Քաղաքական

Ընտրական ռեսուրսներ և կանոններ․ ԿԸՀ-ն հաստատել է 2026թ․ ԱԺ ընտրությունների նախահաշիվը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 24-ի արտահերթ նիստում մեկնարկել է 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական փուլի իրավական և ֆինանսական հիմքերի հստակեցումը։

Ֆինանսական հատկացումներ

Հանձնաժողովը սահմանել է ընտրությունների կազմակերպման և անցկացման ծախսերի նախահաշիվը, որը կազմում է 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ( մոտ 11,871,000 դոլար)։ Բյուջեի զգալի մասը՝ շուրջ 1,8 մլրդ դրամը, նախատեսված է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձերի համար։

Թվային գործիքակազմ և գրանցման կարգեր

Որոշմամբ արդիականացվել են ԿԸՀ պաշտոնական կայքում կուսակցությունների և դաշինքների գրանցման, ինչպես նաև ընտրական ցուցակների ձևավորման թվային ընթացակարգերը։ ԿԸՀ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ սահմանվել են նաև թեկնածուների, լիազոր ներկայացուցիչների, դիտորդների, վստահված անձանց և ընտրական գործընթացի այլ մասնակիցների վկայականների նոր օրինակելի ձևերը։

Ցուցակների հաստատման նորամուծությունը

Համաձայն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների՝ հերթական ընտրությունների դեպքում կուսակցությունները կամ դաշինքները պարտավոր են ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուին հաստատել բացառապես համագումարի արդյունքում ընդունված որոշմամբ։ Այս քայլը նպատակ ունի բարձրացնել ներկուսակցական ժողովրդավարության մակարդակը թեկնածուների առաջադրման փուլում։

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 24/02/2026