Հայաստանի պարենային և էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ոչ միայն տեղական արտադրության ծավալներից, այլև արտաքին մատակարարներից, գներից, լոգիստիկ ուղիներից և տարածաշրջանային քաղաքական զարգացումներից։
Փոքր, դեպի ծով ելք չունեցող և սահմանափակ բնական ռեսուրսներ ունեցող Հայաստանի համար սա նոր խնդիր չէ։ Սակայն վերջին տարիների պատերազմները, մատակարարման շղթաների խափանումները, տարածաշրջանային լարվածությունը և շուկաների քաղաքականացումը ավելի տեսանելի են դարձրել այն հարցը, թե որքան է պատրաստ երկիրը արտաքին ցնցումներին։
Ամենախոցելի ուղղությունները մի քանիսն են՝ ցորեն, բուսական յուղեր, որոշ մսամթերքներ, բնական գազ և նավթամթերք։ Դրանցից յուրաքանչյուրի դեպքում խնդիրը միայն ներմուծման մեծ ծավալը չէ, այլ նաև այն, թե որքան է կախվածությունը կենտրոնացած մեկ կամ մի քանի հիմնական մատակարարի վրա։
Ցորեն․ պարենային համակարգի ամենազգայուն օղակներից մեկը
Պարենային կախվածության ամենատեսանելի օրինակներից մեկը ցորենն է։ ՀՀ վիճակագրական կոմիտեի «Հայաստանի Հանրապետության ազգային պարենային հաշվեկշիռ, 2024» հրապարակման համաձայն՝ 2024 թվականին ցորենի ինքնաբավությունը կազմել է շուրջ 23%։ Այսինքն՝ ներքին պահանջարկի մեծ մասը շարունակում է ապահովվել ներմուծման միջոցով։
2020 թվականի պատերազմից և Արցախի գյուղատնտեսական հողերի կորստից հետո Հայաստանի կախվածությունը ներմուծվող ցորենից ավելի է մեծացել։ Ըստ ներկայացված տվյալների՝ Ռուսաստանից ցորենի ներմուծման մասնաբաժինը հասնում է գրեթե ամբողջական կախվածության մակարդակի։ Սա նշանակում է, որ ցորենի շուկան խոցելի է ոչ միայն գների, այլև քաղաքական և լոգիստիկ փոփոխությունների նկատմամբ։
Խնդիրը միայն ներմուծման մեջ չէ։ ՀՀ վարելահողերի ընդհանուր մակերեսը մոտ 440 հազար հեկտար է, սակայն դրանց կեսից ավելին չի մշակվում։ Մշակվող հողերից էլ միայն շուրջ մեկ քառորդից մեկ երրորդն է օգտագործվում հացահատիկի համար։ Տեղական հացահատիկի արտադրության մրցունակությունը նվազեցնում է նաև ներմուծվող հացահատիկի և ալյուրի ավելի ցածր գինը։
Այս համադրությունը ցորենը դարձնում է Հայաստանի պարենային անվտանգության ամենազգայուն ապրանքներից մեկը, քանի որ տեղական արտադրությունը սահմանափակ է, ներմուծման կախվածությունը՝ բարձր, իսկ հիմնական մատակարարի փոփոխությունը կարճաժամկետում բարդ է։
Ոչ միայն ցորենը․ կախվածություն նաև յուղերից, շաքարից և որոշ մսատեսակներից
Հայաստանը ներմուծումից կախված է նաև մի շարք այլ ապրանքների դեպքում։ Բուսական յուղերի սպառումը գրեթե ամբողջությամբ ապահովվում է ներմուծման հաշվին, և այդ ներմուծման գերակշիռ մասը կրկին բաժին է ընկնում Ռուսաստանին։ Տեղական արտադրությունը շատ սահմանափակ է։
Շաքարի դեպքում ինքնաբավությունը մասնակի է․ այստեղ ևս կա լրացուցիչ կախվածություն։ Միջազգային առևտրային վիճակագրության (UN Comtrade) տվյալներով՝ 2024 թվականին հում շաքարեղեգային շաքարի ներմուծման գրեթե ողջ ծավալը ներմուծվել է Բրազիլիայից։ Սա նշանակում է, որ «տեղական արտադրություն» ձևակերպումը միշտ չէ, որ հավասար է ամբողջական ինքնաբավության։ Որոշ դեպքերում կախվածությունը պահպանվում է նաև հումքի մակարդակում։
