Մեր մասին Էթիկա
Քաղաքական

36-ամյա Ռուբինյանը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ ԱԺ խոսնակը

ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Միջխորհրդարանական միության տվյալներով, դարձել է աշխարհի ազգային խորհրդարանների գործող խոսնակներից ամենաերիտասարդը։ Ռուբինյանը 36 տարեկան է։ Նա ԱԺ նախագահ է ընտրվել օգոստոսի 3-ին՝ իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում։

Ռուբինյանի ընտրվելուց հետո ԱԺ-ի հրապարակած առաջին միջազգային շնորհավորանքներից մեկը եղել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկինը։ Կողմերը հեռախոսազրույցում քննարկել են նաև Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների միջև համագործակցության հետագա ակտիվացումը։

Հաջորդ օրերին Ռուբինյանին շնորհավորել են Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Չժաո Լեցզին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրա Բայրը, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Անա Բրնաբիչը։

Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Այդ զրույցը միայն շնորհավորական չի եղել․ Հայաստանի ԱԺ նախագահը բարձրացրել է հայկական ապրանքների՝ ռուսական շուկա արտահանման սահմանափակումների հարցը և դրանք խնդրահարույց համարել Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային հարաբերությունների ու ԵԱՏՄ կարգավորումների տեսանկյունից։


Կարդացեք նաև․ Հայաստանի պարենային և էներգետիկ կախվածությունները


Մինչ Ռուբինյանի պաշտոնական ընտրությունը՝ դեռ հունիսի 25-ին, նրան շնորհավորել էր նաև Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Այդ պահին, սակայն, Ռուբինյանը դեռ միայն «Քաղաքացիական պայմանագրի»՝ ԱԺ նախագահի թեկնածուն էր, և խորհրդարանում ընտրությունը տեղի ունեցավ ավելի քան մեկ ամիս անց։

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 08/08/2026