Փետրվարի 5-ին, Բաքվի ռազմական դատարանն ավարտեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և գերեվարված մյուս հայերի դատավարությունը։ Հրապարակված դատավճիռները ներառում են առավելագույն պատժաչափեր՝ ցմահ ազատազրկումից մինչև 15 տարվա բանտարկություն։
Ովքեր դատապարտվեցին ցմահ ազատազրկման
Դատարանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունը և ցմահ բանտարկության դատապարտել Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝
- Արայիկ Հարությունյանին (Արցախի 4-րդ նախագահ),
- Լևոն Մնացականյանին (ՊԲ նախկին հրամանատար),
- Դավիթ Իշխանյանին (ԱԺ վերջին նախագահ),
- Դավիթ Բաբայանին (նախկին արտգործնախարար և նախագահի խորհրդական),
- Դավիթ Մանուկյանին (ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ):
Տարիքային սահմանափակում և 20-ամյա պատժաչափեր
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Չնայած մեղադրանքները նախատեսում էին ցմահ պատժաչափ, Ադրբեջանի դատախազությունը նշում է, որ հաշվի է առել նրանց 65 տարեկան լինելու հանգամանքը և առաջնորդվել սեփական քրեական օրենսգրքի սահմանափակումներով։ Նույն հիմնավորմամբ 19 տարվա բանտարկության է դատապարտվել Մադաթ Բաբայանը։
Այլ դատավճիռներ
Գործով անցնող մյուս հայ գերիների նկատմամբ կիրառվել են հետևյալ պատժաչափերը.
- 19 տարի` Մելիքսեթ Փաշայան,
- 18 տարի` Գարիկ Մարտիրոսյան,
- 16 տարի` Դավիթ Ալավերդյան և Լևոն Բալայան,
- 15 տարի` Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյան և Գուրգեն Ստեփանյան։
Առանձին վարույթով շարունակվում է քննվել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը։
Մեղադրանքների «փաթեթը»
Ադրբեջանը 15 հայ գերիներին առաջադրել է ավելի քան երկու տասնյակ ծանր մեղադրանքներ, այդ թվում՝ ցեղասպանություն, ահաբեկչություն, ագրեսիվ պատերազմի վարում և իշխանության բռնի զավթում։ Ըստ իրավապաշտպանների՝ այս հոդվածների կիրառումը Արցախի օրինական ղեկավարության նկատմամբ կրում է բացառապես քաղաքական բնույթ։
Գերեվարման համատեքստը
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվում ապօրինի պահվում են 2023 թվականի սեպտեմբերից։ Նրանք գերեվարվել են Ադրբեջանի կողմից Արցախի 9 ամիս լիակատար օկուպացիայից, այնուհետև Արցախի բնակչության էթնիկ զտման գործողություններից հետո։ Հայաստանյան և միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ բազմիցս բարձրացրել են Բաքվում հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցը՝ դատական պրոցեսները որակելով որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում։
Ամփոփ Մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 05/02/2026