Թռչնամսի ինքնաբավությունը կազմում է 25-26%։ Թեև արտադրության ծավալներն աճել են, տեղական արտադրանքը շարունակում է ավելի թանկ լինել կերի՝ հատկապես եգիպտացորենի և սոյայի ներմուծումից կախվածության պատճառով։ Թռչնամիսը համեմատաբար մատչելի սպիտակուց է և կայուն պահանջարկ ունի, ուստի ներմուծումը շարունակում է մրցունակ մնալ տեղական արտադրության համեմատ։
Մսամթերքի շուկայում խոզի մսի ինքնաբավությունը մոտ 50% է, տավարինը՝ շուրջ 90%։ Մինչդեռ ձկան արտադրությունը գերազանցում է ներքին պահանջարկը։ 2024 թ-ին ձկան ինքնաբավությունը կազմել է 118.8%։
Այս տվյալները ցույց են տալիս, որ պարենային անվտանգությունը պետք է գնահատել ոչ թե մեկ ընդհանուր ցուցանիշով, այլ առանձին ապրանքախմբերի ցուցանիշներով։
Մեկ հիմնական աղբյուրից կախվածությունը ռիսկ է
Փոքր տնտեսությունների համար ներմուծումը բնական է, և ոչ բոլոր ապրանքների դեպքում է իրատեսական լիարժեք ինքնաբավություն ապահովելը։ Խնդիր առաջանում է, երբ ներմուծումը կենտրոնանում է մեկ հիմնական մատակարարի կամ սահմանափակ թվով լոգիստիկ ուղիների վրա։
Պարենային ապրանքների դեպքում հիմնական ռիսկերը կապված են մեկ մատակարարի կախվածության, գլոբալ գների տատանումների, եղանակային փոփոխությունների և լոգիստիկ խափանումների հետ։ Վերին Լարսի անցակետում պարբերաբար առաջացող խնդիրները կամ Իրանի ուղղությամբ հնարավոր սահմանափակումները կարող են ազդել ապրանքների հասանելիության և գների վրա։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գնահատմամբ՝ նույնիսկ համեմատաբար լավ բերքի տարիներին Հայաստանը շարունակում է մեծ ծավալով ցորեն ներմուծել, ինչը վկայում է արտաքին մատակարարներից պահպանվող կախվածության մասին։
Միևնույն ժամանակ կառավարությունը պարենային անվտանգությունը դիտարկում է որպես առաջնահերթություն՝ խոսելով ինքնաբավության, ռազմավարական պաշարների և ոլորտի դիմակայունության բարձրացման մասին։
Այստեղ կարևոր է առանձնացնել երկու նպատակ։ Առաջինը ամբողջական ինքնաբավության հասնելն է, ինչը ոչ բոլոր ապրանքների դեպքում է իրատեսական, երկրորդը՝ կախվածության նվազեցումը մատակարարների, երթուղիների, պահուստների և տեղական արտադրության ավելի լավ կառավարման միջոցով։ Հայաստանի համար ավելի իրատեսական է հենց երկրորդը։
Արտաքին շուկաներից կախվածության ռիսկը երևում է ոչ միայն ներմուծման, այլև արտահանման դեպքում։ Վերջին շրջանում հայկական ծագման որոշ ապրանքների՝ ՌԴ շուկա մուտքի սահմանափակումների հարցը քննարկվել է նաև բարձր քաղաքական մակարդակում։ Ըստ «Արմենպրեսի»՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում նշել է, որ նման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին և ԵԱՏՄ կարգավորումներին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել խնդիրը կարգավորելու համար։
Էներգետիկ կախվածություն․ գազը մնում է հիմնական խոցելի կետը
Էներգետիկ ոլորտում Հայաստանի կախվածությունն ավելի ռազմավարական բնույթ ունի։ Հայաստանը չունի բնական գազի և նավթի սեփական արդյունաբերական պաշարներ, ինչի պատճառով շարունակում է զգալիորեն կախված մնալ ներմուծվող էներգակիրներից։
Բնական գազը Հայաստանի էներգետիկ համակարգի առանցքային բաղադրիչներից է։ Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) գնահատմամբ և պաշտոնական տվյալներով՝ Հայաստանը տարեկան ներմուծում է շուրջ 2.7 մլրդ խմ բնական գազ, որի 80-85%-ը մատակարարվում է Ռուսաստանից, իսկ մնացածը՝ Իրանից՝ գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրով։ Գազը կազմում է էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 40%-ը և մեծ դեր ունի բնակչության ջեռուցման հարցում։
