Մեր մասին Էթիկա
Քաղաքական

Հայաստանի և ԱՄՆ-ի պաշտոնյաները Սյունիքում քննարկել են ԹՐԻՓՓ-ի ընթացքն ու տնտեսական հնարավորությունները

ԱՄՆ-ի և Հայաստանի պաշտոնյաներից կազմված համատեղ պատվիրակությունը սեպտեմբերի 3-ին այցելել է Սյունիքի մարզ՝ տեղի համայնքների ներկայացուցիչների հետ քննարկելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի ընթացքն ու դրա հնարավոր տնտեսական ազդեցությունը։

Ըստ ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության՝ Սյունիք են այցելել ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական Ջոն Ասքոնասը և ամերիկյան այլ պաշտոնյաներ։ Նրանց ուղեկցել են Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները։

Քննարկումների ընթացքում հայ և ամերիկացի պաշտոնյաները ներկայացրել են ԹՐԻՓՓ-ի ընթացքը և իրականացվող տեխնիկատնտեսական աշխատանքները։ Մասնակիցները նաև հարցեր են ուղղել պաշտոնյաներին և ներկայացրել իրենց դիրքորոշումներն ու մտահոգությունները։

Պատվիրակությունը հանդիպումներ է անցկացրել Գորիսում, Մեղրիում և Կապանում։ Հանդիպումներին մասնակցել են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, մասնագիտական կազմակերպությունների, գործարար շրջանակների, տեղի համայնքների և միջազգային զարգացման գործընկերների ներկայացուցիչներ։

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հայտարարել է, որ ԹՐԻՓՓ-ը տեսլականից անցնում է իրականացման փուլ։ Նրա խոսքով՝ Հայաստանում արդեն իրականացվում են երկաթուղու ինժեներատեխնիկական ուսումնասիրություններ։

Ալենը նաև ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության նկատմամբ։ Նրա գնահատմամբ՝ ԹՐԻՓՓ-ը կարող է նպաստել աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը և Հայաստանի, հատկապես Սյունիքի, համայնքների համար տնտեսական նոր հնարավորությունների ձևավորմանը։

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ և այցելել ԹՐԻՓՓ-ի երթուղու իրականացման տարածք։

Կապանի «Ամերիկյան անկյունում» ԱՄՆ դեսպանատունը և Սյունիքի մարզային գրադարանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով ամերիկյան կողմը վերահաստատել է գրադարանի հետ գործընկերությունը։

Պատրաստեց Սեդա Մարտոյանը
Լուսանկարները՝ ԱՄՆ դեսպանատուն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 03/09/2026