյան էջերից

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 15/09/2026