Սա նշանակում է, որ գազի գնի փոփոխությունը, մատակարարման խափանումը կամ քաղաքական լարվածությունը կարող են արագ անդրադառնալ ոչ միայն էներգետիկ համակարգի, այլև տնտեսության և բնակչության ծախսերի վրա։
Այստեղ իրանական ուղղությունը կարող է դառնալ Հայաստանի գազային կախվածության մասնակի դիվերսիֆիկացիայի գործիք։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 25-ին աշխատանքային այցով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Իրանից վերադառնալուց հետո նախարարը նշել էր, որ Իրանը լրացուցիչ էլեկտրաէներգիայի կարիք ունի, և այս փուլում երկու կողմերի շահերը համընկնում են․
«Մենք հաջողությամբ որոշակի ծավալով գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը իրականացնում ենք, և ակնհայտ է, որ մեր հնարավորությունները ավելի շատ են այդ ծրագիրը իրականացնելու մասով»,- ասել է Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի ընդլայնմանը կարող են նպաստել ինչպես գազատարի թողունակությունը, այնպես էլ Հայաստան-Իրան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը։ «400 կՎ գծի կառուցումից հետո էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալը կկարողանանք ավելի մեծացնել, և հետևաբար այդ գործարքի ընդլայնման հնարավորություն ունենք»,- նշել է նախարարը։
Նավթամթերքների դեպքում ևս ներմուծման զգալի մասի մատակարարումը կապված է Ռուսաստանի հետ, թեև վերջին շրջանում բենզինի մասով որոշ դիվերսիֆիկացիա է նկատվում։ 2025-ին ռուսական բենզինի մասնաբաժինը նվազել է, սակայն դիզելը դեռևս հիմնականում ռուսական է։
Արևային էներգիան աճում է, բայց ամբողջ խնդիրը չի լուծում
Վերջին տարիներին Հայաստանում արագ աճել են արևային էներգիայի հզորությունները։ ՏԿԵ նախարարության տվյալներով՝ 2025 թ-ին արևային կայանների ընդհանուր տեղակայված հզորությունը գերազանցել է 1150 ՄՎտ-ը։ Այս մասին 2026թ․ մարտի 13-ին իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում հայտարարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Սա կարևոր փոփոխություն է, քանի որ վերականգնվող էներգիան կարող է աստիճանաբար նվազեցնել գազից կախվածությունը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ։ Սակայն կարճաժամկետում արևայինի աճը չի կարող ամբողջությամբ փոխարինել գազին՝ հատկապես ջեռուցման, կայուն արտադրության և համակարգի հավասարակշռման տեսանկյունից։
Կառավարության էներգետիկ ռազմավարությունը մինչև 2040 թվականը նախատեսում է վերականգնվող էներգիայի մասնաբաժնի զգալի աճ։
Երկարաժամկետ որոշիչ հարցերից է նաև նոր միջուկային կայանի կառուցումը, քանի որ գործող ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումը մինչև 2036 թվականը ժամանակ է տալիս նոր բլոկի տեխնոլոգիական և քաղաքական ընտրության համար։
Այսպիսով, էներգետիկ անվտանգության ամրապնդումը կախված է միաժամանակ մի քանի ուղղությունից՝ գազի մատակարարների դիվերսիֆիկացումից, էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքից, միջուկային էներգիայի ապագայից, արևային էներգիայի ինտեգրումից և տարածաշրջանային էներգետիկ կապերի ընդլայնումից։
