Իրավունք Քաղաքական

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը փետրվարի 6-ի նիստում բավարարել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների միջնորդությունը։

Դատարանը որոշել է վերացնել հոգևորականի նկատմամբ կիրառված կալանքը՝ որպես խափանման միջոց` սահմանելով տնային կալանքը և բացակայելու արգելքը։

Այս որոշումը կայացվել է հոգևորականի առողջական խնդիրների հիմքով: 2025 թ. դեկտեմբերի 26-ին «Իզմիրլյան» ԲԿ-ում ենթարկված վիրահատությունից հետո նրա վիճակը, ըստ պաշտպանների, անհամատեղելի էր անազատության հետ։

Ո՞րն է «մեղքը»

Միքայել Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ (ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Քրեական հետապնդման հիմքում 2024 և 2025 թվականներին տրված հարցազրույցներն են, որտեղ նա դատողություններ էր արել ռազմական հեղաշրջման անհրաժեշտության վերաբերյալ։ 2025 թ. հոկտեմբերի 3-ին առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել էր երկու տարվա ազատազրկման, սակայն վճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել։

Բողոքարկումներ և ՄԻԵԴ

Երկու կողմն էլ բողոքարկել են դատական ակտը։ Պաշտպանները պահանջում են արդարացում՝ պնդելով, որ հետապնդումը քաղաքական է, իսկ դատախազությունը միջնորդում է խստացնել պատիժը ևս վեց ամսով։

Հոգևորականի ներկայացուցիչները նաև հայց են ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ խախտվել են Աջապահյանի անձնական անձեռնմխելիության և արտահայտվելու ազատության իրավունքները։

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 07/02/2026