Սոցիալական Քաղաքական

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը հրապարակել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործով դատավճիռը։ 57-ամյա Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Մեղադրող կողմը պահանջում էր ցմահ ազատազրկում։

Դատավճիռը կայացվեց նրա ապօրինի ձերբակալությունից 874 օր անց։

Դատավճռի հրապարակումից հետո Վարդանյանի ընտանիքը հանդես է եկել հայտարարությամբ՝ որակելով այն «սարսափեցնող, թեև՝ ոչ անսպասելի։

«Ռուբենը զրկված է եղել արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում՝ իրավական պաշտպանության, միջազգային փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից, դատավարությանն անկախ լրատվամիջոցների մասնակցությունից: Լսումներն անցկացվել են փակ դռների հետևում և այնպիսի պայմաններում, որոնք անհամատեղելի են միջազգային իրավունքով և, նույնիսկ ադրբեջանական օրենքներով, արդար դատաքննության չափանիշների հետ»։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ սա պարզապես Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ. «սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն»։

Մեղադրանքներն ու դատավարությունը

Ադրբեջանական կողմը Ռուբեն Վարդանյանին մեղադրում է մի շարք ծանր հոդվածներով, որոնց թվում են՝ ահաբեկչության ֆինանսավորումը, անօրինական զինված խմբավորումների ստեղծումն ու դրանց գործունեությանը մասնակցությունը և պետական սահմանի ապօրինի հատումը։

2025-ի փետրվարին Վարդանյանը հացադուլ հայտարարեց Բաքվի բանտում՝ բողոքելով իր դեմ իրականացվող անարդար դատավարությունից։

Գիտակցված զոհողություն

Ռուբեն Վարդանյանը հայտնի է որպես հաջողակ գործարար, «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերության նախկին ղեկավար և «Սկոլկովո» կառավարման դպրոցի հիմնադիր։ Forbes-ը նրա և ընտանիքի կարողությունը գնահատել է շուրջ 1,2 մլրդ դոլար։

Վարդանյանի գործունեության շրջադարձային իրադարձությունները

  • Դիմում ՌԴ նախագահին. 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի օրերին Վարդանյանը բաց նամակով դիմեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով միջամտել և կանգնեցնել արյունահեղությունը։
  • Հրաժարում ՌԴ քաղաքացիությունից. 2022-ի սեպտեմբերին նա հայտարարեց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու մասին՝ նշելով, որ իր տեղն այսօր այնտեղ է։

Արցախ մեկնումից մինչև գերեվարում

  • 2022թ. նոյեմբեր – 2023թ. փետրվար` Վարդանյանը զբաղեցրել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը։
  • 2023թ. սեպտեմբերի 27՝ ադրբեջանական կողմը ձերբակալեց Վարդանյանին Հակարիի կամրջի անցակետում, երբ նա բռնի տեղահանված բնակչության հետ փորձում էր տեղափոխվել Հայաստան։

Հետհայացք

Դեռևս փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանն ավարտել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և գերեվարված մյուս հայերի դատավարությունը՝ հրապարակելով առավելագույն պատժաչափեր նախատեսող դատավճիռներ՝ ցմահ ազատազրկումից մինչև 15 տարվա բանտարկություն։

Միջազգային արձագանք

Ռուբեն Վարդանյանի և Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների գերեվարումը միջազգային հարթակներում որակվում է որպես մարդու իրավունքների կոպտագույն խախտում։

Բազմաթիվ հեղինակավոր կառույցներ և գործիչներ պահանջում են նրանց անհապաղ ազատ արձակումը՝ շեշտելով, որ Բաքվի դատարանները չեն կարող ապահովել արդար դատաքննություն։

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 17/02/2026