Դիվերսիֆիկացիա․ հնարավոր կարճաժամկետ և երկարաժամկետ քայլերը
Պարենային ոլորտում կարճաժամկետ ամենաիրատեսական քայլը ներմուծման աղբյուրների դիվերսիֆիկացիան է։ Հացահատիկի և յուղերի համար որպես հնարավոր ուղղություններ նշվում են Ղազախստանը, Ուկրաինան, ԵՄ երկրները՝ եթե լոգիստիկան թույլ տա։ Երկարաժամկետում ավելի կարևոր են տեղական արտադրության խթանումը, ոռոգման համակարգերի արդիականացումը, կերերի արտադրությունը և տեխնոլոգիական ներդրումները։
Միևնույն ժամանակ, պետք է հստակ հասկանալ, որ ոչ բոլոր ապրանքների դեպքում է ինքնաբավության բարձրացումը իրատեսական։ Շաքարի, ձիթատու մշակաբույսերի կամ ծովամթերքի որոշ ուղղություններում կան կլիմայական, բնական և տնտեսական սահմանափակումներ։
Էներգետիկ ոլորտում կարճաժամկետում գազի և նավթամթերքի կախվածությունը կտրուկ նվազեցնելը դժվար է։ Պահանջվում են ներդրումներ, նոր ենթակառուցվածքներ, տարածաշրջանային համագործակցություն և տեխնոլոգիական արդիականացում։ Երկարաժամկետում կարևոր են վերականգնվող էներգիան, նոր միջուկային հզորությունը և հնարավոր նոր գազային կամ էլեկտրաէներգետիկ կապերը։
Նոր երթուղիների ազդեցությունը մատակարարման կառուցվածքի վրա
Վերջին շրջանում նկատվում են նաև մատակարարման երթուղիների որոշ փոփոխություններ։ 2026 թ-ի առաջին ամիսներին Ադրբեջանի տարածքով Հայաստան է տարանցվել ավելի քան 24 հազար տոննա ռուսական հացահատիկ։
Բացի այդ, 2025 թ-ի դեկտեմբերից մինչև 2026 թ-ի ապրիլի կեսը Հայաստանը Ադրբեջանից ներմուծել է շուրջ 9.3 հազար տոննա բենզին և դիզելային վառելիք։
Այս տվյալները, սակայն, չեն նշանակում, որ Հայաստանի մատակարարման կառուցվածքն էապես փոխվել է։ Ծավալները սահմանափակ են, իսկ հիմնական կախվածությունները պահպանվում են։ Սակայն դրանք կարող են դիտարկվել որպես լոգիստիկ նոր ուղիների և սահմանափակ դիվերսիֆիկացիայի նախնական նշաններ։
Հայաստանի համար կարևոր հարցն այստեղ ոչ միայն այն է, թե որ երկրից է գալիս ապրանքը, այլ նաև այն, թե ինչ ճանապարհով, ինչ պայմաններով և որքան կայուն կարող է լինել այդ ուղին ճգնաժամային իրավիճակներում։
Ամփոփում
Հայաստանի պարենային և էներգետիկ անվտանգությունն առաջիկա տարիներին կախված կլինի հետևյալ հիմնական գործոններից․
– Արդյոք կկարողանա՞ երկիրը նվազեցնել մեկ կամ երկու մատակարարից չափազանց բարձր կախվածությունն այն ապրանքների և էներգակիրների դեպքում, որոնք անմիջական ազդեցություն ունեն բնակչության բնակչության առօրյայի և կենսամակարդակի վրա։
– Արդյոք կկարողանա՞ պետությունը ձևավորել բավարար պահուստներ և արագ արձագանքման մեխանիզմներ արտաքին ցնցումների դեպքում։
– Արդյոք դիվերսիֆիկացիան կմնա հայտարարությունների մակարդակո՞ւմ, թե՞ կվերածվի իրական ենթակառուցվածքների, նոր մատակարարների, արտադրության արդիականացման և տարածաշրջանային կապերի։
Այս փուլում Հայաստանի առաջնահերթությունը ոչ թե լիարժեք ինքնաբավության ապահովումն է, այլ առավել բարձր խոցելիությունների նվազեցումը՝ հատկապես այն ոլորտներում, որտեղ արտաքին կախվածությունը միաժամանակ պարենային, էներգետիկ, տնտեսական և քաղաքական ռիսկեր է առաջացնում։
Հեղինակ՝ Արայիկ Մկրտումյան
Վիզուալիզացիան՝ Կարինե Դարբինյանի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 30/07/2026









